«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այսօր արդեն մենք կրակոցներ ենք ունեցել սահմանին, ու սա ես կապում եմ ՀԱՊԿ-ի նման պատասխանի հետ. Դավիթ Կարապետյան

03/04/2024

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– «Համաձայն 2010 թվականի Փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատվության գոտին անդամ երկրների ինքնիշխան տարածքն է: ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական ​​սահմանը, որը կարգավորված է երկկողմանի հիմքի վրա Հայաստանի և նրա հարևանների միջև». սա ՀԱՊԿ-ի պատասխանն է Նիկոլ Փաշինյանի՝ տևական ժամանակ հնչեցվող հարցին։ Պարո՛ն Կարապետյան, ձեր դիտարկումն եմ խնդրում այս պատասխանի վերաբերյալ։

– Անկեղծ ասած, ես չզարմացա նման հայտարարությունից: Կոպիտ ասած, ՀԱՊԿ-ը իր վրայից գցեց պատասխանատվությունը հստակեցնելու, թե ո՛րն է այն գոտին, որն ինքը որպես ռազմաքաղաքական դաշինք պարտավոր է պաշտպանել։ Տվյալ դեպքում սա եղավ հակաքայլ Հայաստանին, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին, որը հստակ հարց էր ուղղել ՀԱՊԿ-ին, թե ի՞նչ սահմաններով է ճանաչում Հայաստանը։ 

ՀԱՊԿ-ը տվեց շատ դիվանագիտական պատասխան, ըստ որի կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ը հստակ ցուցում է տալիս, որ ինքը կճանաչի այն սահմանների պաշտպանելիությունը, երբ Հայաստանը կոնկրետ Ադրբեջանի հետ կունենա երկուստեք համաձայնեցված սահմանագիծ, այսինքն՝ դա կճանաչի իբրև Հայաստան-Ադրբեջան սահման։ 

Այս պատասխանից հետո Հայաստանի իշխանությունը շատ ծանր դրության մեջ ընկավ, որովհետև այս պարագայում չգիտեմ, թե ինչին պետք է հղում անի, որ իրեն ծիծաղելի դրության մեջ չդնի։ Ի սկզբանե էր այդ հարցադրումը սխալ, ընդամենը պետք է ասվեր, որ հստակ ֆիքսվել է, որ մեր պետական սահմանները խախտվել են, ու տեղի է ունեցել օկուպացիա։ 

– Այս պատասխանից հետո այդ կառույցին անդամակցելու կամ չանդամակցելու իշխանության դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի։

– Մենք ստացել ենք դիվանագիտական ու բավականին ծանր դրության մեջ դնող պատասխան։ Գործող իշխանությունը պետք է այս դեպքում մեկ ձևակերպում տա, եթե ուզում են շարունակել այս հարց ու պատասխանը ՀԱՊԿ-ի հետ։ Պետք է ասեն, եթե այս պարագայում դիտարկում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանը դեռևս որոշված չէ, հստակեցված սահման չունենք, ուրեմն մենք ՀԱՊԿ-ի անդամ լինելով՝ պաշտպանված չպե՞տք է լինենք, այսինքն՝ մենք միշտ արտաքին վտանգի ու սպառնալիքի տա՞կ պետք է լինենք։ Այսինքն՝ նույն տրամաբանությամբ էլ հորդորում ենք՝ որպես Հայաստանի իշխանություն, դուք՝ որպես ռազմաքաղաքական դաշինք, ձեր պարտավորությունից ելնելով եկեք, կանգնեք, թեկուզև պայմանական սահմանին, մինչև մենք Ադրբեջանի հետ կունենանք, այդ իրավաչափ գործողությունների արդյունքում նախատեսված, երկուստեք ճանաչված պետական սահման։ Գործող իշխանության կողմից միակ պատասխանը սա պետք է լինի։ 

Այս հայտարարությունը կանաչ լույս է նաև Ադրբեջանի համար, որովհետև նրանց համար սա իդեալական է, քանի որ ՀԱՊԿ-ը փաստացի չի ասել, թե ինչպես է ճանաչում Հայաստանի սահմանները, փաստացի շեշտեց, որ ինքն էլ չգիտի, թե ո՞րն է այդ սահմանը։ ՀԱՊԿ-ը տվյալ դեպքում ամբողջ պատասխանատվությունը գցեց Հայաստանի գործող իշխանության վրա։ Սա կարող է Ադրբեջանի համար ալիբի լինել, ու նա կրկնի այն, ինչ արել է՝ Հայաստանի տարածքները օկուպացնի։ Այսօր արդեն մենք կրակոցներ ենք ունեցել սահմանին, ու սա ես կապում եմ ՀԱՊԿ-ի նման պատասխանի հետ։ 

Հիմա՝ Հայաստանի իշխանությունը պետք է ժամ առաջ, ինչպես արդեն ասացի, այդ նույն հարցապնդումով դիմի ՀԱՊԿ-ին, եթե իրենց նպատակն է այս պահին օգնություն ստանալ ՀԱՊԿ-ից, ինչը իրենք պարտավոր են տալ։ 

– Պարո՛ն Կարապետյան, իսկ ձեր գնահատմամբ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը հենց հիմա ու այդ կերպ որոշեց պատասխանել Փաշինյանի հարցին, որովհետև հարցը վաղուց էր հնչել։

– Որովհետև մինչև այս պահը սպասում էին, որ գուցե Հայաստանի իշխանությունը դուրս գար նման վարքագծից, որը դրսևորում էին, նրանք բացահայտ դեմարշներ էին անում կազմակերպության դեմ։ Հաշվի առնելով իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան լարվածությունը, ճիշտ ժամանակն էր, մասնավորապես, ռուսական կողմի համար, որ Հայաստանի հնչեցրած հարցը օդում չմնար։ Իսկ այդ պատասխանը, կրկնում եմ, դիվանագիտական, շատ գրագետ, պատին սեղմող պատասխան էր, որով փաստի առաջ են կանգնեցրել Հայաստանին, որովհետև հարցադրումն ինքնին սխալ էր, նման հարցադրմամբ չեն ներկայանում։ 

– Հիմա, եթե Ադրբեջանն իրեն հարազատ ձեռագրով շարժվի ու Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դիմի, մենք ՀԱՊԿ-ից օգնություն սպասե՞նք։

– ՀԱՊԿ-ից օգնություն կստանանք այն դեպքում, եթե, ըստ իրավական ռեժիմի, ճիշտ ձևակերպմամբ մենք ներկայացնենք, որ իրենցից ունենք ռազմական աջակցության ակնկալիք։ Բայց այս պարագայում, քանի որ հազար ու մի պատճառաբանություն է եղել, ու հարաբերություններում ակնհայտ ճգնաժամ կա, ոչ ոք չի կարող այդ հարցին հստակ պատասխան տալ։ 

Այդ հարցի պատասխանը ժամանակին տվել է Բելառուսի նախագահը, հստակ ասելով, որ ամեն դեպքում Ադրբեջանն իրենց եղբայրական երկիրն է, Ալիևն իրենց եղբայրն է, հետևաբար աշխատել է պետք, որ իրենց չներքաշեն այդ հարցերում։ Այսինքն՝ այդ կառույցն Ադրբեջանի պարագայում ունի բացառություն՝ ինքը չի գործելու։ Այսինքն՝ ինչքան էլ Հայաստանը պատշաճ դիմի կառույցին, որպեսզի իրենք գան ու իրենց առաքելություննը իրականացնեն, պատերազմի դեպքում, մանավանդ այս ճգնաժամի պարագայում, ես բացառում եմ, որ ՀԱՊԿ-ը գա ու օգնի։