«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՀԵՐ. ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

01/07/2021

Արտահերթ ընտրություններն ավարտվեցին։ Դրանք անհրաժեշտ էին մի քանի պատճառներով
Առաջին Երկիրը քաշվում էր նեքին քաոսի մեջ, պետական կառույցները, որոնք առանց այն էլ լիարժեքորեն չէին գործում, գնում էին վերջնական քայքայման։ Այն համոզմունքը, որ իշխող վարչակարգը հեռանալու է, շատերին էին մղում ձախողելու իրենց ոլորտի աշխատանքները։ Ընտրությունների նախօրյակին  շատերը կտրուկ հայտարարություններով հանդես եկան, համաձայն շրջանառվող լուրերի՝ շատերն էլ լքեցին իրենց պաշտոնները՝ ցույց տալով, որ ընդդիմադիր են իշխող ուժին։ Մի բան ակնհայտ էր, որ այսպես երկար շարունակել հնարավոր չէր։ Պետք էր նորից վերահաստատել իշխող ուժի լեգիտիմությունը, որի դեպքում նորից տեղի կունենար նրա ձեռքում իշխանության ամբողջական կենտրոնացում։ Արդեն աստիճանաբար  ներքաղաքական դաշտը կկայունանա հունիսի 20 – ից հետո հակընդդեմ կրքերը համեմատաբար մարել են։ Գրել ենք , որ ընտրությունից հետո պարտվող կողմը, միևնույնն է, ասելու է, որ դրանք կեղծված են, բայց դա արդեն ոչ մի նշանակություն չունի։  Աստիճանաբար տեղի կունենա իշխանության  կենտրոնացում և մնում է հուսալ, որ վերստին հաղթած ուժը գգործի ավելի արդյունավետ և ոչ էմոցիոնալ;
Երկրորդ․ Արտաքին առումով երկիրը վտանգված էր։ Տարածաշրջանի հզոր խաղացողները և մասնավորապես Ռուսաստանը ցանկանում էր վերստին լեգիտիմ տեսնել այն ուժին, որի հետ կնքել է Նոյեմբերյան հայտնի համաձայնագիրը և որից բխող կետերի կյանքի կոչելը այլ ուժերի հետ նրա համար այնքան էլ նպատակահարամար չէ։ Արտաքին ուժերը՝ Ռուսաստանը, Արևմուտքը տվեցին արտահերթ ընտրության հնարավորությունը, որովհետև նրանց նույնպես ձեռնտու չէր ՀՀ ներքին քաոսային վիճակը, որի վերջը բերելու նրանց ցանկությունները կասկածի ենթակա  չէին։ Պատահական չէ, որ հաղթող ուժի շնորհավորանքները, մասնավորապես Ռուսաստանի և ԱՄՆ –ի տեղի ունեցան այն շեշտադրումով, որ ժողովրդավարական առումով սա մի նոր դրվատելի քայլ էր։ ՔՊ – ի հաղթանակի արձանագրության տակ արդեն կան վերջիններիս   չերևացող և ավելի զորեղ ստորագրությունները և այդ արձանագրությունը վիճարկողը կարժանանա կոշտ գնահատականի։
Մի խոսքով, կարծես թե շրջվում է մեր պատմության մի քաոսային, ազգին <<իմաստուն>> դարձրած, ազգային անվտանգության <<անզուգական>> տեսություններ ի հայտ բերած էջը։ Արցախի խնդրի  և ՀՀ սահմանների վերջնական կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորգրման հարցը մնում է իշխանությունների վրա։
Իսկ ի՞նչ կլինի այնուհետև․
Առաջին․ Ընդիմությունն արդեն խորհրդարանում, ՍԴ – ում իր նպատակին չհասնելուց հետո, կհակադրվի իշխանություններին արցախյան պատերազմում պարտության և Ադրբեջանի հետ սահմանազատումների հետ կապված։Այսինքն՝ դեռևս ուժի մեջ կմնա արցախյան խնդրի շահարկումը, բայց եթե փողոցային պայքարի արդյունքում ոչնչի չհասավ, այս դեպքում առավել ևս չի կարողանալու հասնել;
Երկրորդ․Իշխանությունները անելու են այն, ինչ որ պարտավորվել են Նոյեմբերյան համաձայնագրով կամ դրանից դուրս։  Խորհրդարանական ընդդիմությունը կոնկրետ չի կարողանալու հակազդել որևէ հարցում ոչ միայն նրա համար, որ փոքրամասնություն է, այլև, որ հակադրվել Ռուսաստանին ոչ մեկը չի ցանկանա և ցանկանալու դեպքում էլ չի կարողանա ոչինչ անել։ Կհնչեն հայրենասիրական ելույթներ, որոնք  տեսական առումով էլ հիմնավորված չեն լինի։
Երրորդ․ Ընդդիմությունը կփորձի նորից մեջտեղ բերել <<դավաճան>>  և նման կարգախոսներ, բայց դրանք ավելի թույլ ներգործություն կարող են ունենալ հասարակության վրա։
Չորրորդ․ Խաղաղության պայմանագրի ստորագրությունը, եթե տեղի ունենա ներկայիս իշխանությունների կողմից, դարձյալ կշահարկվի, բայց քանի որ խորհրդարան անցած ուժերը գլխավորապես ռուսամետներ են, ապա՝ նրանք չեն կարող օգտագործել Արևմուտքի տարածաշրջանային շահագրգռվածությունը Ռուսաստանին այստեղ թուլացնելու, իսկ արևմտամետ արտախորհրդարանական ուժերը չեն կարող ոչինչ անել այն խոչընդոտելու համար։
Մնում է ցանկալ, որ լինի համատեղ արդյունավետ աշխատանք՝ առանց շահարկումների՝ հօգուտ Արցախի կարգավիճակի ճշտման, նրա առավել հայաբնակեցման և հարևանների հետ լավ հարաբերություննների ստեղծման։
Հակառակ դեպքում շահելու ոչինչ չունենք։Չպետք է մոռանալ նաև, որ ցանկացած ուժ, եթե այսօր լիներ հաղթող, պետք է ստորագրեր այն պայմանների տակ, որը թելադրում է Ռուսաստանը։ Կորցրած ժամանակը հետ չի գա, որ անենք այն, ինչ չարեցինք; Մեր ժողովուրին խաղաղ զարգացում է պետք։