«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մինչև Թուրքիան իր նախապայմանները չվերացնի, իմաստ չունի որևէ բանակցություն վարել Թուրքիայի հետ

30/10/2021

Lragir.am–ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

Պարոն Սաֆրաստյան, վերջին շրջանում բավական ակտիվ քննարկվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցը: Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան այդ հարցով խորհրդակցում է Ադրբեջանի հետ: Հայկական կողմն էլ հայտարարում է, որ այդ հարցը քննարկում Ռուսաստանի հետ: Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջ քաշել:

Կարծում եմ՝ մինչև Թուրքիան իր նախապայմանները չվերացնի, իմաստ չունի որևէ բանակցություն վարել Թուրքիայի հետ, որովհետև նախապայմանների առկայության դեպքում Թուրքիան պետք է ամեն ինչ անի, որ դրանք ընդունվեն: Այսինքն բանակցությունները կվերածվեն ճնշումների՝ նախապայմանները ընդունել տալու համար, Հայաստանն էլ կաշխատի չընդունել դրանք: Այս պայմաններում իրական բանակցություններ հնարավոր չեն:

Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այս ոգևորությունը: 2009 թվականին էլ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, սակայն դրանք այդպես էլ կյանքի չկոչվեցին: Հիմա իրավիճակը տարբերվո՞ւմ է, ի՞նչ կարող ենք ակնկալել:

Ստատուս քվոյի փոփոխություն է եղել տարածաշրջանում, և տարածաշրջանի հարևան երկրները պայքարում են այդ ստատուս քվոն իրենց շահերին ավելի համապատասխանեցնելու համար՝ Թուրքիան, Ռուսաստանը, որոշ չափով նաև Իրանը: Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, ապա պատերազմում մեր պարտությունից հետո Թուրքիան և Ադրբեջանը համարում են, որ իրենց համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ, եւ կարող են ուժեղացնելով Հայաստանի նկատմամբ ճնշումը՝ նոր զիջումներ կորզել Հայաստանից, այդ թվում հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Բայց ես համոզված եմ, որ Արցախի հիմնահարցը դեռևս չի կարգավորված և պատահական չէ, որ Մինսկի խումբը վերջին շրջանում, կարծես թե, նշաններ է ցույց տալիս, որ փորձելու է ակտիվացնել իր գործունեությունը: Այնպես որ, Արցախի  հիմնահարցը դեռևս կարգավորված չէ և այդ առումով Թուրքիայի նախապայմանը, որ Հայաստանը չօգնի, չօժանդակի Արցախի Հանրապետությանը, մնում է ուժի մեջ, չի վերացել այդ նախապայմանը:

Թուրքիան և Ադրբեջանը խոսում են միջանցք բացելու մասին:

Թուրքիան միջանցքի հարցում շատ է շահագրգռված, որովհետև դրանով նա ոչ միայն կապ է ստանում բուն Ադրբեջանի հետ, այլ նաև Ադրբեջանի տարածքով Կասպից ծովով կապ է հաստատում թուրքական աշխարհի հետ: Դա Թուրքիայի համար կարևոր է երկու առումով. նախ Ադրբեջանի հետ ինտեգրումն ավելի արագացնելու, այդ թվում ռազմական ոլորտում, և երկրորդը պանթուրքիստական ծրագրեր իրականացնելու համար: Դա շատ կարևոր է Թուրքիայի համար, որովհետև երկու շաբաթ հետո սպասվում է, որ պետք է հայտարարվի, որ թուրքական երկրների խորհուրդը կվերակազմավորվի և կդառնա Թուրքական միություն, որպես մոդել ունենալով Եվրոպական միությունը, այսինքն ինտեգրման շատ ավելի բարձր մակարդակ: Դա փաստորեն պանթուրքիստական ծրագիր է, իսկ այդ այսպես կոչված միջանցքը այդ ծրագրի մասն է կազմում: Այնպես որ, Թուրքիան այստեղ շատ ավելի մեծ շահագրգռվածություն ունի: Ինչ վերաբերում է խոսակցություններին, իմ դիտարկմամբ, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հատուկ ուղղորդվում են այդ խոսակցությունները դեպի միջանցքի խնդիրը: Թեև պաշտոնապես դրա վերաբերյալ ոչինչ չկա, բայց այդ երկու երկրները համառորեն դրա մասին խոսում են: Դա վկայում է այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը այդպիսի խոսակցություններով փորձում են ճնշում գործադրել Հայաստանի վրա և փորձել զիջումներ պարտադրել:

Ես մի հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել: Սրանից բառացիորեն մի քանի օր առաջ  Թուրքիայի պետական ռադիոյի և հեռուստատեսության ծառայությունը՝ TRT-ն, արտասահմանին ուղղված իր հարղորդումների կայքում դրել էր քարտեզ, որտեղ Զանգեզուրի միջանցք անվանված էր ողջ Սյունիքի մարզը: Այսինքն այստեղ իրենք բացահայտում են իրենց հեռահար ռազմավարական նպատակը՝ ոչ միայն այդ միջանցքն իրականություն դարձնել, այլ տիրանալ ողջ Սյունիքին: Սրա մասին ես վաղուց եմ ասել, որ իրենց նպատակն է, որ Սյունիքը չլինի հայկական: