«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչի՞ համար են հիմա սկսում Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքները, պատճառները պետք է հասկանանք. Քարտեզագիր

12/04/2024

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քարտեզագիր Շահեն Շահինյանը

-Պարո՛ն Շահինյան, ՀՀ փոխարտգործնախարարի փոխանցմամբ՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ վերսկսվեն սահմանազատման աշխատանքները, որոնք բավական տևական ժամանակ դադարել էին։ Հիմա ի՞նչ սահմանային իրավիճակ է այս երկու երկրների միջև ու այդ սահմանազատումն ու սահմանագծումն ինչպե՞ս են իրականացվելու, և արդյունքում ի՞նչ է ունենալ հայկական կողմը։

– Հայ-վրացական սահմանի սահմանազատումը փոքր-ինչ տարբերվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցից, քանի որ Վրաստանի հետ մենք ունենք դիվանագիտական հարբերություններ, ու, փաստացի, Վրաստանը մեզ համար հանդիսանում է հարևան, այլ ոչ թե թշնամի պետություն։ Ըստ այդմ՝ պայմանավորվելու հնարավորությունն ավելի մեծ է, քան հայ-ադրբեջանականի դեպքում։ 

Բացի այդ՝ հայ-վրացական սահմանը ունի ևս մեկ առանձնահատկություն, որ 2000-ականների սկզբին հայ-վրացական սահմանին իրականացվել են սահմանազատման աշխատանքներ՝ ընդհուպ 2010-11 թվականներ, և հայ-վրացական սահմանի որոշակի հատված արդեն իսկ համաձայնեցված է, առկա են համաձայնեցված քարտեզներ, սկզբունքներ, թե ինչպես պետք է սահմանազատում իրականացվի, ու որոշակի հատված սահմանազատվել է: Կան որոշակի հատվածներ, որոնք ենթակա էին բանակցությունների, ու պետք է հաշվի առնել, որ այդ բանակցությունները ինչ-որ մի փուլում ուղղակի սառեցվել են ու կարող են շարունակվել այն կետից, որտեղ կանգնել են։ Բայց այս պահին մեզ հայտնի չէ՝ արդյոք այդ գործընթացը շարունակվելու է այն կետից, որտեղ կանգնե՞լ է, թե՞ զրոյից է սահմանազատում արվելու։ Սա շատ կարևոր է։

– Ինչո՞ւ է կարևոր։

– Շատ կարևոր է, որ այն ժամանակ, երբ սահմանազատման քննարկումներ էին իրականացվում, հայկական կողմը փորձել է իր համար առավելագույնս շահեկան դիրքից անել: Դա չի նշանակում ի վնաս Վրաստանի, այլ այնպես անել, որ երկու պետություններն էլ հավասարակշռված շահ ունենան։ Եթե համեմատենք Ադրբեջանի հետ՝ տեսանելի է, որ Ադրբեջանը միայն հօգուտ իրեն է դիտարկում գործընթացը։ 

– Պարո՛ն Շահինյան, իսկ հիմա ո՞ր հատվածներն են սահմանազատված Վրաստանի ու Հայաստանի միջև։

– Տեղեկություններ չունեմ, և, բացի այդ՝ դրանք հանրայնացված էլ չեն, որովհետև սահմանազատման աշխատանքներն ավելի շատ դիվանագիտական են, իսկ դիվանագիտությունը ունի հստակ կանոններ․ մինչև սահմանն ամբողջությամբ չսահմանազատվի, ոչ մի համաձայնեցված հատված չի համարվում վերջնական ավարտված, այսինքն՝ իրենք պետք է ամբողջ սահմանը համաձայնեցնեն, կազմեն համապատասխան փաստաթղթերը, կատալոգները, գրքերը, նոր դրանք՝ որպես սահմանազատման ու սահմանագծման փաստաթղթի հիմք, ստորագրվեն ու հաստատվեն, որից հետո արդեն այն կհրապարակվի։ Իհարկե այդ գործընթացում անպայման պետք է ներգրավվեն սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, որպեսզի նրանց իրավունքները չխախտվեն։ 

– Իսկ հիմա այդ գործընթացը սկսելու ճի՞շտ ժամանակն է։

– Կդժվարանամ ձեր հարցին պատասխանել, որովհետև դա այնքան էլ մեր ոլորտից չէ, դա ավելի շատ դիվանագիտական ու ռազմաքաղաքական ոլորտի մասնագետները կասեն, արդյոք Հայաստանը հիմա պատրա՞ստ է այդ գործընթացին, տվյալ սահմանազատումն ի՞նչ նպատակ ունի, ի՞նչ ենք ստանալու ու կորցնելու։ Բայց քարտեզագրական տեսանկյունից կարող եմ ասել, որ մենք դեռևս 2008-2010 թվականներին ամբողջությամբ պատրաստ ենք եղել այդ սահմանի սահմանազատմանը։ 

– Այսինքն՝ դրա հետևանքով մենք տարածքային կորուստ չե՞նք ունենալու, պարոն Շահինյան։

– Կորցնելու ու շահելու հարցը կախված է, թե դու ինչպես կբանակցես։ Անտրամաբանական է գնալ մի գործընթացի, որի դեպքում դու կորուստներ ես ունենալու, այդ դեպքում չպետք է գնալ նման գործընթացի։ 

– Գրեթե միաժամանակ երկու հարևան պետության հետ սկսել սահմանազատման ու սահմանագծման գործընթաց՝ միմյանց չե՞ն խանգարի։

– Նորմալ պայմաններում, իհարկե, չի խանգարում։ Ճիշտ է, մարդիկ, որոնք պետք է զբաղվեն այդ գործընթացով, կրկնակի ծանրաբեռնվում են, որովհետև, հավատացեք, սահմանազատման մասնագիտական գիտելիքներ ունեցողները և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում հազարներով չեն, այսինքն՝ երկու սահմանների հարցերով էլ նույն մարդիկ են զբաղվելու։ Պատճառները մենք պետք է հասկանանք՝ ինչի՞ համար են հիմա սկսում Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքները։