«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զինվորի հեռախոսը զանգում էր, բայց նա զոհվել էր, չգիտեինք՝ ով պատասխաներ. բժշկուհին՝ 44 օր կյանքի համար պայքարելու և չկոտրվելու մասին (լուսանկարներ)

18/02/2021

Նարեն Ստեփանակերտից է. մասնագիտությամբ ռադիոլոգ: Հանրապետական հիվանդանոցի  ՄՌՏ-ի միակ մասնագետն է: Պատերազմից հետո որոշել է արձակուրդից մի քանի օրն անցկացնել Երևանում: 44 օր կյանքի համար պայքարելու, չկորտվելու, ժպտալու, արցունքների մասին է նրա պատմությունը, երկու տարբեր իրականության՝ պայքարող զինվորի և ամերիկանո վայելելու, ռմբակոծությունների տակ վիրահատությունների և պաղպաղակ ուտելու մասին է:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 365news.am-ի հետ զրույցում Նարեն պատմել է պատերազմական իր նոթերի մասին:

«Նարե, իրերդ հավաքի, ոսկիներդ վերցրու, իջնում ենք նկուղ»

Սեպտեմբերի 27-ին քրոջս ծնունդն էր, կեսգիշերին նրա համար անակնկալ էինք պատրաստել: Այդ օրն ուշ քնեցինք, պատուհանից այն կողմ ձայներ էին լսվում, առավոտյան արթնացա մորս ձայնից՝ Նարե, դուրս ենք գալիս, իրերդ հավաքի, ոսկիներդ վերցրու, իջնում ենք նկուղ: Հասկացա՝ ինչ է կատարվում: Բոլորը հավաքվել էին նկուղում՝ խուճապ էր, մարդիկ արտասվում էին: Եղբայրս Երևանում է սովորում, երբ իմացել էր, որ պատերազմ է, տաքսի էր նստել և եկել Ստեփանակերտ:

Հասկացա, որ չեմ կարող նկուղում անգործ նստել, մայրիկիս ասացի՝ դուք մնացեք, ես գնամ հիվանդանոց: Ընկերներիս ասում եմ՝ ամառային հագուստով գնացի, նոյեմբերի 7-ին՝ տարհանման օրը, ձմեռային հագուստով դուրս եկա հիվանդանոցից:

Պտտվեցի հիվանդանոցում, ուզում էի հասկանալ՝ ինչո՞վ կարող եմ օգնել, առաջին բուժօգնության գործն ամենաշատն էր և ամեն ժամը մեկ վիրավորների մեծ քանակ էին բերում: Մեկի մի ձեռքը չկար, մյուսի՝ ոտքը, մյուսի դեմքն այնքան վնասված էր, որ անճանաչելի էր:

Շուշիի մշակութային տան ռմբակոծության օրն ամենածանրն էր, իսկ հետևանքները՝ սարսափելի: Այդ օրն այսօրվա պես հիշում եմ: Նայում էիր վիրավորների դեմքին ամբողջությամբ վնասված էին, բայց ինքը խոսում է, երկու ոտք, երկու ձեռք չկա, երկաթյա սյուները մխրճվել էին մարդկանց մարմնի տարբեր մասերում: Բուժքրոջն ասում եմ՝ «շպրիցը» տուր, նայում եմ՝ արտասվում է: Ասացի՝ կամ գնա, կամ տեղն ասա ես կվերցնեմ: Բժիշկների հարազատներից մեծ մասը կռվի դաշտում էին և ամեն նոր վիրավորների հոսքի հետ մտածում էին՝ իրենց հարազատին էլ կարող է բերեն:

Հիվանդանոցի լույսերն անջատած էինք աշխատում, մթության մեջ լուսավորում էին մեր հեռախոսների փոքրիկ լույսերը: 

«Սովորաբար տղաների գրպաններում աղոթագիրք էր, սիրելիի լուսանկարը, խաչ. շատ հուզիչ էր»

44 օր ապրել ենք հիվանդանոցում, քնում էինք միջանցքում՝ ներքնակների վրա, ով որտեղ կարողանում էր: Հիվանդանոցը մի քանի շենքից է, պոլիկնիկա տանող ճանապարհն անցնում է միջանցքով, որն ամբողջությամբ ապակիներով է և սյուների վրա, այսինքն՝ մոտիկ խփելու դեպքում փուլ կգար: Բավականին վտանգավոր էր հիվանդին տեղափոխել այդ ճանապարհով, բայց այդպես, մոտավորապես, 10 օր աշխատել ենք: Լույսերն անջատում էինք և փորձում մաքսիմալ մթության մեջ աշխատել:

Պոլիկլինիկայի կողքին ծննդատուն էր, որի վրա էլ ընկել էր ԱԹՍ-ն: Առաջին հարկում էինք, այնքան ուժեղ դղրդոց եկավ, և պատուհանները կոտրվեցին միանգամից: Հարվածի ժամանակ վիրավորներ էին բերում, առաջին բուժօգնության աշխատակիցներն այդ ժամանակ սկսեցին արագ օգնություն ցուցաբերել, և ոչ ոք ապահով տեղ չտեղափոխվեց:

Վիրավորների մարմինների վրա թվեր էին գրած, որովհետև նրանք գիտակցություն չունեին, նրանց համարակալում էինք, որովհետև ոչ մի տվյալ չկար նրանցից: Սովորաբար բոլորի գրպաններում աղոթագիրք էր, սիրելիների լուսանկաները, գումար, խաչ. շատ հուզիչ էր: Մեզ ասում էին՝ հեռախոսս զանգում է, վերցրու մայրս է, ասա, որ լավ եմ: Հակառակն էլ էր լինում, զինվորի հեռախոսը զանգում էր, բայց նա զոհվել էր, չգիտեինք՝ ով պատասխաներ:

 

«Նյարդավիրաբույժը նայում էր զինվորին ՝ խաչակնքվում և ասում՝ կներես»

Բեկորային վիրավորումներն ահագին շատ էին, իսկ հրազենային վիրավորումները վերջին օրերին էին եղել, երբ արդեն ադրբեջանցիները մոտ էին: Բայց մեզ համոզում էին, որ ամեն ինչ նորմալ է, չնայած Շուշիից հրազենային վիրավորումով զինվորներ էին բերում, հասկանում էինք, որ թշնամին մոտ է: Բեկորային վնասվածքներն էլ այնքան տարօրինակն էին, երբ հետազոտում էինք, հասկանում էինք՝ թշնամին անընդատ զենքեր է փոփոխում:

Վիրավորը գալիս է, տեսնում ենք՝ գլխի խնդիր է, միանգամից տանում էինք ԿՏ: Նյարդավիրաբույժը երբ նայում էր առաջին կադրերը, տեսնում էր՝ ինչ է կատարվում գլխի մեջ, հասկանում, որ ոչինչ այլևս իր ձեռքում չէ, խաչակնքվում էր և ասում՝ կներես: 

Հիշում եմ վիրավոր կար, ում առաջին բուժօգնություն ցուցաբերեցինք, հետո տարանք վիրահատարան: Մի երկու ժամ հետո վիրահատական սեղանի վրա սրտի կանգ է եղել, երկու ժամ սրտի մերսում են արել, ցավոք, հնարավոր չի եղել փրկել: 

«Ձեր անունն ի՞նչ է, Սարգսյան Նարե, իսկ ես ձեր դասարանցի Վաչագանն եմ»

Սովորաբար վիրավորների մեծ հոսքի ժամանակ ռացիայով իրար հաղորդում էին, որ օրինակ՝ 50 հոգի մարդ է գալու: Դրսում կանգնած սպասում եմ, տեսա ծանոթ տղա. քույրիկիս դասարանցին էր, եղբորն էր սպասում: Նրա եղբայրն էլ իմ դասարանցին է: Բերում էին չորս հոգի, երբ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի մեքենային խփել էին, նա մեջն է եղել: Հայացքով սկսեցի ման գալ նրան, ուզում էի գտնել: Մեքենան կանգնեց, հերթով սկսեցինք ընդունել, ես հայացքով ման էի գալիս, որպեսզի գտնեմ: Նա լրիվ այրվածքներով էր, սև, մաշկը պլոկված: Բժշկուհուն ասում եմ՝ ի՞նչ պետք է անել, մեկ էլ տղան հարցրեց՝ Ձեր անունը ի՞նչ է, ասացի՝ Սարգսյան Նարե, ասաց՝ ես էլ ձեր դասարանցի Վաչագանն եմ: Այնպես էի հուզվել. ասացի` կներես, բայց քեզ չճանաչեցի, դեմքդ լրիվ փոխվել է:

«Թուրքերը զանգում էին հիվանդանոց, ասում՝ «вы еще не сдохли?»»

Վերջին օրերին առանց դադարի խփում էին. շատ մոտ էին: Համ մեր կողմի կրակոցներին էինք լսում, համ իրենց: Իհարկե, վախենալու էր:

Մի քանի անգամ էլ թուրքական համարով հիվանդանոց էին զանգել, ասում էին՝ «вы еще не сдохли? »: Մենք էլ թուրքերեն վատ բառեր էինք սովորել, որ հենց զանգեին, ասեինք:

Հետո այնքան վտանգավոր էր դարձել, որ հիվանդանոցի բժիշկները, բուժեղբայրները հագնում էին զրահաբաճկոնները, վերցնում զենքը ու պտտվում հիվանդանոցի տարածքում, անգամ պոստ էին սարքել: Հերթական հերթապահության ժամանակ՝ գիշերը չորսի կողմերն էր, զարմանալի խաղաղ էր, սուրճս վերցրեցի, հիվանդանոցի դուռը բացեցի ու մեկ էլ խփեցին քաղաքին, իսկ սուրճը թափվեց վրաս, երեք րոպե հետո նոր վիրավորներ բերեցին:

«Երևանից, որ ասում էին՝ ի՞նչ ուղարկենք, ասում էի՝ «լինոռ», «վանիշ» և լվացքի փոշի»

Բոլորն ասում էին՝ Նարեն ամենապոզիտիվն է, նրա դեմքին ժպիտ կա, ես էլ միշտ աշխատում էի, անկախ ամեն ինչից, հարդարված լինել: Օրը երկու անգամ ինձ կարգի էի բերում, ամենասարսափելին երբ դու լոգարանում էիր, և ազդանշանն էր միանում: Երևանից որ ասում էին՝ ի՞նչ ուղարկենք, ասում էի՝ «լինոռ», «վանիշ» և լվացքի փոշի:

Երբեմն այնքան էի հոգնում հիվանդանոցային կյանքից, գնում էի նկուղ մամայենց հյուր: Ճանապարհին մեքենա էի գտնում, գնում էի «Ռենեսանս» սրճարան, Բորյան՝ այնտեղի միակ մատուցողը, ինձ համար ձվածեղ էր պատրաստում և համեղ ամերիկանո տալիս: Այդ պահին կարող էր միանար ազդանշանը և մի քանի ժամ մնայի սրճարանում: Հետո ինքն էլ կամավոր գնաց կռիվ, երբ կռիվն ավարտվեց, կրկին բացվել էր սրճարանը, Բորային կրկին հանդիպեցի, ասացի՝ ճիշտն ասած, այդպես չեն ասում, բայց ուրախ եմ, որ ողջ ես:

Մի անգամ էլ հիվանդանոցի բակում պաղպաղակ էինք ուտում ու այդ ընթացքում ուժեղ ռմբակոծություններ էին: Ընկերուհիս ասաց՝ կարող է ներս մտնենք: Ասացի՝ դե լավ, մերոնք են խփում, հավես չկա: Արդեն կոփվել էինք: Ծնունդս էլ հիվանդանոցում նշեցինք՝ աշխատակիցները պեչենիներով տորթ էին սարքել, կողքն էլ գեղեցիկ ծաղիկ դրել:

«Մամ, չվախենաս, մեզ տեղափոխում են ուրիշ տեղ»

Նոյեմբերի 7-ին՝ տարհանման օրն, ասացի՝ մամ, չվախենաս, մեզ տեղափոխում են ուրիշ տեղ: Դու գնա Երևան, ես հետո պապայի հետ կգամ: Բուժանձնակազմին տարան Մարտակերտ, 7-ին մնացինք այնտեղ, ամսի 8-ին ասացին՝ կանայք և աղջիկները գնան, իսկ տղամարդիկ մնան: Ամսի 8-ին եկա Երևան, ամսի 9-ին, դե, ստորագրեցին, բայց ամսի 12-ին նորից հետ եմ գնացել Ստեփանակերտ:

Ամսի 7-ին՝ ժամը մեկին, արթնացա ընկերուհուս ձայնից, ասաց՝ արթնացի, իրերդ վերցրու, գնում ենք: Ամբողջ 44 օրվա մեջ առաջին անգամ արտասվեցի: Կողքիս մարդիկ վազում էին, խուճապ էր, բժշկական սարքավորումները քշում էին այն կողմից մյուս կողմ, իսկ ես կանգնել եմ հիվանդանոցի մեջտեղը ու չգիտեմ՝ ինչ վերցնեմ, ինչ անեմ: Լացում էի, համ վախենում եմ, համ չեմ ուզում գնալ, համ չգիտեմ՝ ինչ է կատարվում: 

Մի վնասվածքաբան կար, Մոսկվայից էր եկել, ինձ տեսավ հիվանդանոցի մեջտեղում կանգնած, արցունքները աչքերիս, մոտեցավ ու ասաց՝ Նար, համարս գրի, որ գաս Մոսկվա, այնտեղ լավ տեղեր ենք գնալու: Իսկ ես մտածում եմ՝ ի՞նչ Մոսկվա, սպասիր, մեզ Մարտակերտ են տանում: Նա ինձ երբեք այդ վիճակում չէր տեսել:

 

«Գնում եմ Երևան ու հետ գամ»

Երբ մեկ օրով եկա Երևան, այնքան անհանգիստ էի, լացս գալիս էր, ընկերներիս ասում էի՝ ինձ հարցեր չտաք, լավ բաներից խոսեք: Երբ վերադարձա, մի քանի օր հիվանդանոցում ապրեցի, քանի որ մեր տան պատուհանները չկային, քաղաքում լույս չկար, մութ էր:

Հիմա քաղաքում սրճարանները բացվում են, իհարկե մարդիկ հոգեպես կոտրված են, բայց քիչ-քիչ հետ են գալիս, դժվարն այն ընտանիքների համար է, ովքեր կորուստ են ունեցել, կամ չեն գտնում իրենց հարազատին: