«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սպասելով ինչ-որ հրաշքների Արևմուտքից՝ կորցնելու ենք և՛ տարածքներ, և՛ մարդկային կյանքեր, գուցե, ավելի շատ բաներ ևս. Սուրենյանց

12/03/2024

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

– «Մեծ Բրիտանիան ընդունում է այդ որոշումը որպես Հայաստանի ինքնիշխան իրավունքի իրացում։ Բրիտանիան պատրաստ է նաև համագործակցել եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար՝ ի դեմս Ռուսաստանի պատասխան գործողությունների սպառնալիքների»,- այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին՝ անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի հետ անդամակցության «սառեցման» վերաբերյալ հայտարարությանը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, մեսիջները որո՞նք են ու ո՞ւմ են ուղղված, պարո՛ն Սուրենյանց։

– Մի քանի ասպեկտի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել․ այդտեղ ռեալ ոչինչ ասված չէ, ուշագրավ է նաև, որ խոսվում է միայն Ռուսաստանից եկող մարտահրավերների մասին, ոչինչ չի ասվում Թուրքիայից, Ադրբեջանից եկող մարտահրավերների մասին։ Ակնհայտորեն Հայաստանին առաջարկվում է դառնալ Ուկրաինա 2, ես շատ եմ ասել, որ Արևմուտքի գլխավոր խնդիրը Ռուսաստանին ու Իրանին դուրս մղելն է, այլ ոչ թե Հայաստանի ռեալ անվտանգային խնդիրների լուծումը։ Ուկրաինա 2 դառնալու գնով աջակցություն հայցելն առնվազն արկածախնդրություն է, որովհետև չգիտենք՝ այդ պարագայում մեր պետականությունն ընդհանրապես կմնա՞, թե՞ ոչ։ 

Երկրորդը՝ կարո՞ղ են, օրինակ՝բրիտանացիներն ասել, թե այդ տնտեսական վնասները ո՛նց են փոխհատուցելու, եթե, օրինակ՝ Լարսի միջանցքը փակվի, միջուկային վառելիք չտրվի ԱԷԿ-ի համար ու նմանատիպ այլ բաներ, վստահաբար ո՛չ։ Ես մեխանիզմ էլ չեմ տեսնում, թե լոգիստիկ առումով իրենք ինչպե՛ս են այդ խնդիրները լուծելու։ 

Երրորդը՝ սա շատ նման է քարոզչական թեզի, այսինքն՝ իշխանության համար բոնուս են ապահովում, որպեսզի իշխանությունը ներսում կարողանա ասել՝ տեսեք, մեզ աջակցող կա։ Սա ավելի շատ քարոզչական ֆոն է, քան ռեալություն պարունակող մեսիջ, որն անընդհատ իշխանությունը, արևմտամետները շահարկելու են ներսում՝ որպես փաստարկ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ հենց անգլիացիներին է պատկանում «մեր նավերը ձեր լեռնաշխարհը չեն կարող բարձրանալ» հայտնի թեզը։ Եթե ամփոփեմ՝ շատ վտանգավոր հայտարարություն է, Հայաստանին առաջարկվում է ինչ-որ օգնություն կամ բոնուս՝ Ուկրաինա 2 դառնալու ճանապարհով։

– Մեսիջներն ո՞ւմ են ուղղված։

– Մեր հասարակությանը, դրա համար եմ ասում, սա մեր իշխանությանն արված բոնուս է, որպեսզի նա քարոզչական դաշտում կարողանա իր ապաշնորհ ու արկածախնդիր քաղաքականության հիմնավորումները տալ։ Նաև Ռուսաստանին է ուղղված, որ պատրաստ են իր դեմ այստեղ երկրորդ ճակատ բացել, բայց դա Ռուսաստանը վաղուց գիտի։ Այնպես չէ, որ ռուսները պետք է սպասեին նրանց հայտարարություններին, որ այդ մասին իմանային։ 

– Պարո՛ն Սուրենյանց, իշխանությունն ակտիվորեն խոսում ԵՄ անդամության թեկնածու դառնալու, ՀԱՊԿ-ին անդամակցության «սառեցման» մասին, նման հայտարարություններն ի՞նչ հետևանք կարող են ունենալ: Հաշվի առնելով ընթացող զարգացումները՝ որքանո՞վ է ճիշտ ժամանակը նման գործընթացների մասին խոսել։

– ԵՄ անդամակցության թեկնածուի թեզը դարձյալ նրա համար է, որպեսզի իշխանություններն իրենց քաղաքականության համար ալիբի ստեղծեն, իրականում Հայաստանը եվրաինտեգրման նման մակարդակի հասնելու, այսինքն՝ ԵՄ լիարժեք անդամ դառնալու ոչ մի պոտենցիալ չունի։ Հետևաբար, շատ ակնհայտ է, որ այդ հայտարարությունն արվում է մեր հասարակությանը սիրաշահելու համար, բայց տակը կոնկրետ ոչինչ չկա։ Նույնիսկ մշուշոտ է, թե ինչպիսի՛ն է լինելու ԵՄ-ն այս գլոբալ հակադրությունից հետո՝ միասնականությունը պահպանելու է, չի պահպանելու և այլն։ 

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ես բազմիցս հարցազրույցներում ասել եմ, որ տուրբուլենտ աշխարհում արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր անել չի կարելի, դա հանգեցնելու է անկանխատեսելի հետևանքների։ Կարող ենք կորցնել պետականությունը, կարող ենք դառնալ Ուկրաինա 2, որը հավասարազոր է պետականությունը կորցնելուն։ Մեր իշխանությունն արեց ճիշտ հակառակը, հիմա տեսեք, ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խոսում է Թուրքիայի լիդերության մասին, ԱՄՆ-ն ու Թուրքիան նախարարների հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են անում, որում ասվում է այն մասին, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան պարտավորվել են համատեղ աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ 

Այս երկու հայտարարությունից բխում է, որ մեր իշխանությանը հակառուսականության դիմաց ցույց է տրվում «հույսի դուռը», որն է Թուրքիան, այսինքն՝ հավաքական Արևմուտքն ասում է, որ մեր տարածաշրջանային հանցակիցը Թուրքիան է։ Հիմա այս պարագայում, որևէ ողջամիտ մարդ իրավունք ունի՞ հավատալու Թուրքիայի երաշխիքներին, այսինքն՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի ռեվերսը Ռուսաստանից ոչ թե Արևմուտք է, այլ՝ Ռուսաստանից Թուրքիա։ 

Պարզ է, որ եթե Թուրքիայի ինչ-որ երաշխիքների դիմաց մենք գնանք նման քայլի, ապա հայտնվելու ենք թուրք-ադրբեջանական աքցանում, մի քանի տարի հետո այդ երաշխիքները չեն գործելու, ու լավագույն դեպքում մենք վերածվելու ենք ռուսական անհրապույր գուբերնիայի։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ կա՛մ Հայաստանը կվերածվի թուրքական ենթապետության, կա՛մ ռուսական անհրապույր գուբերնիայի, երկու դեպքում էլ իրական ինքնիշխանության մասին խոսք անգամ լինել չի կարող։ 

– Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «անհապաղ» վերադարձնել Ղազախի շրջանի 4 գյուղը, իսկ Տավուշի մարզի երեք գյուղի ու Տիգրանաշենի վերադարձը պետք է լինի դելիմիտացիայի գործընթացի շրջանակներում։ ՀՀ իշխանությունն ի՞նչ քաղաքականություն կորդեգրի այս առնչությամբ, եթե նկատի ունենանք, որ մինչ այս պահը պաշտոնական որևէ արձագանք չի եղել այս հայտարարությանը։

– Շատ լավ հարց տվեցիք, մեզ անընդհատ կերակրում էին, որ եթե բանակցությունները ռուսական հարթակից տեղափոխենք արևմտյան հարթակ, ապա նրանք կճնշեն Ադրբեջանին, ու վերջինս ագրեսիվ չի լինի։ Հիմա տեսնում ենք ճիշտ հակառակը, Ադրբեջանն այս պահանջը հնչեցրեց Բեռլինից անմիջապես հետո։ 

Ստեղծված է շատ ծանր վիճակ․ մենք գիտակցում ենք, որ Հայաստանը դիմադրելու ռեսուրս չունի, որովհետև Արևմուտքը հայտարարություններից անդին ոչինչ չի անում, երկրորդը՝ ես վախենամ, որ Նիկոլ Փաշինյանը, դարձյալ իր վրայից պատասխանատվությունը թոթափելու նպատակով, այս հարցի շուրջ բանակցությունների չի գնա, հասցնելով այն կրիտիկական պահը, որ դարձյալ ամեն ինչ լուծվելու է հայ զինվորների կյանքերի գնով։ 

Այսինքն՝ ես վախենում եմ, որ նա այս պահանջից հետո սպասելու է ինչ-որ հրաշքների Արևմուտքից, դրանք, բնականաբար, իրականություն չեն դառնալու, ու ամեն ինչ վերջանալու է նրանով, որ ադրբեջանական լոկալ ագրեսիայի ականատես ենք լինելու, որի հետևանքով կորցնելու ենք և՛ տարածքներ, և՛ մարդկային կյանքեր, գուցե, ավելի շատ բաներ ևս։