«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք ուզում ենք օրինականացնե՞լ Նախիջևանի ու Արցախի՝ Ադրբեջանի կազմում գտնվելու հանգամանքը․ Մե՞նք ենք վազում Ալիևին օգնության

25/09/2021

Lragir.am-ի հարցերին պաստախանում է Ադբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը

Պարոն Այվազյան, Արցախի օկուպացված տարածքների բնակիչները պատերազմից հետո ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայրեր։ Ինչպե՞ս պետք է լուծել Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցերը։

Նախ դա բխում է նաև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից, դրա կետերից մեկն այդ մասին է՝ տեղահանված անձանց և փախստականների վերադարձ իրենց նախկին բնակավայրեր։ Դա ամենևին չի վերաբերում միայն ադրբեջանական կողմին, այլ բոլորի վրա է տարածվում։ Դա օրինական պահանջ է։ Ալիևը վերջերս Քարվաճառում խոստովանեց, որ Ադրբեջանը համարյա ուժասպառ էր և ի վիճակի չէր գրավել Քարվաճառի ու Բերձորի շրջանները։ Այն ժամանակ մենք կարող էինք փոխանակման տարբերակ առաջարկել՝ Հադրութի շրջանը և Արցախի արևելյան օկուպացված տարածքները փոխանակելու առաջարկով հանդես գալ։ Այն ժամանակ մենք դա չենք արել, բայց հիմա էլ համաշխարհային հանրությունն այդուհանդերձ այդ հարցում մեր կողմն է, պետք է ավելի պրակտիկ գործողություններ կատարենք։ Նաև չպետք է մոռանալ Արցախի՝ հայկական վերահսկողության տակ մնացած հատվածի մասին։ Արցախի այդ հատվածները լիուլի բավարար են, որ մարդիկ ժամանակավորապես գոնե վերադառնան Արցախի տարածք և սպասեն իրենց խնդիրների լուծմանը։ Դա ավելի կառուցողական կլինի ու ավելի ազդեցիկ։ Հետևաբար, մեր երկու պետությունները պետք է աշխատանք տանեն այդ ուղղությամբ։ Համատեղ ջանքերով դա հնարավոր է իրագործել։ Վերջիվերջո, եթե մարդիկ չգտնվեն այն տարածաշրջանում, որտեղից բխում են նրանց պրոբլեմները, ապա նրանց խնդրի լուծումն ավելի դժվար է պատկերացնել Երևանում, Ֆրանսիայում կամ Մոսկվայում։

Դեօկուպացիայի հարցն առայժմ դիվանագիտական դաշտի մեջ կարող է տեղավորվել։ Բայց նաև ադրբեջանական նախապատրաստությունները չենք կարող ժխտել, և Ադրբեջանը չի թաքցնում, որ շատ հնարավոր է՝ ինքը նորից ռազմական սադրանքի դիմի։ Եվ այս պարագայում այլևս որևէ արդարացում չպետք է լինի, եթե մենք չկարողանանք պատշաճ նախապատրաստվել դրան։ Դա էլ երկրորդ ճանապարհն է, եթե Ադրբեջանը չփորձի գտնվել կառուցողական։ Եթե ուզում ես խաղաղություն, ուրեմն նաև պատերազմին պետք է պատրաստ լինել։ Ադրբեջանը պահանջում է «ադրբեջանցիների վերադարձ Զանգեզուր, Սևանի ավազան»։ Բա Հադրութի ու Շուշիի հայե՞րը։ Հարցը պետք է դիվանագիտական դաշտում, համանախագահների աջակցությամբ լուծել։ Այո, այսօր տեսլականի մեծ պրոբլեմ կա։ Որպեսզի հադրուցիների և մյուս արցախցիների հարցը լուծվի, Հայաստանի կողմից պետք է Արցախի անկախության անհապաղ ճանաչում լինի։

Հայաստանի խորհրդարանը լռում է այդ հարցով, ինչո՞ւ։

Հիմա էլ ուշ չէ, պատերազմի ժամանակ պետք է ճանաչեր, բայց այսօր էլ ուշ չէ։ Ինչո՞վ են զբաղված մեր խորհրդարանում՝ իրար վրա ձեռք բարձրացնելով։ Կարծես թե մարդիկ այդպես էլ չգիտակցեցին, թե որտեղ են գտնվում և ինչի համար։

Ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք, Հայաստանի իշխանությունները խոսում են ԽՍՀՄ քարտեզներով սահմանազատում ու սահմանագծում անելու մասին։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

Նախ և առաջ մենք իրավունք չունենք Խորհրդային միության քարտեզներով սահմաններ գծել, քանի որ Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից։ Այսինքն՝ Ադրբեջանի համար դրանք անլեգալ սահմաններ են։ Մենք ուզում ենք օրինականացնե՞լ Նախիջևանի ու Արցախի՝ Ադրբեջանի կազմում գտնվելու հանգամանքը, դա փա՞ստ դարձնենք։ Չի կարելի։ Առանց խաղաղության պամանագրի և հարաբերությունների կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման այդպիսի սահմանազատումն ու սահմանագծումը չի կարող տեղի ունենալ։ Երկրորդ, եթե մենք այդպիսի փաստաթուղթ ստորագրենք, ոչ միայն կհրաժարվենք Արցախից, այլ նաև մեկընդմիշտ կփակենք արևմտահայ դատը, որովհետև մենք ոչ միայն արևելյան սահմանները կճանաչենք, այլ նաև արևմտյան սահմանները։ Եվ արդեն Մոսկվայի ու Կարսի պայմանագրի վերաբերյալ խոսակցություններ չեն կարող լինել, Հայաստանը՝ որպես պետություն, դրանով կընդունի թուրք-ադրբեջանական պահանջները, այն է՝ նաև ցեղասպանության ճանաչումից կհրաժարվի։ Չգիտեմ՝ ով է այնտեղ կառուցողականություն տեսել, բայց Էրդողանից ու Ալրևից մենք այլ ուղերձներ ենք տեսնում։ Ճակատագրական սխալ կլինի, նախքան Արցախի կարգավիճակի հարցի լուծումը սահմանների մասին փաստաթուղթը չպետք է ստորագրվի, մանավանդ որ Ադրբեջանը չի ճանաչել Խորհրդային Ադրբեջանի սահմանները։ Մե՞նք ենք վազում Ալիևին օգնության՝ ճանաչելու այդ սահմանները։

Դրանից խուսափելու հնարավորությունները մենք այսօր ունենք, եթե ճիշտ աշխատանք տանենք դիվանագիտական դաշտում։ Մեր Ազգային ժողովում էլ ոչ թե պետք է փորձեն իրենց ոտքի երկարությունը ցույց տալ, այլ խելքի երկարությունը։ Այսօր աշխարհը դա է սպասում մեզնից։