«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելի ռազմական «հաղթանակներն» ու ՀԱՄԱՍ-ի լարած «թակարդը». Վահան Վարդանյան

21/11/2023

Իսայելա-պաղեստինյան պատերազմը վերջին շրջանում թվացյալ լճացման մեջ է։ Գազայի հյուսիսային հատվածը շրջափակելով, Իսրայելի բանակը չի շտապում լայնամասշտաբ ներխուժում կազմակերպել, այլ սհմանափակվում է զորքերի դանդաղ առաջխաղացումներով և քաղաքային ենթակառուցվածքները ոչնչացնելով։ Այս մարտավարությունը միանգամայն հասկանալի է, քանի որ քաղաքային տարածքում թեկուզ քանակով ավելի քիչ և վատ զինված հակառակորդի դեմ ռազմական գործողությունները կարող են հսկայական կորուստների պատճառ դառնալ։

Առհասարակ, ինչպես արդեն առիթ է եղել ասելու, ՀԱՄԱՍ-ը թեև ռազմական գործողությունների հստակ պլանավորմանն ու իր ստորաբաժանումների երկարատև նախապատրաստմանը՝ առանց արտաքին աջակցության ռազմական հաղթանակի չէր կարող հասնել։ Իհարկե Լիբանանում գործող Հզբոլահը, Եմենում գործող հուսիտները, Իրաքում և Սիրիայում գործող որոշ ռազմական խմբավորումներ խիստ սահմանափակ ներգրավվածություն ունեցան այս պատերազմին, բայց ՀԱՄԱՍ-ի հաղթանակի համար դա իհարկե բավարար չէ։ Հաշվի առնենք նաև այն փաստը, որ վերոնշյալ բոլոր խմբավորումները դասվում են իրանամետ կազմավորումների շարքին, ըստ այդմ բոլոր գործողությունները համակարգվում են հենց Իրանի կողմից։ Փորձենք հասկանալ, թե ի՞նչ խնդիր էր լուծում ՀԱՄԱՍ-ը՝ հոկտեմբերի 7-ին ձեռնարկած ռազմական գործողություններով։

Այս հարցի վերաբերյալ դեռևս հոկտեմբերի 7-ին հետաքրքիր վերլուծություն է իրականացրել ամերիկյան Ռազմական հետազոտությունների կենտրոնը (CSIS)։ Ըստ էության «Իսրայելը կարող է պարտվել» վերնագրով հրապարակման էությունը կայանում է նրանում, որ ռազմի դաշտում հաղթելով, Իսրայելը կարող է ավելի կարևոր ոլորտում պարտություն կրել։ Ըստ հոդվածի՝ Իսրայելը փորձում է հնարավորինս արագ ոչնչացնել որքան հնարավոր է շատ ՀԱՄԱՍ-ի զինյալների, որպեսզի հաղթանակի հասնի, իսկ մնացած հարցերը պարզի հետո։ Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ի խնդիրն է հնարավորինս պահպանել փակուղային իրավիճակը։ Իսրայելի ուժը թույլ է տալիս նրան սպանել Պաղեստինի խաղաղ բնակիչներին, ոչնչացնել Պաղեստինի ենթակառուցվածքներն ու հաշվի չառնել միջազգային հանրության կողմից զսպման կոչերը։ Այս Ամենը նպաստում է ՀԱՄԱՍ-ի ռազմական նպատակների իրականացմանը։ ՀԱՄԱՍ-ի վերջնանպատակը կայանում է նրանում, որպեսզի հեռացնի Իսրայելին վերջինիս միջազգային գործընկերներից և ամբողջությամբ մեկուսացնի նրան։

Մի խոսքով, ԱՄՆ-ի իշխանական մարմինների հետ կապված հանրահայտ ուղեղային կենտրոնի մասնագետները հասկացնում են, որ Իսրայելի ռազմական հաջողությունները, կարող են վերածվել միջազգային հարթակում ծանր պարտության։ Եթե ուշադիր հետևենք պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ միջազգային զարգացումներին, ապա կարող ենք արձանագրել, որ հատկապես իսլամական աշխարհում Իսրայելի դեմ կտրուկ բացասական դիրքորոշում է ձևավորվում, թեև վերջին տարիներին Իսրայելի հետ հարաբերություններում դրական զարգացումների միտում կար։

Ըստ էության ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին սկսած ռազմական գործողությունները իրականացրեց հնարավորինս դաժան մեթոդներով, նաև իր զինյալներին թույլ տալով իրագործած վայրագությունները հրապարակել համացանցում։ Դրանով ՀԱՄԱՍ-ը փաստացի սադրեց Իսրայելին իրականացնել նույնպիսի վայրագություններ, բայց ավելի մեծ մասշտաբներով։ Գնալով այդ ամենին Իսրայելը փաստացի ընկավ ՀԱՄԱՍ-ի ստեղծած թակարդը՝ ներգրավելով մի հակամարտության մեջ, որից այլևս չի կարող դուրս գալ։ Ամենայն հավանականությամբ Իրանի և իրանամետ ուժերի պասիվությունը այս փուլում հենց սրանով է պայմանավորված, նրանք թույլ են տալիս Իսրայելին օգտագործելու վերջինիս ամբողջ ներուժը՝ Գազայի ոչնչացման համար և սրանով դիվանագիտական դաշտում պարարտ հող են նախապատրաստում Իսրայելի տոտալ մեկուսացման համար։

Իսրայելում ու Պաղեստինում սկսված ռազմական գործողությունները ձեռնտու են ոչ միայն Իրանին ու իր արբանյակներին այլև ավելի մեծ խաղացողներին՝ մասնավորապես Ռուսաստանին ու Չինաստանին։ Ռուսաստանի համար խնդիրը բացառապես ռազմական է, քանի որ ինչպես գիտենք Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների մեկնարկով Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հատկացվող ռազմական աջակցությունը կրճատման միտումներ է դրսևորում, ինչը Ռուսաստանին ավելի համարձակ գործելու հնարավորություն է տալիս։ Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա նրա շահը ավելի շատ տնտեսական է։ Բանն այն է, որ Իսրայելի Հայֆա նավահանգստով պետք է անցներ վերջերս G20-ի գագաթաժողովում հրապարակված Հնդկաստանի ռազմավարական նշանակության առևտրատնտեսական ճանապահը (այն շրջանցելու էր նաև Իրանն ու Թուրքիան)։ Այն արևմտյան շուկայի համար լուրջ այլընտրանք պետք է ստեղծեր չինական ապրանքների նկատմամբ, իսկ հիմա ռազմական գործողությունների և ռմբակոծությունների պարագայում ճանապարհի նախագիծն առնվազն երկար ժամանակով սառեցվելու է, իսկ իրադարձությունների վատագույն սցենարի դեպքում Իսրայելից վերջնականապես կհրաժարվեն, որպես տարանցիկ երկիր։

Ամեն դեպքում ռազմական գործողությունները Պաղեստինում դեռ երկար կշարունակվեն, իսկ թե պատերազմի հետագա փուլերում իրանամետ և արևմտյան ուժերի ներգրավվածությունը ինչ մակարդակի կհասնի, միայն ժամանակը ցույց կտա։

Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող