«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը մեզնից նեղացած է. Աշոտ Ներսիսյան

02/03/2024

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Հայ - իրանական հարաբերություններում ՀՀ -ն շատ պասիվ է և սա այն դեպքում, որ Իրանն այն երկիրն է, որը կարող է իրական երաշխիքներ մեզ տալ թուրք- ադրբեջաՆական տանդեմին դիմակայելու համար, հարկավ, ոչ թե մեր հանդեպ տածած անապական սիրուց, այլ` իր պետական շահերից ելնելով: Այն տպավորությունը կա, թե գոյություն ունի ռուս-թուրքական տանդեմ, որը լիովին հիմնազուրկ է: Պարզապես Արևմուտքի պատժամիջոցների առկայության պայմաններում, երբ Թուրքիան օգնում էր դրանք ինչ որ չափով շրջանցել, երբ, չնայած այդ հանգամանքին, որ ռուսները թերևս լավ են հասկանում, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարող է իրեն ծախել, ինչպես դա արեց Լոզանում, քանի որ իր տարածաշրջանային քաղաքական խաղերում երկու նպատակ է հետապնդում` թուլացնել և ձևական քաղաքական միավոր դարձնել Հայաստանը և նպաստել թուրանական պետությունների վրա իր ազդեցության աճին, չեն կարող չմտահոգվել: Բայց ռուսներն այլ ելք չունեին, քան մատների արանքով նայելուն Արցախում էթնիկ զտմանը, քանի որ բացահայտ միջամտությունն Արևմուտքի երազանքն էր: Եթե նրանց ծրագրերի մեջ մտներ Արցախի հայաթափումը, ոչ ադրբեջանցիներին կկանգնեցնեին պատերազմի ժամանակ, ոչ էլ խաղաղապահների կբերեին և ցայսօր կպահեին: Դրա համար նրանք մեղքը գցեցին մեր կողմի վրա, որն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, քանի որ կտրուկ միջամտություն նրանց ձեռնտու չէր: Սակայն իրականում, այս պահի դրությամբ, ռուսների իրական շահերը համընկնում են Իրանի հետ, որը կարող է կատարել այն դերը, որի առումով կապված են ռուսների ձեռքերը: Խնդիրը վերաբերում է նրան, որ Իրանին ամենևին ձեռնտու չէ Զանգեզուրի կորուստը, քանի որ իր ցամաքային կապը չափազանց կդժվարանա Ադրբեջանով անցնող ճանապարհով, որը ձեռնտու չէ նաև ռուսներին, որոնք թեև Ադրբեջանի հետ ունեն գործընկերային շահեր, բայց դեմ չեն կարող չլինել Թուրքիայի տարածաշրջանում հիմնավորմանը, որը վերջինիս դարավոր երազանքն է: Բայց ահա Արևմուտքը, որը միայն ոգևորող հայտարարություններ է անում, մատների արանքով կնայի Սյունիքի մեզնից կտրելուն, միայն թե ռուսներին թուլացնի: Ահա այս ամենը չհասկանալով, մենք նեղացնում ենք Իրանին, քանի որ կույրն էլ կտեսնի, որ Արևմուտքը այստեղ երկու թշնամի ունի` Իրանն ու Ռուսաստանը, իսկ մեր հետ մարդասեր է խաղում, որի արդյունքում քանդվում է մեր բնօրրանից մնացած վերջին բեկորը: Իրանն այն ուժն է, որի հետ ճիշտ աշխատելու դեպքում, կչեզոքացնենք թուրքական վտանգը: Ռուսական տեղատվություն չի լինի, հավաքական Արևմուտքը քանդվում է, որի վերջին դրվագին ականատես կլինենք Թրամփի ընտրվելուց հետո: Իսկ Ռուսաստանի գնալը մեզնով չի պայմանավորված, ինչքան էլ հայտարարություններ անենք: Արևմուտքը տապալված է, որովհետև, եթե հրաշքով ռուսները գնան, Իրանը կմտնի Սյունիք: Մենք վախենում ենք բաց աչքով նայել իրականությանը, մեծ- մեծ հոխորտում ենք այն դեպքում, երբ զգուշանում ենք երկու կրակոց արձակել ազերիների կողմը: Իսկ Հայաստանը պատած լրտեսական ցանցի ներկայացուցիչները, ցավոք, կուշտ ուտելու հաճույքը վերջերս զգալով, անդունդ են գլորում մեր երկիրը: Ուզում ենք հավատալ, որ դժվար թե հաջողեն: Բավական է, հերիք է խելքամաղ լինենք Արևմուտքի ծափահարություններից: Զելենսկին էլ ջոկերի խփած խաղաքարտ է: Նրան խփել է հենց Արևմուտքը: