«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նոր «Ահեղ դատաստանի պատերազմը» Պաղեստինում. Վահան Վարդանյան

09/10/2023

Արաբա-իսրայելական հակամարտությունը շարունակվում է արդեն 75 տարի։ 1948 թվականից Իսրայելը գտնվում է փաստացի պատերազմի մեջ։ Արդեն երրորդ օրն է Իսրայելի ու Եգիպտոսի արանքում գտնվող և Պաղեստինինի մաս համարվող Գազայի հատվածում գործող ՀԱՄԱՍ խմբավորումը լայնամասշտաբ հարձակման է անցել Իսրայելի դեմ և բավական տպավորիչ արդյունքների հասնել։

Ռազմական գործողությունը անվանվել է «Ալ-Աքսայի ջրհեղեղ» ի պատիվ Երուսաղեմում իսլամի գլխավոր սրբավայրի, ռազմական գործողությունների սկիզբը գրեթե համընկնում է արաբա-իսրայելական պատերազմներից ամենաարյունահեղի` «Ահեղ դատաստանի պատերազմի» սկսվելու ժամանակահատվածին (1973 թ. Հոկտեմբերի 6-25)։

Ի տարբերություն նախորդ էսկալացիաներին, այս անգամ ՀԱՄԱՍ-ը գործել է անհամեմատ ավելի կազմակերպված։ Հարձակման սկզբում օգտագործելով հազարավոր ինքնաշեն հրթիռային համակարգեր, խմբավորումը կարողացավ շեղել Իսրայելի հետախուզական ծառայության (ՄՈՍԱԴ) ուշադրությունն ու կեղծ հարձակումով զբաղեցնել իսրայելական հակաօդային պաշտպանությունը։ Այնուհետև ցամաքային հարձակումով արագորեն ճեղքեցին սահմանային պատնեշները և սկսեցին դիվերսիոն խմբերով հեղեղել սահմանային քաղաքները զուգահեռաբար իրականացնելով ԱԹՍ-ների լայնամասշտաբ գրոհ ու կետային հարվածներ։ Մինչ դիվերսիոն խմբերը շեղեցին իսրայելական բանակի հիմնադրման ստորաբաժանումների ուշադրությունը երկրի խորքերում, Գազայի հատվածից սկսեցին թափանցել հիմնական զինված խմբերը, որոնք ամրապնդվում էին Իսրայելի վերահսկողությունից դուրս եկած տարածքներում։ Դիվերսիոն խմբերն իրենց հերթին կայծակնային հարձակման արդյունքում կարողացան արագորեն վերահսկողություն հաստատել Իսրայելի մի շարք բնակավայրերի նկատմամբ, որոնցից հատկապես առանձնանում է Աշկելոն խոշոր քաղաքը և տեղում ոչնչացնել կամ գերի վերցնել մի շարք իսրայելցի բարձրաստիճան զինվորականների (հավանաբար հատուկ կազմած ցանկի համաձայն)։

Ռազմական գործողությունների բնույթը ուսումնասիրելով կարող ենք եզրակացնել որ այս հարձակումը տարերային բնույթ չի ունեցել, այն պլանավորվել է ամիսների` հնարավոր է նույնիսկ տարիների ընթացքում։ ՀԱՄԱՍ խմբավորումը դասվում է իրանամետ խմբավորումների շարքին և ակտիվորեն ֆինանսավորվում ու մատակարարվում է հենց Իրանի կողմից։ Բացի այդ, այս հարձակումը հնարավոր չէր առանց իրանական զինվորականների ու հատուկ ծառայությունների անմիջական ներգրավվածության, որոնք հատկապես վերջին տարիներին հատուկ ռազմական գործողությունների իրականացման մեծ փորձ են ձեռք բերել տարբեր ճակատներում։ Ամբողջ հարձակումը ընթանում է հստակ կորդինացիայով, միանշանակ կատարվել է հսկայական հետախուզական աշխատանք։ Կարծիք կա, որ ՀԱՄԱՍ-ի նախորդ ռազմական գործողությունները, որոնք ձախողվել են, իրականացվել են հստակ միտումով, որպեսզի իսրայելական հետախուզության աչքում ՀԱՄԱՍ-ի հնարավորությունների և հնարավոր ռազմական գործողությունների իրականացման կեղծ պատկերացում ստեղծվի, ինչը մոտ է իրականությանը, քանի որ փաստացի տեսնում ենք որ գերժամանակակից հետախուզական տեխնիկայով զինված Իսրայելը հանկարծակի եկավ։

Ի՞նչ խնդիր է սրանով լուծում Իրանը։ Այս պահի դրությամբ Իսրայելի ոչնչացման խնդիր տվյալ ռազմական գործողությունը չի լուծուում։ Միայն ՀԱՄԱՍ-ի ուժերը դրա համար բավական չեն։ Նույնիսկ Լիբանանում գործող իրանամետ ՀԶԲՈԼԱՀ շարժման լիարժեք ներգրավվածության դեպքում Իսրայելը կկարողանա դիմակայել ու թեկուզ մեծ զոհերի գնով ճնշել հարձակումները։ Եթե Իրանը մոտ շրջանում անմիջական ներգրավվածություն չունենա ռազմական գործողություններին, ինչի հավանականությունը շատ ցածր է, ապա կարող ենք ենթադրել, որ այս ռազմական գործողություններով Իրանը երկու խնդիր է լուծում։

Առաջին` Իրանը հստակ ազդակներ է ուղարկում Իսրայելին որ դադարեցնի ամրապնդվել Իրանի հյուսիսային սահմաններում։ Գաղտնիք չէ, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուներից մեկը Իսրայելն է, ով ուզում է կտրել Իրանի հյուսիսային մատակարարման ուղիները և վերջինիս դեմ դիվերսիաներ իրականացնելու համար բուֆերային գոտի ստեղծել։ Այս նպատակով Իսրայելն ակտիվորեն զինում է Ադրբեջանին և այնտեղ ռազմաբազաներ կառուցում։ Իրանական լրատվամիջոցները բազմիցս են զգուշացրել երկրի հյուսիսային սահմաններում Իսրայելի ներկայության մասին և Իրանը պաշտոնական ներկայացուցիչների մակարդակով սպառնացել է հակահարված տալ ամենաանսպասելի տեղում և ժամանակահատվածում, ինչը այսօր տեսնում ենք։

Երկրորդ խնդիրը, որ լուծում է Իրանը, դա իրանամետ խմբավորումների միջոցով թանկարժեք հետախուզական տեղեկությունների հավաքագրումն է Իսրայելի պաշտպանական համակարգի ներկա վիճակի, խոցելի տեղերի ու արագ արձագանքման հնարավորությունների մակարդակը հասկանալու համար։ Կարծում եմ երկու խնդիրներն էլ կարելի է համարել լուծված։

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա իսրայելական բանակն ու հետախուզությունը առնվազն ռազմական գործողությունների առաջին փուլը ձախողեց։ Իրավիճակի սխալ գնահատման ու լայնամասշտաբ հարձակմանը պատրաստ չլինելու պատճառով Իսրայելը ծանր կորուստներ կրեց։ Իսրայելի ազգային հպարտություն համարվող Երկաթե գմբեթ հակաօդային պաշտպանության համակարգը չկարողացավ պաշտպանել իսրայելական քաղաքները մասսայական ռմբակոծություններից, աշխարհում լավագույններից մեկը համարվող իսրայելական Մերկավա տանկերը տասնյակներով ոչնչացան ցածրօրակ ինքնաշեն զենքերի հարվածներից, բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ, որակավորված մասնագետներ սպանվեցին, կամ գերի ընկան։ Իսրայելը տարածքի առումով չունենալով ռազմավարական խորություն լայնամասշտաբ պատերազմի դեպքում չկարողացավ խուսափել քաղաքացիական ու ռազմական մեծ կորուստներից։ Իսրայելի հեղինակությանը մեծ հարված հասցվեց։

Այնուամենայնիվ պետք չի կարծել, որ Իսրայելի օրերը հաշված են, երկիրը իր փոքր տարածքով հանդերձ հսկայական պոտենցիալ ու արևմտյան երկրների (հատկապես ԱՄՆ-ի) աջակցությունն ունի։ Չնայած ծանր կորուստներին Իսրայելը ի վերջո կհաղթի ՀԱՄԱՍ-ին, եթե իհարկե հակամարտությանը նոր մասնակիցներ չներգրավեն։ Համենայն դեպս ռազմական գործողությունները բավական ժամանակ կտևեն ու սրանով իրանա-իսրայելական հակամարտությունը որակապես նոր մակարդակի է բարձրանալու։ Այժմ գնդակը Իսրայելի դաշտում է։

Վահան Վարդանյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող