Ուկրաինան 3 օրվա ընթացքում 2 անգամ հարվածել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանին և գրոհել է Ռոստովի մարզի նավթաբազան
Հունիսի 18-ի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը շաբաթվա սկզբից ի վեր երկրորդ անգամ հարձակվել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանի (ՆՎԳ) վրա, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Միջոցներ են ձեռնարկվում հետևանքները վերացնելու ուղղությամբ»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։ Ըստ նրա տվյալների՝ խոցված դրոնների բեկորներն ընկել են նաև «Սադովոդ» առևտրի կենտրոնի տարածքում և վնասել շենքերից մեկը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Սոբյանինը հստակեցրել է, որ գիշերվա ժամը չորսից մինչև առավոտյան ութը տևած հարձակման ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի մատույցներում և անմիջապես քաղաքի երկնքում խոցել են ուկրաինական շուրջ 180 անօդաչու սարք։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ մայրաքաղաքի վրա իրականացված զանգվածային հարձակման ժամանակ Ժուկովսկի քաղաքի Գագարինի փողոցում անօդաչու սարքը հարվածել է բազմաբնակարան շենքի։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, բնակիչները տարհանվում են։ Լյուբերցիում դրոնի բեկորները վնասել են ֆիթնես կենտրոնն ու արդյունաբերական գոտում գտնվող մի օբյեկտ։ Բացի այդ, հրդեհ է բռնկվել «Բելայա Դաչա» առևտրի կենտրոնի տանիքում։ Էլեկտրոստալի մոտակայքում անօդաչուի կտորները վնասել են առանձնատուն, ինչի հետևանքով մի կին է վիրավորվել, իսկ բուն քաղաքում մեքենա է այրվել։ Չեխովի շրջանի Մասնովո-Ժուկովո գյուղում դրոնն ընկել է ամառանոցի վրա և ամբողջությամբ ավերել այն․ այստեղ ևս տուժածներ չկան։ Միևնույն ժամանակ, անցած գիշեր շուրջ 60 դրոն է հարձակվել Ռոստովի մարզի վրա։ Նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Գուկովո քաղաքին հասցված հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Ըստ նրա տվյալների՝ «առևտրային երկու օբյեկտում հրդեհ է բռնկվել»։ Սակայն, ինչպես պարզել է «Astra» լրատվականը՝ հիմնվելով ականատեսների լուսանկարների վրա, քաղաքում իրականում այրվում է ութ ջրամբար ունեցող նավթաբազան։
Դրանից առաջ ուկրաինական անօդաչուները Մոսկվայի նավթավերամշակման գործարանին հարվածել էին հունիսի 16-ին։ «Reuters»-ի տվյալներով՝ այդ հարձակումից հետո «Գազպրոմ նեֆտ»-ին պատկանող գործարանի աշխատանքը դադարեցվել էր, և հումքի վերամշակումն ամբողջությամբ կանգ էր առել։ Միևնույն ժամանակ, գործակալության աղբյուրներից մեկը նշել էր, որ ձեռնարկությունը նախատեսում են վերագործարկել առաջիկա մի քանի օրվա ընթացքում՝ ավելի ցածր հզորությամբ։
https://tass.com/