«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչու է ճշմարտությունն այդքան դառն. Աշոտ Ներսիսյան

23/12/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.
Արցախի հանրապետության մի քանի օրյա նախագահ Շահրամայանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է պետական մարմինների ղեկավարների հետ, հանձնարարություններ է տվել և ապա անդրադառնալով Արցախի հանձնման սեպտեմբերի 26-ի հրամանագրին՝ ընդգծել է, «որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները»:

Հրաշալի նորություն: Չգիտենք ինչպիսի մութ պայմանավորվածությունների արդյունքում քանդում են Արցախի հանրապետությունը, համենայն դեպս այն, ինչ որ մնացել էր նրանից, ժողովրդին հաշված օրերի ընթացքում տնաքանդ են անում, թշնամուն են հանձնում մեկ միլիարդ դոլարից ավելի արժողությամբ զենք ու զինամթերք ու հիմա հայտարարում են, որ Արցախի պետական ինստիտուտները չեն լուծարվել: Այսինքն դառնում են վտարանդի կառավարություն, որի օրինակներից մենք ունենք: Վաղուց Հայաստանում գոյություն ունի Արևմտյան Հայաստանի կառավարություն, նույնի նախագահ, որը շուտով հետ կբերի Արևմտյան Հայաստանը: ժամանակին Պողոս Նուբար փաշան Փարիզում նստած իրեն համարում էր Արևմտյան Հայաստանի ղեկավարը և երբ 1919թ. մայիսին Երևանում ընդունվեց «Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի» մասին ակտը, նա դա համարեց անեքսիա ՀՀ կողմից և պահանջեց չեղարկել այն: Լինելով Ազգային պատվիրակության ղեկավարը` ստիպեց իր հետևից գնալ ՀՀ պատվիրակության ղեկավար Ա. Ահարոնյանին, Փարիզի վեհաժողովում առաջնորդվելով մաքսիմալիզմով և պահանջելով վեց վիլայեթները և չորս սանջակ Կիլիկիայում: Արդյունքում ոչ մեկը չվերցրեց մեր մանդատը, Սևրի պայմանագիրը կնքվեց, երբ պատմության անիվը վերստին սկսեց պտտվել հօգուտ Թուրքիայի, իսկ վիլսոնյան սահմանները գծվեցին, երբ թուրքերը նստած էին Ալեքսանդրապոլում, իսկ կարմիր հագած ռուսները Ղազախից մտնում էին Քարվանսարա: Թե ինչ տեղի ունեցավ հետո, հայտնի է: Ինչի ենք այս ամենը գրում: Նրա համար, որ մի ավելորդ անգամ ցույց տանք, թե ռոմանտիզմի ինչպիսի սահմաններում է սավառնել հայ ցնորաշատ քաղաքական միտքը: Պարտված և ամոթահար Պողոս Նուբարը Լոզան չգնած, ուր մեծ տերությունները թաղեցին Հայկական հարցը: Հիմա Արցախը վերջնականապես քանդածները վտարանդի կառավարություն են պահում: Թող պահեն, խնդիր չկա, թող հունվարի 1-ին դե յուրե չվերացնեն այն, բայց ինչը կփոխվի: ՀՀ իշխանությունները վաղուց են հայտարարել, որ իրենք ձերբազատվել են Արցախի խնդրից, արցախցիների հարցը նրանց համար հիմա սոցիալական է: Մեծ տերությունները և հիմնականում Արևմուտքը վաղուց էին երազում այդ խնդիրը փակել և այդ երազները փայլուն կերպով ի կատար ածվեցին: Միգուցե ռուսներն ուզենան արցախահայոց վերադարձը, որպես այնտեղից չհեռանալու հիմք, բայց նրանք հիմա չեն նեղացնի Ադրբեջանի նախագահին, որը դեմ չէ հայոց վերադարձին, եթե ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, և ՀՀ-ն էլ թույլ տա, որ այստեղ վերադառնան ադրբեջանցիներ: Ճիշտ է, մեր կողմն էլ կարող է պահանջ դնել Շահումյան, Գանձակ և այլուր վերադառնալու, որը մեր իշխանությունները չեն ուզում, քանի որ խաղաղություն են ուզում: Արցախցիների վերադարձը փակուղում է: Նրանք կարող են վերադառնալ, եթե ստանան անվտանգության ռեալ երաշխիքներ, որոնց մասին հիմա վաղ է խոսել: Արցախի դե ֆակտո պետությունը չկա, ժողովուրդն այն լքել է, հիմա վտարանդի կառավարությունը դե ֆակտո և դե յուրե գոյություն չունեցող քաղաքական միավորի Հայաստանում ապաստանած առաջնորդն է: Պատմական նպաստավոր պահերը կորցնելուց հետո ցանցով նորից մոծակ ենք բռնում կամ սայլով նապաստակ: Ինչ որ է: Ամեն ինչ հրաշալի է ընթանում: Հայտարարությունը պետք էր միգուցե` երևույթները փրկելու համար: Սպասենք, թե ինչպես և երբ ենք վերակերտելու Արցախի հանրապետությունն` իր միատարր հայ բնակչությամբ:
Ինչու է ճշմարտությունն այդքան դառն: Ինչու չենք ուզում այն տեսնել բաց աչքով: