«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մակրոնը Բայդենի հետ համաձայնել են, որ և Ցեղասպանության հարցը, և Ղարաբաղի ու Հայաստանի ապագան նոր լույսով ներկայացնեն

28/04/2021

Մեր զրուցակիցն է ֆրանսահայ բժիշկ, Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո խոսվում է այն մասին, որ հաջորդ քայլը պետք է անի Ֆրանսիան, որը պետք է ճանաչի Արցախի անկախությունը:

Ապրիլի 24-ին իսկապես եղավ մեծ քայլ, երբ Ամերիկան Բայդենի ձայնով ցույց տվեց ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաև համաշխարհային առումով իր մոտեցումը, որովհետև սրանով նա էրդողանի պատասխանը տվեց, Պուտինի պատասխանը տվեց մինչև Սի Ծինփին: Այսինքն ինքն ուզեց ցույց տալ, որ նոր Ամերիկա է ասպարեզ գալիս, ինչպես իրենից առաջ Վիլսոնը քայլեր էր արել: Մենք գիտենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում կան Ամերիկան, Ֆրանսիան և Ռուսաստանը, և հիմա ստացվում է, որ երեք էլ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, հետևաբար աստղերը մի քիչ պետք է փայլեն մեզ համար: Այսինքն այս կարևոր քայլը պետք է շարունակություն ունենա և հասնի մինչև Արցախի Հանրապետության ճանաչում: Այս գործը պետք է բաց մնա, որովհետև Ֆրանսիան էլ է մտնում ընտրության շրջան: Գիտեք, որ Մակրոնն իր վարկանիշով մի քիչ հետ է, սպասենք, տեսնենք ինչ կլինի:

Պուտինն ու Մակրոնը հայտարարում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված նոր նախաձեռնության մասին, որ կոնկրետ նախաձեռնություններով են հանդես գալու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Դուք ինչպե՞ս եք գնահատում նման պայմանավորվածությունը հեռախոսազրույցի ընթացքում:

Գոնե այսօր Մակրոնը մենակ չէ, իրենք Բայդենի հետ համաձայնել են, որ և Ցեղասպանության հարցը, և Ղարաբաղի ու Հայաստանի ապագան նոր լույսով ներկայացնեն: Այդ առումով կարևոր ժամանակներ են: Հիմա մնում է դա դարձնել ֆրանսիական պետության որոշում: Գիտեք, որ Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությունն այս օրերին այցելել էր Հայաստան: Նկատենք, որ խոսելը մի բան է, անելը այլ բան, այսինքն աշխատանքները պետք է շարունակվեն: Հայաստանն այս առումով մեզ շատ չի օգնում, որովհետև կառավարությունը մի քիչ տկարացած է, ընտրություններ պետք է լինեն: Կարծում եմ, որ գոնե մինչև ամառ դժվար է առաջ շարժվելը, բայց պետք է պատրաստվենք: Նոր էջ է բացվում մեզ համար, թե Հայաստանի համար, թե Սփյուռքի:

Հայաստանում ստեղծված իրավիճակը խանգարո՞ւմ է այդ գործընթացներին:

Այո, խանգարում է, որովհետև իմ կարծիքով, զորավոր քայլեր անելու համար պետք է Հայաստանի և Արցախի կառավարությունները ավելի ուժեղ լինեն: Ցանկացած երկրում, երբ կարևոր ընտրություններ պետք է տեղի ունենան, բոլորը սպասում են այդ ընտրությունների արդյունքներին, որ տեսնեն, թե ով է գալիս իշխանության: Օրինակ, երբ Թրամփն ու Բայդենը պայքարի մեջ էին, գոնե երեք ամիս Ամերիկայի ձայնը չէր լսվում: Արցախյան պատերազմի ժամանակ և դրանից հետո ստորագրված հայտարարության ժամանակ Բայդենի ձայնը չլսվեց:

Արցախի անկախության ճանաչման ինչպիսի շանսեր կան Ֆրանսիայում:

Այսօր ավելի մեծ են շանսերը, քան երեք ամիս առաջ: Ես այդպես եմ զգում, բայց դեռ շատ աշխատանք կա անելու: Բավական շատ ղեկավարների, պատգամավորների, սենատորների մտքում այդ գաղափարը կա: Նման մարդկանց թիվը բավական աճել է, հետևաբար ավելի մեծ շանս կա այսօր, քան երեք ամիս առաջ:
https://www.lragir.am/