«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փափուկ ուժի կիրառման օրինակներ Թուրքիայի կողմից. Վահան Վարդանյան

13/11/2023

Բազմիցս առիթ է եղել նշելու, որ Հայաստանի կողմից միշտ անտեսվում է տեղեկատվական անվտանգությունը, մեդիա դաշտը չի վերահսկվում, տեղեկատվության հավաքագրում, ֆիլտրում վերլուծում պատշաճ մակարդակաով չի իրականացվում, մինչդեռ 21-րդ դարում այս ոլորտը ռազմավարական նշանակություն ունի և համարվում է երկրի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը։ Այս հարցում նախանձելի արդյունավետությամբ է գործում Թուրքիան, որն իր ռազմական ուժի զարգացմանը զուգահեռ ռեսուրսներ չի խնայում նաև փափուկ ուժի զարգացման համար։ Բերենք մի քանի օրինակներ։

Նոյեմբերի 6-ին Ստամբուլում հիմնադրվեց Թյուրքական լրատվական գործակալությունների դաշինքը։ Այս դաշինքում միավորվեցին Anadolu Ajansı-ն (Թուրքիա), QAZCONTENT-ը (Ղազախստան), AZERTAC-ը (Ադրբեջան), KABAR-ը (Ղրղզստան) և UZA-ն (Ուզբեկստան)։ Համապատասխան հռչակագիրն ընդունվել է թուրքական Anadolu Ajansı-ի նախաձեռնությամբ՝ «Միասնություն ԶԼՄ-ներում և ապագայի տեսլականը» կարգախոսով։ Սրանով Թուրքիան փափուկ ուժի ևս մեկ լծակ է ստեղծում՝ թուրքական երկրներում իր ազդեցությունը խորացնելու համար։ Հայտնի է, որ հատկապես Միջին Ասիայում Թուրքիան ձգտում է հնարավորինս մեծացնել իր ազդեցությունը՝ տարածաշրջանում կատարելով տնտեսական ու կրթական ոլորտի ներդրումներ։

Բայց շատերի կողմից, հատկապես միջազգային վերջին իրադարձությունների ֆոնին, աչքաթող է արվել այն փաստը, թե ինչպե՞ս է Թուրքիան փափուկ ուժի միջոցով իր ազդեցությունը տարածում Աֆրիկա մայրցամաքում։ Այսօրվա դրությամբ Աֆրիկայի դերը մեծանում է և դրա գլխավոր պատճառը հարուստ ռեսուրսներն են։ Թուրքիան նույնպես ակտիվորեն մասնակցում է Աֆրիկայում իր ազդեցությունը տարածելու համար։ Թուրքերը հատկապես մեծ հաջողությունների են հասել կրթության ոլորտում։

Թուրքերը դեռ 1990-ականներից սկսել էին իրենց դպրոցները բացել Աֆրիկայում։ Այսօրվա դրությամբ այդ դպրոցները գործում են Աֆրիկայի մոտ 40 երկրներում։ Բոլոր դպրոցները թուրքական իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով աջակցություն են ստանում։ Թուրքիայի իշխանությունը կարծում է, որ կրթական ոլորտում ներդրումները ամենաարդյունավետն են, իսկ այդ դպրոցների շրջանավարտները կդառնան Թուրքիայի «բարի կամքի» դեսպանները աֆրիկյան երկրներում։ Թուրքական դպրոցներում կրթություն ստացած աշակերտները, հետագայում դառնում են տեղական էլիտայի մի մասը, որը սկսում է լավ վերաբերվել Թուրքիային։

Այսօրվա դրությամբ թուրքական դպրոցները Աֆրիկայում մեծ հեղինակություն են ձեռք բերել։ Դա պայմանավորված է նրանով, որ թուրքական դպրոցների ուսուցիչները կրթական գործունեությունից բացի նաև բարեգործական ծրագրեր են իրականացնում աշակերտների ու նրանց ընտանիքների համար։ Բարեգործության ու կրթական ծրագրերի միջոցով, թուրքական դպրոցների անձնակազմը ոչ միայն աշակերտների, այլև ամբողջ տեղական համայնքների շրջանում աստիճանաբար ձևավորում է թուրքական կողմնորոշում։

Վերջերս Թուրքիան սկսել է մեծ ուշադրություն դարձնել նաև դեպի Աֆրիկա իսլամական քարոզիչների այցերին։ Այդ պատճառով Թուրքիան ավելացրել է պանթուրքական-իսլամական տեսությունների ուսումնասիրությանն ուղղված դրամաշնորհների քանակը և նպաստում է Աֆրիկայում  կրոնական թուրքամետ դպրոցների ստեղծմանը։

Վերոնշյալ նկարագրությունները փափուկ ուժի բազմաթիվ հաջողված օրինակներից են։ Հիմա այս առումով ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին։ Մենք, իհարկե, նման հավակնոտ նախագծեր մեզ չենք կարող թույլ տալ, թեև դրա համար ունենք և՛ պետություն, և՛ մեծ հնարավորություններ ունեցող Սփյուռք։ Այսօրվա դրությամբ մեր խնդիրը երկրի ներսում առկա խնդիրները վերացնելն է, որոնց թվում են նաև տեղեկատվական անվտանգությունն ու կրթական ոլորտը։

Տեղեկատվական անվտանգության ապահովման վերաբերյալ մեր գործունեությունը առավելապես սահմանափակվում է վնասակար գործողություններ չանելու կոչերով, իսկ դա մեղմ ասած անարդյունավետ է։ Քանի որ Հայաստանն իր թշնամիների կողմից բազմիցս արդյունավետ կերպով ենթարկվել է տեղեկատվական տեռորի, իսկ Հայաստանի մեդիա դաշտը պարբերաբար ռազմավարական նշանակության գաղտնի տեղեկություններ է հրապարակում թշնամիների համար, պետք է հարցին հստակ լուծում տալ, այլ ոչ թե պայքարել հետևանքների դեմ։

Կարծում ենք պետք է Հայաստանում ստեղծվի տեղեկատվական անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն։ Այս ծառայությունը պետք է գործի բացառապես տեղեկատվական դաշտում, չեզոքացնի տեղեկատվական տեռորը, բացահայտի ու կասեցնի գաղտնի տեղեկատվության տարածումը, հասարակության կայունությունը արտակարգ իրավիճակներում և պատերազմների ընթացքում պահպանելու համար հատուկ քարոզչություն իրականացնի, պատերազմի դեպքում թշնամու դեմ տեղեկատվական տեռոր իրականացնի և այլն։ Այսպիսի ծառայությունների առկայությունը սովորական պրակտիկա է և խիստ կարևոր է յուրաքանչյուր երկրի անվտանգության ապահովման հարցում։

Կրթության ոլորտում մեր խնդիրները ավելի մեծ են։ Եթե Թուրքիան իր կրթությունն օգտագործում է որպես զենք՝ այլ երկրներում իր ազդեցությունը տարածելու համար, ապա մեզ մոտ հակառակ պատկերն է։ Մեզ մոտ օտարերկրյա կրթական ծրագրերն են նպաստում այլ երկրների ազդեցության բարձրացմանը Հայաստանում։ Իրավիճակը փոխելու համար մենք պետք է կրթության ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնենք՝ բարձրացնենք կրթության որակը, ստեղծենք համալսարանների միջև առողջ մրցակցություն, խորացնենք ԲՈՒՀ-աշխատաշուկա կապը։

Առանց խնդրահարույց ոլորտներում արմատական բարեփոխումների իրականացման մենք պետության զարգացման և կայունացման որևէ հնարավորություն չենք ունենա և կշարունակենք «երկնիշ տնտեսական աճի» վերաբերյալ գեղեցիկ հաշվետվություններով ինքնախաբեությամբ զբաղվել։

Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող