Իսրայելը դրական է գնահատել Վաշինգտոնում կայացած լիբանանա-իսրայելական շփումների առաջին փուլը
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեհիել Լայտերը հաջողված է համարել ապրիլի 14-ին Վաշինգտոնում կայացած լիբանանա-իսրայելական շփումների նախնական փուլը: «Բանակցություններն անցել են հիանալի, գերազանց մթնոլորտում: Մենք բոլորս միակարծիք ենք այն հարցում, որ անհրաժեշտ է Լիբանանն ազատագրել «Հեզբոլլահից»»,- լրագրողներին հայտարարել է դիվանագետը: Լայտերը նաև հույս է հայտնել Լիբանանի երկարաժամկետ բարգավաճման և լիբանանա-իսրայելական սահմանը գործարար ու զբոսաշրջային շփումներով լիարժեք խաղաղ սահմանի վերածելու համար:
Պատասխանելով Լիբանանի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվող հարվածների մասին հարցին՝ դեսպանը ողջ պատասխանատվությունը բարդել է «Հեզբոլլահի» վրա՝ հայտարարելով, որ Իսրայելը մտադիր չէ հանդուրժել իր բնակավայրերի հրթիռակոծությունները։ Հանդիպումն անցկացվել է ԱՄՆ հովանու ներքո։ Պատվիրակությունները գլխավորել են Վաշինգտոնում երկու երկրների դեսպանները՝ Նադա Համմադե-Մուավվադը և Յեհիել Լայտերը։ Շփումների նպատակն էր սահմանել լիարժեք խաղաղ բանակցությունների մեկնարկի ամսաթիվը։