«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ 1921թ․ ՄԱՐՏԻ 16–Ի ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 103–ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

15/03/2024

 Լրանում է 1921թ.մարտի 16 – ի Մոսկվայի ռուս – թուրքական պայմանագրի 103 – ամյակը: Այդ առիթով Generalnews.am –ը հարցազրույց է վերցրել Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանից։

-Պարոն Ներսիսյան ի՞նչ պայմաններում կնքվեց 1921թ. Մոսկվայի պայմանագիրը, ինպիսի՞ ռազմաքաղաքական զարգացումների արդյունք էր այն:
-Մոսկվայի պայմանագիրը տրամաբանական ավարտն էր այն ռազմաքաղաքական իրադարձությունների, որոնք տեղի ունեցան 1920թ. ողջ ընթացքում, փուլ առ փուլ, նոր ձևավորվող երկու պետությունների՝ բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի՝ ընդդեմ Դաշնակիցների միավորվելու արդյունքում: 1920թ. գարնանը բոլշևիկները հաղթելով երկամյա քաղաքացիական պատերազմում, իրենց առջև խնդիր դրեցին համաշխարհային հեղափոխության անվան տակ Ռուսաստանին վերադարձնել Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո կորցրած տարածքները և միաժամանակ նեղուցներից դուրս մղել անգլիացիներին, նեղուցներ, որոնք Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում խոստացվել էին Ռուսաստանին: Նույն խնդիրն իր առջև դրել էր նաև Մուստաֆա Քեմալը, որը ցանկանում էր վերածնել Թուրքիան, որը պարտվել էր պատերազմում և որի տարածքները բաժանվել էին Դաշնակիցների միջև: Նրանց շահերը բնականաբար համընկնում էին։ Ռուսներին միշտ էլ շատ ավելի ձեռնտու է եղել նեղուցների վրա Թուրքիային տեսնել, քան Անգլիային, ինչպես որ վերջինիս նույնը, երբ ռուսները փորձել են տիրել դրանց  19 – րդ դարի ռուս – թուրքական պատերազմենրի ընթացքում: Սևրի պայմանագրով Թուրքիան արդեն մասնատվում էր և հայերին նույնպես նախատեսվում էր իրենց բաժինը, որը հետագայում քարտեզով սահմանզատեց  Վիլսոնը, սակայն աշխարհաքաղաքական գործընթացները արդեն փոխեցին իրենց ուղին. բոլշևիկների կողմից վերածնվող Թուրքիան պարտադրեց Դաշնակիցներին իր պայմանները, որոնք այլևս չէին կարող գնալ ընդդեմ դրանց, քանի որ լրիվ բավարարված էին իրենց հասած Մերձավոր և Միջինարևելյան տարածքներով և ամենևին ցանկություն չունեին նորից պատերազմելու հանուն այն փոքր ժողովուրդների, որոնք տուժելու էին: 1920թ. օգոսոտոսի 24 -ի  ռուս – թուրքական համաձայնագրի նախագծով այս երկու տերությունները արդեն չէին ճանաչում որևէ միջազգային դաշանագիր՝ կնքված ի վնաս իրենց, Ռուսատանը ճանաչում էր քեմալական Թուրքիային, որը նշանակում էր, որ չի ընդունելու Սևրի պայմանագիրը: Հայաստանը նույնպես դիտվեց Անտանտի դաշնակից, իսկ հիշյալ համաձայնագրի նախագծով քեմալականների իրավունքները ճանաչվում էր   Կարսի և Արդահանի նկատմամբ, ինչպես նաև երկու երկրների միջև մարդկանց և ապրանքների ազատ տեղափոխության համար  Թուրքիային էր անցնում երկաթգծի Շահթախտ - Սարիաղամիշ հատվածը, որով թուրքերը հնարավորությւոն էին ստանում գրավելու այն։ Ի դեպ, այդ հատվածը օգոստոսի 10-ի Թիֆլիսի հայ – ռուսական համաձայնագրով մնալու  էր ՀՀ – ին: Դրանց գրավումով փաստորեն սկսվեց թուրք - հայկական պատերազմը, բացի այդ թուրքերը ռուսների օգնությամբ հաղթեցին և ծովը թափեցին հունական բանակները՝ ստիպելով դաշնակիցներին հաշվի նստել իրենց հետ: Պատերազմը հայերի հետ ավարտվեց մեր կողմի պարտությամբ և Հայաստանի մի մասի խորհրդայնացմամբ: Մոսկվայի պայմանագիրը իրավական ուժ տվեց այս ամենին՝ գծելով նոր սահմաններ Թուրքիայի հետ, ցավոք, ի վնաս Հայաստանի:
-Հայաստանի Հանրապետությունը Ձեր կարծիքով 1920թ. ամռանը կարող էր որդեգրել այնպիսի քաղաքական ռազմավարություն, որը  կնպաստեր, որոշ տարածքներ չկորցնելուն։
-Հարկավ, կարող էր: ՀՀ ղեկավարությունը, մեր կարծիքով, ճիշտ չկողմնորոշվեց այն քաղաքական նոր իրադարձությունների մեջ, որոնք տեղի էին ունենում բոլշևիկ – քեմալական դաշինքի հետևանքով: Այդ դաշինքը արդեն ի չիք էր դարձնում Սևրի պայմանգիրը։ Անհրաժեշտ էր չտարվել դրա իրականացման երազանքներով, որովհետև հենց կնքման օրն ակնհայտ էր, որ այն գոնե  մեր առումով չի իրականանալու և օգոստոսի 24 – ի վերոնշյալ համաձայնագրից առաջ Հայաստանը հռչակել խորհրդային: Դրանով կխուսափեինք պատերազմից, քանի որ Թուրքիան կզրկվեր ՀՀ  - ն Անտանտի դաշնակից համարելով՝ նրա վրա հարձակվելու պատրվակից, մի բան, որն հայտարարվեց  1920թ. սեպտեմբերին կայացած  Բաքվի Արևելքի ժողովուրդների համագումարում: ՀՀ խորհրդային հռչակվելու դեպքում  հաստատ հնարավոր կլիներ պահել Կարսի մարզը, որովհետև քեմալակնները չէին կարող հարձակվել մի երկրի վրա, որն արդեն Ռուսատանի դաշնակիցն էր։ Սրանում երկրորդ կարծիք չի կարող լինել: Ի վերջո, ռուսները թուրքերին կանգնեցրին, երբ արդեն շատ էին առաջ եկել և հայերին պարտադրեցին կնքելու 1920թ․ դեկտեմբերի 2 –ի Երևանի  համաձայնագիրը, որով ՀՀ - ն խորհրդայանցվեց:
-Պարոն Ներսիսյան, Մոսկվայի պայմանագիրը փաստորեն Դաշնակիցները չճանաչեցին: Դա չի նշանակում արդյոք, որ այն չուներ օրենքի ուժ:
- Գիտեք, տվյալ իրավիճակում դա հարցի երկրորդական կողմն էր, որովհետև արդեն առկա էր  կատարված իրողություն, որի դեմ նրանք գործելու ցանկություն չունեին, քանի որ իրենց ակնկալածն արդեն ստացել էին: Պատահական չէ, որ Լոնդոնի կոնֆերանսում արդեն նրանք հրաժարվեցին հայկական պահանջներից և  ծնվեց Թուրքիայում <<Հայկական օջախ>> ստեղծելու գաղափարը, իսկ Լոզանում արդեն Սևրի պայմանագիրը դուրս մղվեց, քանի որ Դաշնակիցները Քեմալի հետ որդեգրեցին սիրաշահման քաղաքականություն։ Մի բան, որը չնախատեսեց հայ քաղաքական միտքը։
- Մոսկվայի պայմանագիրը հենց հայերի դե՞մ էր ուղղված, թե՞ նպատակաուղղված էր ավելի կարևոր քաղաքական հարցերի լուծմանն՝ ի վնաս Դաշնակիցների:
- Հարկավ,  այն ուղղված էր նաև  հայերի դեմ, քանի որ նրանք  կորցրեցին տարածքներ, որոնք Հայաստանի Հանրապետության մաս էին։ Խոսքը վերաբերում է մասնավորապես Կարսին և Իգդիրին, որը փաստորեն տրվեց  Թուրքիային՝ Բաթումը պահելու դիմաց: Նախիջևանն էլ նվիրաբերվեց Ադրբեջանին: Բայց այս հարցերը այս ձևով լուծելը Ռուսաստանի համար ինչ որ առումով երկրորդական նշանակություն ունեին, քանի որ նա հասավ իր բուն նպատակին, նեղուցների դուրս մղելով Դաշնակիցներին: Այս կարևոր հարցը լուծելով, նա չէր կարող ընդդիմանալ Թուրքիային  կամ Ադրբեջանին՝ չզիջելով հայկական հողերի հարցում։
- Իսկ հնարավոր էր արդյո՞ք, որ հայ քաղաքական միտքն այնպես աշխատեր, որ, ասենք, Նախիջևանի հարցում խնդիրը լուծվեր հոգուտ հայոց:
- Գիտեք, ընդհանրապես հայ քաղաքական միտքը չի եղել ճկուն։ Դժվարանում ենք միանշանակորեն պնդել, թե լուրջ աշխատանքի դեպքում դա կհաջողվեր կամ ոչ, բայց մի բան ակնհայտ է, որ արդեն այն հետ էր մնացել: Բացի այդ, հայ բոլշևիկները հիմնականում առաջնորդվում էին այն սկզբունքով, թե տարբերությունը ո՞րն է՝ մերն է, թե՞ Ադրբեջանինը, չէ՞, չէ՞ որ  երկուսն էլ խորհրդային են: Այսինք՝ինչպես ասում են՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ էին: Իրադարձությունների վրա հօգուտ մեզ կարող էինք ազդել, ինչպես նշեցինք, 1920թ․ ամռանը, հրաժարվելով մաքսիմալիզմից և <<կարմիր քող>> հագնելով, ինչպես թաթարները, այսինք խորհրդայնանալով և բանակցելով անմիջապես քեմալականների հետ, որը հուշում էին նաև Դաշնակիցները։
- Այսօր, երբ լրանում է այս պայմանագրի 103 – ամյակը, ոչ նախկին չաթով, ինչպես 100-ամյակի օրերին, զանազան տեսակետներ և մեկնաբանություններ են հնչում, թե ռուսները և թուրքերը  այն կվերանայեն, հնարավոր է նորից պատերազմ սկսվի կամ  նոր բաժանումներ կատարեն  և այլն: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս ամենի մասին:
- Գիտեք, նորություն չէ այն, որ հայը իր մտքերը և ցանկությունները նույնությամբ տեսնում է հակադիր կողմերի միջև: Մյուս պատճառն էլ այն է, որ որոշ մարդիկ, որոնց տերերը հեռու գրասենյակներում են նստած, դիտավորյալ են դա անում: Խոսք անգամ չի կարող գնալ այդ պայմանագիրը վերանայելու մասին, ընդհակառակը, դրա հարյուրամյակը պատշաճորեն նվեց։ Եվ դա պատահական չէ, որովհետև այդ պայմանագրով իրենք հաղթական են դուրս եկել Դաշնակիցների նկատմամբ, վերածնվել է Թուրքիան և իր դիրքերն է ամրապնդել Ռուսատանը:Իսկ ինչ վերաբերում է նոր բաժանումներին, ապա հիմա արդեն դա էլ չի բացառվում, բայց ԱԴրբեջանի հետ, որը կախված է նաև Թուրքիայի օրհնությունից։ այդ մասին խոսելն ինքնին ավելորդ է և միայն խուճապ և վախ է հարուցում մեր առանց այն էլ վախեցած ժողովրդի մեջ: Բաժանումն արդեն եղավ: Արցախյան պատերազմով Թուրքիան մասամբ հասավ իր նպատակին, քանի որ ցանկանում է նոր տնտեսական ուղիներ ձեռք բերել՝ ի հակակշիռ Ռուսաստանի և  հեգեմոն դիրք գրավել մեր տարածաշրջանում։  Մեր հակառուսական դիրքրոշումը  ռուս-թուրքական մերձեցմամբ պայմանավորելը հիմնազուրկ է, որովհետև անկախ օբյեկտիվ պապատճառներով  համագործակցությոնից, ռուսներն են մնում այս տարածաշրջանում Թուրքիայի հակակշիռը և նաև Իրանը։ Այս առումով վնասաբեր է մեր կտրուկ թեքումը դեպի Արևմուտք։  Իսկ ինչ վերաբերում է այդ պայմանագիրը չեղյալ հայտարարելու կոչերին,որոնք մի ժամանակ հնչում էին, ապա դրանք կարելի է որակել որպես պրովոկացիաներ միայն կամ զգացմունքի հետևանք արտահայտություններ և չափազանց վտանգավոր, քանի որ  ինչպե՞ս ես չեղյալ հայտարարում մի պայմանագիր, որն ինքդ չես կնքել, ավելին՝ որի տակ չես էլ ստորագրել: Դա չի կարող վերաբերել նույնիսկ Կարսի պայմանագրին, որը չեղյալ հայտարարելու համար պետք է միանան Ռուսաստանը,  Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը: Բայց դրա մասին խոսելը ֆանտազիայի ժանրից է:
- Պարոն Ներսիսյան, վերջին հարցը։ Ձեր կարծիքով ներկայումս, այս բարդ իրավիճակում ինչ քաղաքական գիծ պետք է ընտրի Հայաստանը:
- Դուք տվեցիք մի հարց, որի սթափ պատասխանը տարաբնույթ եզրակացությունների տեղիք կտա: Ես զարմացած եմ մնում, որ այս իրավիճակում դեռևս շատ քաղաքական ուժեր խոսում են Արևմուտքի միջոցով  մեր ազգային անվտանգությւոնն ապահովեկու հնարավորությունից։  Միթե՞ կարելի է: Մեր քաղաքական գիծը պետք է լինի՝ ամեն կերպ մեր արժանապատվութունը պահելով չհակադրվել ռուսներին և փրկությւոն չորոնել Արևմուտքում։ Արևմուտք – Ռուսաստան հակասությունները ճիշտ վերլուծելով արտաքին դիվանագիտություն կառուցել։ Խնդրեմ, կառուցենք դրացիական հարաբերություններ մեր հարևանների հետ, բայց պահելով մեր արժանապատվույթւոնը: Պատերազմներում կարող ես  տանուլ տալ, հաղթել կամ էլ գնալ փոխզիջման: Ոչ հեռավոր անցյալում մենք էին հաղթող և թելադրող կողմը, բայց դա անցավ և անցավ մեր սխալների պատճառով: Այժմ մեր դիրքերը չափազանց թույլ են։ Հեռու մնանք պրովոկացիաներից, ներքաղաքական դաշտում համախումբ լինենք, պահենք բարձր մեր արժանապատվությունը և ոչ թե աշխարհի առաջ մեզ խայտառակենք:Հավատացնում եմ ձեզ, որ այս դեպքւոմ մենք կկարողանանք շտկել մեր դիրքերը: