«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԼՂ հակամարտությունը համապարփակ կարգավորում պետք է ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում

03/11/2021

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրուց է տվել «Nouvelles d’Arménie» ամսագրին՝ անդրադառնալով  44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային իրավիճակին, Թուրքիայի հետ հարաբերություններին առնչվող հայկական կողմի դիրքորոշումներին․

-Ինչպիսի աշխարհաքաղաքական վիճակում է գտնվում Հայաստանը 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց: Ինչպե՞ս եք տեսնում տարածաշրջանի ապագան:

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ծանր հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, ինչպես նաև նոր մարտահրավերներ առաջ բերեց տարածաշրջանային անվտանգության և կայունության համատեքստում։

Թեև նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությամբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից վերոնշյալ հայտարարությամբ ստանձնած որոշ հանձնառությունների չկատարմամբ, մասնավորապես՝ որոշ դրույթների աղավաղմամբ, ռազմագերիների և քաղաքացիական անձանց շարունակվող պատանդառությամբ, ինչպես նաև ռազմատենչ ու ծավալապաշտական հռետորաբանությամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումներով և ուժի կիրառման նոր սպառնալիքով:

Ադրբեջանական կողմի սադրիչ վարքագիծն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների վրա, ինչին մենք առերեսվեցինք, օրինակ, տարանցիկ փոխադրումների նկատմամբ իրականացվող անթույլատրելի քայլերով: Ցավոք, երրորդ երկրների կողմից այս վարքագծի, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանության խրախուսումը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանի կայունության համար։

Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է իր ջանքերը տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու ուղղությամբ։ Մեր երկրի  կառավարության ծրագրում հստակ արձանագրված է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ ներդրում ունենալու պատրաստակամությունը: Վստահ եմ, որ մյուս երկրների կողմից  համապատասխան քաղաքական կամքի դրսևորման և կառուցողական քայլերի իրականացման պարագայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ վերոնշյալ օրակարգի շուրջ ակտիվ քննարկումներ սկսելու համար։

-Այս տարվա սեպտեմբերին՝ երկար դադարից հետո, Նյու Յորքում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Արդյո՞ք սա նշանկում է, որ խաղաղ գործընթացը վերսկվել է, ի՞նչ հեռանկարներ կան այս առումով: 

Չնայած Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության պնդումներին, որ Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ինչպես նաև բազմաթիվ այլ պետություններ կիսում են հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և պետք է ստանա համապարփակ կարգավորում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով: Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման դիրքերից։

Այս առումով կարևոր ենք համարում Նյու Յորքում կայացած հանդիպումները, որոնք, առաջին հերթին, հնարավորություն են ստեղծում քննարկելու և լուծում փնտրելու հրատապ հումանիտար հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում են բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձմանը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանմանը, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը:

Այս առաջնային հումանիտար խնդիրների լուծումը անհրաժեշտ պայմաններ  կստեղծի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ լուծմանն ուղղված սուբստանտիվ քննարկումներ սկսելու համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների ու տարրերի, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։

-Արդյո՞ք Ֆրանսիան և ԱՄՆ այսօր որևէ իրական դերակատարութուն ունեն հակամարտության կարգավորման գործընթացում: Պատերազմից հետո ՄԽ-ի համանախագահող երկրների դիրքորոշման մեջ արդյո՞ք որևէ փոփոխութուն է նկատվում՝ համեմատ պատերազմից առաջ նրանց կողմից որդեգրված կեցվածքին։

Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան՝ հանդիսանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամներ, մշտապես իրենց կարևոր դերակատարությունն են ունեցել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։

44-օրյա ագրեսիայի ընթացքում համանախագահ երկրները ջանքեր են գործադրել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ, ինչի արդյունքում հոկտեմբերի 10-ին՝ Ռուսաստանի, հոկտեմբերի 17-ին՝ Ֆրանսիայի և հոկտեմբերի 25-ին՝ ԱՄՆ միջնորդությամբ հակամարտության գոտում հրադադար է հաստատվել, որը, սակայն, խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները, ինչպես նաև՝ համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարություններով, որոնք վերաբերում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորմանը, տեղում ստեղծված մի շարք հումանիտար խնդիրների հասցեագրմանը։ Այս համատեքստում հիշեցնեմ 2020թ․ դեկտեմբերի 3-ի և 2021թ․ ապրիլի 13-ի համանախագահների համատեղ հայտարարությունները, որտեղ հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների վերսկսման համար՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միասնական ու հետևողական ջանքերը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, այնպես էլ՝ ձևաչափից դուրս, ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը։ Կարևորում եմ բարձրագույն մակարդակով համանախագահ երկրների հետագա միջնորդական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտություն կարգավորմանը:

-Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ: Արդյո՞ք տեսանելի ապագայում կարելի է այս առումով զարգացումների սպասել:

Մեր կառավարության ծրագրում ամրագրված է, որ Հայաստանը պատրաստակամ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը, այս օրերին Թուրքիայից այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ հնչող հայտարարությունները իրենց բացասական ազդեցությունն են ունենում տարածաշրջանում կայունության վրա։

Այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում հնչեցրել է հայկական կողմի տեսակետը, որ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման պատրաստակամության և համապատասխան գործողությունների դեպքում Հայաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների կառուցման հնարավորությունները։

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում: