«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԵՐ ԿԱՏԱՐԱԾ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԱՐԳԱՑՐԱԾ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ. ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

10/07/2021

ԱՀ համար աշնանային պատերազմի և նրան հաջորդած ներքաղաքական  և արտաքին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ մենք հանդես ենք եկել բազմաթիվ վերլուծություններով: Չենք ուզում մարգարեանալ, բայց դրանցում մեր կատարած եզրակացությունները մեծամասամբ իրականացան: Դրանք ցանկանում ենք ներկայացնել արդեն ամփոփ, հայեցակարգերի տեսքով:

Ա. Արցախյան հիմնախնդրի նկատմամբ արտաքին քաղաքական դիրքորոշումների հետ կապված.

  1. Պատերազմը սկսվել է Ռուսաստան – Թուրքիա - Ադրբեջան գաղտնի համաձայնությամբ, որոնք փաստորեն բաժանեցին տարածաշրջանը նոր ազդեցությունների գոտիների: Ադրբեջանը ԱՀ գրավյալ տարածքների հետ միասին դարձավ Թուրքիայի ազդեցության գոտի, Իսկ Հայաստանը ԱՀ մնացյալ մասով՝ Ռուսաստանի: Եթե վերջինիս ազդեցությունը լրիվ թոթափված չէր, ապա հիմա դարձավ լիարժեք և օրէցօր դեպի ամրապնդման գնացող:
  2. Այս իրադարձությունների սկզբնավորմանը եթե Արևմուտքը և ԱՄՆ –ը տեղյակ էլ չէին, ապա լռելայն տվեցին իրենց համաձայնությունը: Նրանց հայտարարությունները երբեք չդատապարտեցին հարձակվող կողմին, հնչեցին կրակը դադարեցնելու կոչեր, իսկ Ֆրանսիայի և ԱՄՆ –ի զինադադար հաստատելու միջամտությունները դույզն իսկ ազդեցություն չունեցան պատերազմի ավարտի առումով:
  3. Մեր հարևան և բարեկամ Իրանը վարեց շատ զուսպ և հավասարակշռված քաղաքականություն և միայն հետամուտ եղավ իր սահմանները անսասան պահելու ցանկություններին և դա դիվանագիտության մեջ նորմալ է:
  4. Փաստորեն բոլորը կողմ էին, որ այս թնջուկը լուծվի, որովհետև հոգնել էին անարդյունք բանակցություններից: Կողմ էին նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը:
  5. Պատերազմը կարող էր կանգնեցնել միայն Ռուսատանը՝ Թուրքիայի հետ համաձայնեցված, և նա դա արեց այն պահին, որը պայմանավորված էր: Սա նշանակում է, որ ներառյալ Շուշիի հանձնումը ամեն ինչ պլանավորված էր:
  6. ԱՀ - ն փաստորեն դարձավ Ռուսաստանի պրոտեկտորատ, որը թերևս ստեղծված իրավիճակում արցախցիների համար ամենաընդունելի տարբերակն է, քանի որ կորցրածը բերելու այլ տարբերակ չկա: Մինսկի խմբով բանակցությունները չեն հանգեցնի ԱՀ այնպիսի կարգավիճակի, որը կբերի նրա անկախության: Դա չի ուզենա ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան և ոչ էլ Ադրբեջանը: Եթե աշխարն էլ ճանաչի ԱՀ անկախությունը, ոչինչ չի փոխվի, ինչպես չի ճանաչում Թուրքիան ցեղասպանությունը, չնայած, որ այն ճանաչել են բազում երկրներ:
  7. Արցախի գերխնդիրն է շատացնել այնտեղ հայ ազգաբնակչությունը, քանի դեռ նրա անվտանգության երաշխիքը Ռուսաստանն է:

Բ.  ՀՀ ներքաղաքական իրադարձությունների հետ կապված.

  1. ՀՀ արտաքին քաղաքականությունը, որի գլխավոր կռվաններն էին ցեղասպանության միջազգային ճանաչումը և ԱՀ խնդրի լուծումը, արդյունավետ չի եղել: Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ ոչինչ չի տվել գործնականում:
  2. ԱՀ հարցի դիվանագիտական լուծումը, որը կարող էր արդյունավետ ավարտ ունենալ Լ. Տեր–Պետրոսյանի վարած արտաքին քաղաքականության արդյունքում, որի հիմքում ընկած էր պատվավոր փոխզիջումը, քանի որ մենք հաղթող կողմ լինելով կարող էին նաև պարտադրել, աստիճանաբար Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցություններում Ադրբեջանի համար արդեն դարձավ անընդունելի, քանի որ նա տնտեսապես և ռազմականապես գնալով ուժեղանում էր, իսկ ՀՀ – ն թուլանում, չնայած հայ ժողովրդին այն համոզմունքի ամենօրյա  ներշնչմանը, որ մեր բանակը տարածաշրջանի ամենահզոր բանակն էր:
  3. Երկրորդ և երրորդ նախագահները նույնպես բանակցել են փոխզիջումերի սկզբունքով, բայց համաձայն իրենց խոստովանությունների, Ադրբեջանը գնալով ավելի է կոշտացրել դիրքորոշումը: Ավելին, 2016թ. ապրիլյան պատերազմը, որին զոհ գնաց հարյուր կամ ավելի զինվոր, արդեն վկայում էր այն մասին, որ Ադրբեջանը խոսելու է պատերազմի լեզվով: Սա նշանակում էր առավել շատ զիջումներ, որի չցանկանալու դեպքում առավել լայն թափով մեր կողմից պատերազմի նախապատրաստություն, որը տեղի չունեցավ: Մեր բանակը փաստորեն հիմնված էր մի մատաղ, դժբախտ սերնդի և ազգանվեր ու ռազմագետ, բայց, ցավոք, քիչ թվականակով սպայակազմի վրա:
  4. Ներկա իշխանությունների կողմից կար հակասական մոտեցում ԱՀ շուրջ տարվող բանակցությունների առումով, որը մեզանից դարձյալ հօգուտ Ադրբեջանի բավական ժամանակ տարավ:
  5. Արդյունքում հանձնեցինք ավելին, որից գոնե Շուշին և Հադրութը պահելով, կարող էինք խուսափել զոհերից և խեղված ճակատագրերից, որոնց թիվը հասավ հազարների:
  6. Նոյեմբերյան համաձայնագրից հետո ստեղծված շարժումը դատապարտված էր անհաջողութայն, որովհետև ընդդիմադիր ուժերը չունեին դրսից և մասնավորապես Ռուսաստանից հովանավորություն և հայության ստվար զանգվածների աջակցություն հասկանալի պատճառներով:
  7. Արդյունքում, ոչ առանց արտաքին համաձայնության հայտարարվեց արտահերթ ընտրությունների մասին, որի նպատակը միայն ու միայն իշխանության հասած ուժի վերստին լեգիտիմացումն էր: Համաձայն մեր կանխատեսման հենց առաջին փուլում էլ հաղթեց իշխող ուժը:
  8. Թերևս այս մասին տեղյակ էին նաև ընտրություններին մասնակցած գլխավոր ուժերը կամ էլ նրանք այնքան միամիտ էին, որ կարծում էին, թե հնարավոր է քվեաթերթիկով վերցնել իշխանությունը: Բայց այդ մասին մտածել,նշանակում է ընկնել պատրանքների գիրկը: Հակառակ դեպքում նրանք չէին մերժի առաջին նախագահի առաջարկը:
  9. ՀՀ նախագահը ամբողջ այս ընթացքում որդեգրեց հակասական և խուսանավելու կեցվածք, մեկ պահանջելով վարչապետի հրաժարականը, մեկ համերաշխության կոչ անելով դիվանագիտական նրբություններով կամ ուղղակի հաստատելով վարչապետի բոլոր որոշումները: Կաթողիկոսը նույնպես նետվեց քաղաքականության գիրկը և կոչ արեց ազգը փրկել «դավաճանից»: Եկեղեցին լինելով ապաքաղքական կառույց մտավ քաղաքականություն՝տնտեսական շարժառիթներով:
  10. Երրորդ նախագահը գնաց դաշինքի ոչ թե երկրորդի հետ, այլ այն անձի, որն «ասֆալտին էր փռել»  իր մերձավոր ազգականներին, իսկ մեկը փախուստի էր դիմել, որն ինքնին խոսուն է, քանզի նա լավ գիտի նաև նրա քաղաքական կշիռը: Նա փաստորեն դեմ էր երկրորդ նախագահի հաղթելուն:
  11. Բոլորը ընդդիմադիրները  երկրորդ և երրորդ նախագահը, ԲՀԿ նախագահը Փաշինյանին որակավորեցին ամենավերջին, մեր ազգի միջազգային համբավը վարկաբեկող և մեր քաղաքական կուլտուրայի մակարդակի ցածր լինելն ապացուցող արտահայտություններով, ԲՀԿ նախագահը նույնիսկ գողական և քաղաքագիտական կատեգորիաների մեջ չտեղավորվող «քֆուր» դրեց, հայտարարեց, որ դավաճանը կամ պարտվածը պետք է հեռանա, բայց արդեն հանդիպում է նրա հետ: Համերաշխ գործելը միշտ էլ ողջունելի է, բայց այդ դեպքում  ինչ էր նշանակում ժողովրդին վեց ամսից ավելի լարված իրավիճակում պահելը, հասարակության մեջ ատելություն և թշնամանք սերմանելը:
  12. Վերջին արարը ՍԴ դիմելն էր: Բայց սա ևս անարդյունք է լինելու դիմող կողմերի ակնկալիքների տեսանկյունից:  

Եվ վերջապես, այն տպավորությունը կա, որ գրվել է մի սցենար, որի կյանքի կոչելու համար դերակատարները ընտրված են եղել...

Վերջին ընդհանրացում. Մինչև ԽՍՀՄ փլուզումն ունեինք Խորհրդային Հայաստան, որի մեջ չէր մտնում Արցախը, այժմ ունենք ՀՀ երրորդ Հանրապետություն, որի մեջ դարձյալ չի մտնում այն:Նրա ճակատագիրն անորոշ է: Շահել ենք արդյոք, թե՞ կորցրել: Թող ամեն մեկն անաչառորեն իր համար դատի: