«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շատ ափսոս է Լիբանանը. Երկիրը Տիտանիկ նավի նման սուզվում է

09/07/2021

Մեր զրուցակիցն է ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ դոկտ. Ավետիս Դաքեսյանը
Ի՞նչ է կատարվում Լիբանանում և արդյոք սոցիալական պայթյունն արդեն օրերի հարց է:
Ոչ, պայթյունն այդքան մոտալուտ չէ: Ճիշտ է ճգնաժամային է վիճակը, մասնավորապես վառելիքի, դեղամիջոցների, հացի հետ կապված դժվարություններ կան, բայց պայթյունը մոտալուտ չէ: Հիմա Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները ժողով են անում, քննարկում են իրավիճակը: Մենք, որպես հայկական համայնք, մեր բոլոր երեք կուսակցությունները, նաև Բարեգործականը, հայերի կարիքներին հասնում են: Վերջերս Արամ Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ և շնորհիվ Ալեքո Բեզիկյանի մեծագումար նվիրատվության՝ բոլոր հայերի, առանց բացառության, բժշկական կարիքները կֆինանսավորվի և անհրաժեշտ բուժօգնություն կտրամադրվի: Փառք Աստծո, կան նվիրատուներ, որոնք օգնության են հասնում լիբանանահայերին:
Այսինքն հայ համայնքն այս պահին այդքան էլ վատ վիճակում չէ՞:
Ոչ, ճիշտ է, ճգնաժամը կա, բայց պայթյունավտանգ վիճակ ես չեմ տեսնում: Շատերն ասում են՝ կարող է  ժողովուրդը պոռթկա, քաղաքացիական պատերազմի գնա, բայց ես այդպես չեմ կարծում: Բանակը միշտ եղել է ժողովրդի կողքին և թույլ չի տա քաղաքացիական պատերազմ լինի: Լիբանանի բանակը ապահովության գլխավոր երաշխիքն է: Երկրի ղեկավարները՝ նախագահ, վարչապետ, ամեն ինչ անում են, որպեսզի բանը դրան չհասնի: Հուսանք, որ մի տեղից ճերմակ ծուխը դուրս կգա: Այնպես որ, պայթյունը դեռ մոտ չէ:
Միջազգային կառույցները Լիբանանի քաղաքական իշխանությանը մեղադրում են կոռուպցիայի մեջ: Դուք ինչպե՞ս եք  գնահատում, այս ամեն ինչում մեղքը քաղաքական իշխանության վրա՞ է:
Այո, կոռուպցիան կա, և ամբողջ արաբական աշխարհը, Ֆրանսիան, հայտարարում են, որ պետք է բարեփոխումներ անեք, կոռուպցիայի դեմ պայքար սկսեք, որպեսզի մենք ձեզ օգտակար լինենք, օգնենք նյութապես: Հիմա դա է պրոբլեմը, որ որևէ մեկը չի օգնում: Ասում են՝ նոր կառավարություն կազմեք նոր դեմքերով: Բայց դա էլ դժվարությունների հետ է կապված: Գիտեք, Սաադ Հարիրին վարչապետ նշանակվեց, բայց չի կարողանում կաբինետը ձևավորել, քանի որ տարբեր կողմերից ճնշում են: Դժբախտաբար Լիբանանի հարցը միջազգայնացավ, բոլոր երկրները միջամտում են:
Շա՞տ են այն լիբանանահայերը, որոնք ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան ու հաստատվել այստեղ:
Այո, այո, բոլորի մոտ ցանկություն կա Հայաստան վերադառնալու, գոնե մի քիչ հանգիստ ապրեն, բայց ցավոք, նյութական խնդիրը կա: Բանկերում գումարներ ունեն, բայց չեն կարողանում հանել: Տեսնենք, թե ինչպես մարդիկ կարող են իրենց փողը վերցնելու ու դուրս գալ այս երկրից:
Այսինքն առնվազն այս փուլում Լիբանանում հեռանկար ու ապագա չկա՞:
Ցավոք, այո: Շատ ափսոս է Լիբանանը: Երկիրը Տիտանիկ նավի նման սուզվում է: Տնտեսությունը փլուզվում է և իրավիճակին մոտալուտ լուծում չի երևում: Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան և Ամերիկայն կարծես թե գործի են անցնում, տեսնենք, ինչ կարող են անել, հուսով ենք մի լուծում կլինի:
Կարծում եք՝ Հայաստանում կայացած ընտրություններից հետո ավելի շատ լիբանանահայեր կցանկանան հաստատվել Հայաստանում:
Իհարկե, ինչու պետք է չգան: