«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դա իրենց երկար տարիների երազանքն է, նրանք շատ երկար ժամանակ Զանգեզուրի հատվածի վրա աչք ունեն

02/11/2021

Lragir.am–ի զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը

Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված բավականին քննարկումներ կան: Չավուշօղլուն հայտարարել է, որ այս հարցով խորհրդակցում է Ադրբեջանի հետ: ՀՀ ԱԽ քարտուղարն էլ իր հերթին ասում է, որ այդ հարցը քննարկում են Ռուսաստանի հետ: Ինչպես եք գնահատում վերջին օրերի այս հայտարարությունները՝ հաշվի առնելով, որ Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջ քաշել:

Ես բազմիցս ասել եմ, որ անարդար անընդունելի եմ համարում բոլոր տեսակի նախապայմանները: Հիմա էլ որպես նախապայման Թուրքիան առաջարկում է Ադրբեջանի հետ հաշտություն կնքելու վարկածը, ինչը շատ խնդրահարույց է: Այս պահին մեր սահմանային խնդիրները շարունակվում են, և այս իրավիճակում ինչպե՞ս կարող ենք հաշտություն կնքել: Հետևաբար, ես չեմ կարծում, որ Թուրքիան աշխույժ ցանկություն ունի Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու: Ընդհակառակը, անընդհատ նախապայմաններ առաջադրելը այդ բարելավումը ձգձգելու եղանակներից մեկն է:

Այս պայմաններում անիմաստ ու անպտո՞ւղ կլինեն բոլոր այս քննարկումները:

Այդ քննարկումներում ամենից շատ մեզ պետք է պարտադրեն բացել «Զանգուզուրի միջանցքը», ինչը մեզ բոլորովին ձեռնտու չէ: Թուրքիայի նպատակը այդ միջանցքը բացելն է, և նա իր նպատակներից չի հրաժարվել: Դա իրենց երկար տարիների երազանքն է, նրանք շատ երկար ժամանակ Զանգեզուրի հատվածի վրա աչք ունեն: Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս ավելի քան 30 տարի առաջ՝ Էջևիթի օրոք, նա Զանգեզուրի հատվածի հետ կապված ակնարկներ էր արել, ասելով, որ «եթե մեզ այդտեղով միջանցք տրվի, մեր քայլերը կդյուրանան»:

Որքան էլ Հայաստանը հայտարարում է, որ որևէ միջանցքի մասին խոսք չկա, նման բանակցություններ չկան, կարծում եք՝ ի վերջո այս ամենի գինը դա՞ է լինելու:

Միգուցե, չգիտեմ: Մենք մտահոգությամբ հետևում ենք:

Թուրքիայի նախագահը G 20 -ի գագաթնաժողովում ներկայացրել է 3+3 ձևաչափով համագործակցության գաղափարը: Հայտնի է, որ ԱՄՆ-ն դրան դեմ է արտահայտվել: Ինչպիսի՞ն է ձեր մոտեցումն այս հարցում:

Խոսքը Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա և Ռուսաստան-Իրան-Վրաստան երկրների մասին է: Այս երկրներից Իրանի ու Ադրբեջանի  միջև արդեն որոշ լարվածություն կա: Հայաստանը մեղմ ասած լարվածություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այդ լարվածությունների հանգուցալուծումը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության գործածությունն է: Այդ համաձայնությունը չի իրագործվել, մենք տակավին ադրբեջանցի զինուժի ոտնձգությունների ենթակա ենք, տակավին ներխուժում են մեր սահմաններից ներս, տակավին գրավում են: Մենք չենք կարողանում այս համաձայնության մեջ նշված ձևով, այսինքն կողմերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ կանգնած էին նոյեմբերի 9-ին, իրավիճակը հանգուցալուծել։ Ոտնձգություններ, սահմանային խախտումներ են տեղի ունենում Ադրբեջանի կողմից: Այս բոլորը պետք է հստակեցվի, որից հետո այլ ձևաչափերի ու ուրիշ դերակատարների մասին հնարավոր լինի խոսել: