«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը դուրս է գալու Հայաստանից ոչ թե մեր պահանջով, այլ սեփական խնդիրների ծանրության տակ

14/08/2021

Lragir.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը 

Երեկ Կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ադրբեջանի սադրիչ գործողությունների հասցեական դատապարտման անհրաժեշտությանը, հայտարարել է, որ նման մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը պիտի իրականացնի ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը: Որքանո՞վ է անկեղծ Նիկոլ Փաշինյանն իր գնահատականներում, որքանով նա կարող է մերժել ՀԱՊԿ-ին և ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելությանը:

Խոսելով ՀԱՊԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկընտրանքի մասին, վարչապետը և մենք բոլորս, քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, պետք է նկատի ունենանք շատ ավելի կարևոր հարցը. դա  Հայաստանի քաղաքակրթական ընտրությունն է Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Ես ներկայացնում եմ այն մարդկանց խումբը, որոնք համարում են, որ թեև շատ դանդաղ և վերապահումներով, բայց Փաշինյանը հիմնականում փորձում է կատարել այդ անցումը 200-ամյա ռուսական լծից դուրս բերելով Հայաստանը և տանելով դեպի ազատ աշխարհ ու քաղաքակրթություն: Ես գիտեմ, որ շատ շատերը ինչպես մեր կուսակցության, այնպես էլ հասարակության մեջ կասկածում են, որ նա կարող է դա անել կամ ընդհանրապես ցանկանում է դա անել: Ես ելնելում եմ նրանից, որ մենք այս հարցում դեռևս կարող ենք օգնել կառավարությանը այդ ընտրությունը կատարելու ծանր, բայց անհրաժեշտ առաքելության հարցում: Ուստի ես ձեր հարցին կպատասխանեի հենց այդպես: Եթե մենք անենք այդ ընտրությունը, Փաշինյանն անի այդ ընտրությունը, դա լինելու է Արևմուտք, թե Ռուսաստան քաղաքակրթական ընտրություն:

Բայց այս  իշխանությունը ցույց չի՞ տվել իր անվերապահ նվիրումն ու աջակցությունը Ռուսաստանին:

Ես գիտեմ, որ կա այդ կարծիքը և անընդհատ առնչվում եմ այդ քննադատությանը, նաև մեր կուսակցության, ինչպես նաև հասարակության ստվար զանգվածի այդ կարծիքին: Բայց ես դեռևս կարծում եմ, որ Փաշինյանը ոչ հետևողական, ոչ այնքան արագ, որքան մեզ թվում է անհրաժեշտ, բայց շարժվում է ճիշտ ուղղությամբ, այսինքնՀԱՊԿ-ից դուրս, ԵԱՏՄ-ից դեպի Արևմուտք, դեպի ԵՄ և ՆԱՏՕ: Պարզապես նրա քաղաքականությունը շատ զգուշավոր է: Մենք մեր հիմնական քաղաքական առաքելությունը տեսնում ենք նրանում, որ հրենք կառավարությանը, քաղաքական դաշտը այդ ուղղությամբ: Մեզ համար դա նպատակ է, միջոց չէ, մեզ համար դա սկզբունքային հարց է:

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Շոյգուի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ մեր անվտանգությունը երաշխավորել և երաշխավորում է Ռուսաստանը: Արդյոք սա հույս է տալիս, որ մենք կարող ենք իսկապես ՀԱՊԿ-ից դուրս գալու քայլեր տեսնել այս իշխանության կողմից:

Մենք այս խոսքերին, իհարկե, ավելի քիչ ուշադրություն ենք դարձնում: Այո, այդ խոսքերը չեն կարող մեզ բավարարել, այդ պատճառով ի պատասխան այդ դիրքորոշման ընդունում ենք մեր հայտարարությունները: Քաղաքականությունը առաջին հերթին գործողություն է, իսկ գործողություններում մենք տեսնում ենք, որ 9 ամիս շարունակ Մոսկվան չի կարողանում Հայաստանից կորզել այդ ստորագրությունը, որը կլեգիտիմացներ, կգործնականացներ ռուս-թուրքական դաշինքի գլխավոր նպատակը ոչ միայն Արցախում, այլ նաև Սյունիքում: Մենք տեսնում ենք քայլեր հիմնականում Արևմուտքի կողմից, տեսնում ենք, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն և ֆինանսական, և քաղաքական, և դիվանագիտական հսկայական օժանդակություն են ցուցաբերում մեզ: Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ դեսպանը օրեր, շաբաթներ է անցկացնում Սյունիքում, մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն աննախադեպ ակտիվություն է հանդես բերում այդ ուղղությամբ: Մենք հասկանում ենք, որ դա մեր գեղեցիկ աչքերի համար չի արվում: Արևմուտքին Հայաստանը պետք է որպես բաց դուռ դեպի Իրան, դեպի Միջին Արևելք: Մեր շահերն այստեղ բացարձակապես համընկնում են: Եթե մենք վարենք ճշգրիտ, զուսպ քաղաքականություն, եթե մենք չուշանանք և պատասխանենք այդ մարտահրավերներին, մենք կհաջողենք: Խոսքերը, կրկնում եմ, մեզ չեն կարող բավարարել: Ամենակարևորը, որ դեռևս վերջին ամիսներին չեն արված ողբերգական և անդառնալի քայլեր: Ես կարծում եմ, որ դա հիմնականում Արևմուտքի ջանքերի շնորհիվ է: Մենք ուշադիր հետևում ենք դրան և փորձում ենք մեր ազդեցությունը դնել նժարի այլ կողմի վրա, որպեսզի Հայաստանի քաղաքականությունը չկատարի այն աղետալի սխալները, որոնք անդառնալի կլինեն: Դեռևս այդ սխալներն արված չեն, և դա մեզ հույս է ներշնչում:

Մանրամասները` սկզբնաղբյուրում