«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Մեզ բաժին հասած թշնամին կռվում է անգամ զոհվածի հետ, գլխատելով արդեն մահացածին, կամ կտրելով հանգուցյալի ականջները, քանդելով գերեզմաններն ու հպարտանում իր այդ արաքով». Դադիվանքի վանահայր

29/11/2020

Դադիվանքի  հոգևոր հովիվ,  Քարվաճառի  շրջանի հոգևոր սպասավոր արժանապատիվ  Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն այս օրերին Երևանում է: Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, Տեր Հովհաննեսը մի քանի օր կանցկացնի այստեղ՝ Երևանում,   ծառայություն  կմատուցի Սուրբ Երրորդություն եկեղեցում, որից հետո կրկին կվերադառնա  Արցախ՝ Դադիվանքի վանական համալիրում շարունակելու իր հոգևոր ծառայությունը:

Դադիվանքում հոգևոր ծեսերն ու արարողությունները չեն ընդահտվել, վանական համալիրը հիմա էլ շարունակում է չընդհատվող  հոգևոր ծառայություն մատուցել  արցախցիների և այնտեղ շտապող հարյուրավոր ուխտավորների  համար: Այս  մասին «Փաստինֆո»-ի հետ զրուցում հայտնում է վանական համալիրի հոգևոր սպասավոր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ով ողջ պատերազմի ընթացքում ոչ մի օր չլքեց եկեղեցին, ոչ մի վայրկյան եկեղեցու  հոգևոր կյանքն ու գործունեությունը կանգ չառավ:

- Այսօր  կիրակի է և այսօր էլ Դադիվանքում Սուրբ Պատարագ է մատուցվել, անցյալ կիրակի ես էի այնտեղ, ինքս եմ պատարագ մատուցել: Հիմա ինձ հերթափոխել են, մի քիչ  առողջական խնդիրներ ունեմ: Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ես  հիմա Երևանում եմ, բայց մենք հերթափոխով ապահովում ենք Դադիվանքի եկեղեցու անխափան գործունեությունը: Կիրակի օրերին  այնտեղ  շատ ուխտավորներ են գալիս, այդպես է եղել և այդպես է շարունակվելու միշտ: Երկու շաբաթ անց ես կրկին կլինեմ Դադիվանքում և կրկին ինքս այնտեղ Սուրբ Պատարագ կմատուցեմ: Մենք եկեղեցին անտեր չենք թողնելու, Դադիվանքը միշտ գործելու է, մինչև մեր հողը վերջնականապես և ամբողջովին հետ կբերենք, որովհետև մենք այսպես ապրել չենք կարող և չենք էլ պատրաստվում:      

- Տեր Հայր, ինչպե՞ս է հիմա կազմակերպվում  հավատացյալների և ուխտավորների այցը վանական համալիր, երբ այն փաստացի գտնվում է թշնամու  վերահսկողության ներքո:

- Հավատացյալներն ու ուխտավորները ավտոբուսներով Ստեփանակերտից գալիս են մինչև Գետավան և Գետավանից   ռուս խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ  անվտանգ կերպով հասնում են  մինչև Դադիվանք, պատարագի են մասնակցում,  աղոթում են, երեկոյան վերադառնում իրենց տները: Այնտեղ հերթապահ քահաններ և սարկավագներ կան, ովքեր գիշեր ցերեկ հենց վանական համալիրում են մնում: Խաղաղապահ զորքը նույնպես վանքի մերձակայքում է մնում և  միասին պահում պահպանում են տարածքի ու վանքի  խաղաղությունն ու անդորրը:

- Իսկ ինչպե՞ս են  ապահովում այնտեղ ապրող  և հոգևոր ծառայություն անցկացնող հոգևորականների  անվտանգության հետ կապված հարցերը:

- Խաղաղապահներն են հոգ տանում եկեղեցում սպասավորություն կատարող հոգևոարականների, ինչպես նաև այնտեղ այցելող  հավատավոր ուխտավորների անվտանգության ապահովման համար: Ինչ վերաբերում է վանական համալիրի  անվտանգության հարցերին, ապա մենք գիտենք՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հաղորդել, որ Դադիվանքն ու Ամարասն անձամբ իր վերահսկողության տակ են՝ անկախ նրանից,  որ Դադիվանքն այսօր գտնվում է Քարվաճառի տարածքում, իսկ Քարվաճառը  խիստ ժամանակավորապես  ադրբեջանական իշխանությունների տիրապետման ներքո է: Այս հարցը պետք է լուծվի և ես վստահ եմ, որ այն արագ պետք է լուծվի: Ե´վ Քարվաճառը, և´ մնացյալ կորսված տարածքները մենք վերադարձնելու ենք, որովհետև  մենք այսպես ապրել չենք կարող:

- Տեր Հովհաննես, ինչպե՞ս լուծվեց վանքապատկան գույքի և այնտեղ գտնվող արժեքավոր և պատմական նշանակություն ունեցող  խաչակոթողների պահպանման  հարցը:

- Այո, այնտեղ կան չափազանց կարևոր և պատմական արժեքավոր նշանակության  խաչքարեր,  որոնք այնտեղ թողելու պարագայում վստահ չէինք կարող լինել, թե ինչ կկատարվի դրանց հետ: Մի որոշ ժամանակ մենք հետևում էինք քաղաքական զարգացումներին, հասկանալու համար՝ ինչպե՞ս պետք է վարվենք եկեղեցու գույքի և այնտեղ պահվող արժեքավոր կոթողների հետ: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ որոշվեց  արժեքավոր իրերն ու պատմական նշանակության խաչքարերը դուրս բերել վանական համալիրից և տեղափոխել Սբ. Էջմիածին: Այդպես էլ արվեց, բայց երբ հարցը կարգավորվեց, կրկին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ,  դրանք հետ վերադարձվեցին վանք, որովհետև հստակեցվեց, որ եկեղեցին գործելու է, կառույցի անվտանգությունն էլ  ապահավված է լինելու: Մենք գիտենք թշնամու ձեռագիրը և  վաղուց ականատես ենք եղել դրան, ինչպես օրինակ՝ նրանց կողմից Նախիջևանի խաչքարերի ջարդն էր: Արդեն տեսանք, թե ինչ արեցին նրանք վերջին օրերին՝  Շուշիում գտնվող Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կամ «Կանաչ ժամ»-ի հետ: Նրանք վանդալ են, և իրենց սարսափելի ձեռագիրն անմիջապես  ցույց տվեցին  նաև «Կանաչ ժամ»-ի վրա՝ ոչնչացնելով եկեղեցու գմբեթը: Տեսանք նաև, որ  պղծել են Սբ. Ղազանչեցոց վանքը, բացի նրանից,  որ պատերազմի թեժ օրերին երկու անգամ ռմբակոցեցին եկեղեցին: Մենք տեսնում ենք նաև, թե ինչպես են նրանք վերաբերում մեր զոհվածների և մահացածների հուշաքարերի հետ: Մեզ համար նորություն չէ, մենք գիտեինք, որ մեզ բաժին հասած  թշնամին նենգ է՝ նրանք կռիվ են տալիս նույնիսկ գերեզմանաքարերի հետ,  կռվում են անգամ զոհերի հետ, մահացած մարդու հետ են կռվում՝ գլխատելով մահացածին, կամ կտրելով հանգուցյալի  ականջները և մարմնի այլ մասեր և հպարտանում իրենց այդ արաքով: Ի՞նչ կարելի է ասել նման դեպքերում… Երևի ոչինչ ասել պետք չէ, պետք է գործել՝ արագ կերպով հետ վերադարձնելու համար մեր կորսված հայրենիքը և սրանով բացառել թուրքի վայրագ վարքը մեր հայրենքի ներսում:  


- Տեր Հովհաննես, կա մի հարց, որ չգիտեմ ինչպես տալ…

-  Ինչպես կարող եք ձևակերպել, այնպես էլ տվեք …

- Ուզում եմ ձեր զգացողությունների մասին իմանալ…

- Ես փորձում եմ այս ամենը տանել այնպես, ինչպես վայել է եկեղեցականին՝ համբերությամբ… Միայն համբերությամբ մենք պիտի տանենք մեր խաչը, որը թեև շատ ծանր է, բայց միևնույնն է՝ մերն է: Պետք է տանենք այնքան, մինչև տեսնենք ի՞նչ  է լինում, թեև վստահ եմ, որ այսպես չի մնալու, փոխվելու է այս իրավիճակն անպայման: Սա թշնամու հրահրած պատերազմի միայն սկիզբն է, և մեզ հիմա, ինչպես երբևէ, պետք է միաբան լինել՝ Աստծո սիրո մեջ մնալ: Հոգևոր առումով սա է հիմա ամենակարևորը: Այնինչ, ես տեսնում եմ, թե ինչպես է ներքին թշնամին  ժողովրդի մեջ տարածում պառակտման սերմը՝ արցախցի – հայաստանցի անթույլատրելի և խիստ վտանգավոր բաժանարարը գծելով, որը մեզ վերջնական պարտության կտանի: Մեր էրեխեքը գնացին ձեր հողերի համար կռվեցին կամ մեր էրեխեքը ձեզ համար զոհվեցին…Սա անընդունելի է, որովհետև սա պայքար է՝ հանուն միասնական հայրենիքի պահպանման: Այստեղ  մեր ու ձեր չի կարող լինել, այստեղ բոլորիս, բացարձակապես բոլորիս և մեր հայրենիքի գոյության հարցն է դրված: Այդպես կարող է խոսել միայն այն մարդը, ով չգիտի կամ չի գիտակցում հողի և հայրենքի  արժեքը: Սա Հայաստանն է, ի՞նչ է՝ պառակտման վտանգավոր սե՞րմն եք գցում այս օրհասական օրերին: Իսկ ո՞ւր է տանելու դա՝ միայն վերջանական կործանման և արդյո՞ք հենց սա չէ՞ մեր դարավոր թշնամու իղձը…Մտածենք  այս մասին և հետություններ անենք, քանի դեռ շատ ուշ չէ…

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո