«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ Պաշտպանության նախարարի Իրան այցի առիթով. Աշոտ Ներսիսյան

08/03/2024

ՀՀ պաշտպանության նախարարի այցը հարևան Իրան վերջին օրերի իրադարձությունների մեջ ամենադրվատելի քայլն էր: Մնում է միայն համոզված լինել, որ դա պայմանավորված էր այն պետական գիտակցությամբ, որ տարածաշրջանային խնդիրները մենք կարող ենք լուծել մեր հարևանների հետ և ոչ թե Արևմուտքում, որից ոչ մի շոշափելի օգնություն դեռևս չենք ստացել, չհաշված ֆրանսիական բաստիոններն ու ռադարները: Իրանի զգուշացումները և ակնարկները մեր կողմին` Արևմուտքին այստեղ չբերելու ցանկությամբ պայմանավորված, կարող են նրա կողմից հանդես բերել կոշտ մոտեցումների, ընդհուպ մինչև նրան, որ ռուսներին այստեղից քշելու մեր ջանքերի հնարավորության դեպքում, որին բնավ չենք հավատում, Իրանը մեզնից կկտրի Սյունիքը: Չմոռանանք նաև, որ Իրանը կարող է դառնալ զենքի մեզ մատակարար, որին ցավալի չի վերաբերվի Ռուսաստանը, իսկ նրան հունից հանելը նույնիսկ կարող է արգելք հանդիսանալ Հնդկաստանից զենք մատակարարելուն, որը բերվում է նրա տարածքով: Իսկ երբ խոսվում է մոդայիկ դարձած մի քաղաքականության` դիվերսիֆիկացիայի մասին, ապա զենքի մատուցման առումով առայժմ տրվում է Հնդկաստանի անունը: Մյուսը Ֆրանսիան է, որի զենքերը պետք է գան Փոթի, ուր արդեն կա մյուս դժվարություն ստեղծողը` Վրաստանը: Իսկ մենք արտադրում ենք մեր զենքի ընդամենը 35 %-ը: Ահա, թե ինչով է նաև կարևորվում Իրանի դերը, որը ցանկացած պահի, կարող է Ադրբեջանի ձգտումները չեզոքացնել, ոչ թե հօգուտ մեր ինքնիշխանության պահպանման, այլ` Արևմուտքից վտանգի չեզոքացման և իր տնտեսական շահերի: Արևմուտքն ինքն է հայտարարում, որ մեր համար չի կռվի, արդեն չի ուզում կռվել Ուկրաինայի համար: Հիմա մենք ինչի՞ց ենք վախենումլ որ մեզ կնեղի՞ Արևմուտքը: Բայց նա չի կարող մեր տնտեսական անվտանգության երաշխավորը լինել, եթե ի հակակշիռ հակառուսական քայլերի, ռուսները մեր դեմ սկսեն տնտեսական պատժամիջոցները կիրառել: Մենք այսքանը լավ պետք է հասկանանք: Բայց, ցավոք, մեր հարևաններից փորձում ենք լավ հարաբերություններ ստեղծել դեռևս միայն Թուրքիայի հետ, որի ազդեցության մեր տարածաշրջանում ուժեղացմանն իր համաձայնությունը տվել է Արևմուտքը: Իսկ Ադրբեջանը, որից խաղաղության պայմանագիր ենք անրջում, օրեցօր ավելի է խստացնում իր պահանջները, հայտարարելով, որ երբեք դուրս չի գալու մեր տարածքներից: Մեր սիրտը մղկտում է կորցրած Ղարաբաղի, հնարավոր նոր կորուստների համար: Իսկ <<քաղաքագետների>> ստվար մի «նվագախումբ» երգում է արդեն հոգնեցուցիչ երգերն Արևմուտքի մասին և շատ ավելի հնչեղ ու զրնգուն դրա այն երկրի, որի հայտարարությունները հալեցնում են մեր զգայուն հոգիները, իսկ երգերի խրոխտության աստիճանն ուղիղ համեմատական է որոշ գրպաններ դրամական ներհոսքի չափերին:

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի  ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյան