«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց ժողովրդի մի ձայնի չենք կպնի. վարչապետ

28/12/2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում անդրադարձել է ընդդիմության հայտարարություններին, թե իշխանությունները կկեղծեն արտահերթ ընտրությունները, քանի որ եթե 2018 թ. կեղծիքի դիմելու մոտիվացիա չեն ունեցել, ապա հիմա ամեն ինչ կանեն դրա համար:

«Այդ էյֆորիայի պայմաններում մենք պարտվել ենք, մեր քաղաքական թիմը պարտվել է Կապանի քաղաքապետի ընտրություններում, մենք պարտվել ենք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, էլի այլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտվել ենք, այսինքն՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանը, այսինքն՝ երկու և էլի ուրիշ առանցքային քաղաքներում մեր կառավարման օրոք և էյֆորիայի պայմաններում ձեր նշած՝ մենք պարտվել ենք ընտրությունները: Որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ մեր կառավարման ժամանակ թեկուզ մի քվեաթերթիկի կեղծիք տեղի է ունեցել: Ես դեռևս Սահմանադրական հանրաքվեն երբ նախատեսված էր, որ տեղի չունեցավ կորոնավիրուսի պայմաններում, գուցե կոպիտ, բայց շատ դիպուկ անդրադարձել եմ այդ թեմային, ես ասել եմ՝ ես, մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց ժողովրդի մի ձայնի չենք կպնի, որովհետև դա մեր քաղաքական ինքնությունն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև ընդգծել է․

«Ի վերջո, տեսեք՝ ինչ է այսօր տեղի ունենում, մեզ ասում են, արձագանքում են, ասում են՝ ի պատասխան մեր առաջարկի ասում են՝ մենք ձեզ հետ խոսելու բան չունենք, մենք չենք առաջարկում ձեզ հետ խոսել, առաջարկում ենք ժողովրդի հետ խոսել: ժողովրդի հետ խոսելու բան ունե՞ք, թե՞ չունեք: Եվ, ի վերջո, ի՞նչ ենք արձանագրում, արձանագրում ենք, որ տեսեք՝ այս ընթացքում ընդիմությունն ունեցել է բոլոր հնարավորություններն իր վարչապետի հրաժարականի պահանջի շուրջ ժողովրդական զանգվածների գեներացիա ապահովել: 

էլի եմ ասում՝ նրանք ունեցել են և ունեն լրատվական հսկայական ռեսուրսներ, ինչպիսին չունի կառավարութունը, նրանք ունեն ֆինանսական հսկայական ռեսուրսներ, ինչպիսին չունի կառավարությունը, նրանք ունեն կազմակերպչական հսկայական ռեսուրսներ: Օրինակներ գիտենք հրապարակային, երբ մարդկանց ասել են՝ հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես: Բայց ակնհայտ է, որ այդ պահանջը հրապարակում առնվազն չի արժանացել և չի արժանանալու ժողովրդական աջակցության:

Բայց մենք մեզ համար ասում ենք, որ մեզ համար էլ է կարևոր, որ մենք գնանք ժողովրդի առաջ կանգնենք և մեր ասելիքն ասենք: Եվ եկեք բոլորով գնանք, այսինքն՝ ոչ թե պետական հեղաշրջման սցենարներ մտմտանք, ներքին բախումների սցենարներ մտմտանք, այլ գնանք, ժողովրդին տանք այս իրավիճակը հանգուցալուծելու հնարավորությունը:

Իրենք ասում են վարչապետի հեռացում, փոփոխություն, մենք ասում ենք շատ լավ, եթե ժողովուրդը որոշի, որ պետք է վարչապետը փոխվի, ուրեն վարչապետը կփոխվի: Եթե ժողովուրդը կորոշի, որ վարչապետը չպետք է փոխվի, ուրեմն չի փոխվի: Ի՞նչն ենք մենք սխալ ասում այստեղ, այն, որ կկեղծվեն ընտրությունները, էլի եմ ասում, Կապանի և Աբովյանի օրինակը, ինչի՞ մենք չէինք գիտակցում հենց թեկուզ այսօրվա պայմաններում այդ քաղաքների սկզբունքային նշանակությունը: Շատ լավ, հավելյա՞լ մեխանիզմներ են պետք ընտրություների արդարությունն ապահովելու համար, եկեք նայենք՝ ինչ մեխանիզմներ են անհրաժեշտ, պե՞տք է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անել, շատ լավ, եկեք տեսնենք, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ անել Ընտրական օրենսգրքում և այլն և այդպես շարունակ»,- ասել է նա: 

 

 

Հեղինակ`Արման Գալոյան, 1Lurer.am