«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զարիֆի այցից շոշափելի արդյունքներ չկան, Իրանի համար կարևոր է, որ չխաթարվի Հայաստան-Իրան սահմանը

31/01/2021

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

–Ամփոփելով Իրանի ԱԳ նախարար Զարիֆի տարածաշրջանային այցը՝ ի՞նչ դիտարկումներ ունեք։ Հատկապես Հայաստանին ու Արցախին առնչվող հայտարարությունները  ինչքանով էին ըստ Ձեզ հայամետ ու մեր շահերին համահունչ։

-Զարիֆը հայտարարեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի «կարմիր գծեր» են, հայտարարեց նաև հայ-իրանական հարաբերությունների բարեկամության մասին։ Տարածքային ամբողջականության մասին նույն բանն ասել է նաև Բաքվում ու այդ մասին միշտ ընդգծել է։ Այս դեպքում խոսքն ուղղակի կամ անուղղակի վերաբերում է այն ճանապարհներին ու կոմունիկացիաներին, որոնք պետք է անցնեն Հայաստանով։ Ադրբեջանը դա համարժեք է համարում Լաչինի միջանցքին ու անվանում հայաստանյան միջանցք։Եթե խոսենք Հայաստանի սահմանների ամբողջականության մասին, կարելի է ասել , որ Հայաստն-Ադրբեջան սահմանագիծն անորոշ վիճակում է։ Մինչ օրս չեն եղել միջազգային սահմաններ, եղել են Խորհրդային միության երկրի ներքին սահմաններ, ու այսօր Ադրբեջանն ինչպես ուզում դա ձևակերպում է։ Իրանի հիմնական մտահոգությունն այն է, որ չլինի այնպես,  որ խաթարվի Հայաստան-Իրան սահմանը։

-Խոսք է գանցել նաև «3+3» ձևաչափի մասին՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ այսպես կոչված համագործակցության հարթակը ինչքանո՞վ է մեզ համար ձեռնտու։

Հայաստանն ու Վրաստանը այդկերպ հայտնվում են երկրոդական ու երրորդական դերում։Իրանը Հայաստանին համարում է ԵԱՏՄ անդամ երկիր, որի հետ  նպատակ կա զարգացնել տնտեսական հարաբերությունները։Բայց այս ձևաչափով Հայաստանն ու Վրաստանն ամբողջությամբ անտեսվում են։Այն երկրները, որոնք ծանրակշիռ են՝ նրանք են շահելու ու հարց լուծելու։ Մեր ներկայությունն այնտեղ «պտիչկա» դնելու համար է և ոչ ավելին։ Վրաստանում բացի երկկողմ դիվանագիտական հարաբերությունների քննարկումներից, հաճոյախոսություններից, Իրանի ԱԳՆ-ն առաջ քաշել իրանցի շուրջ 600 բեռնատար ունեցողների հարցը, որոնք համավարակի պայմաններում դժվարությունների առաջ են կանգնել։ Իսկ Հայաստանում էական նշանակության հարցեր չեն բարձրացվել։ Միայն Արցախի հարցն է, այն էլ  քննարկվել է բոլոր երկրներում, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Մեծ հաշվով շոշափելի արդյունքներ չկան։

-Ձեր կարծիքով՝ Հայաստանը պե՞տք է  հաշվի առնի Իրանի շահերը Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի հետ հարաբերվելիս։ Ընդհանրապես Իրանի հետ հարաբերությունների վերանայման անհրաժեշտություն կա՞՚։

-Հատկապես այն բանից հետո, երբ Իսրայելը արաբական որոշ երկրների հետ դիվանագիտական կապեր է  հաստատել,  իրավիճակ է  փոխվել։ Իսրայելցի նախկին պաշտոնյաներ, փորձագետներ ամերիկյան մամուլում  հոդվածներ են հրապարակում, որոնցով ճնշումներ են գործադրում, որ նա չվերադառնա Իրանի հետ համագործակցության ձևաչափին։Նույնիսկ կա սպառնալիք, որ հակառակ դեպքում կլինի հարված Իրանի միջուկային կենտրոններին։ Սա իհարկե ճնշման նպատակ է հետապնդում։Սաուդյան Արաբիան բազմիցս  հայտարարել է, որ նախքան համաձայնության վերադառնալը, ԱՄՆ-ն պետք է բանակցի արաբական երկրների, Սաուդյան Արաբիայի հետ։ Հայաստանը փոխհարաբերություններ վերանայելու կարիք չունի, պարզապես պետք է այդ հարաբերությունները տնտեսական առումով ավելի ակտիվացնի։Եթե 6 ամիս հետո Թուրքիայից պետք է ազատորեն նորից ապրանքներ ներկրվեն, գոնե Իրանը պետք է լինի այլընտրանք, այլապես Թուրքիան մեզ «կխեղդի»։Այդ ապրանքները ավելի էժան են, և դա վնասում է մեր արտադրողներին։