«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Արմավիրում ապաստանած արցախցիները վերադառնում են հայրենի տուն

20/11/2020

Վլադիմիրը Մարտունու Բերդաշեն գյուղից է։ Մեկ ամիս է՝ ընտանիքի հետ ապրում է Էջմիածնի Առատաշեն համայնքում։ Այստեղ նրանց ջերմ են ընդունել, տղան հասցրել է դպրոց էլ գնալ, բայց հարազատ գյուղը կանչում է, դպրոցը՝ սպասում։

Վլադիմիր - Տեղյակ եմ, որ նորմալ վիճակում է, դպրոցի կողքը խփել է, բայց դպրոցին բան չի եղել։

Վլադիմիրի ընտանիքը տուն է գնում իրենց մեքենայով՝ ավտոբուսների հետևից։ Արմավիրի մարզում հանգրվանած արցախցիների արդեն երկրորդ խումբն է վերադառնում։ Տիկին Հասմիկի տունը՝ Մարտունու Սոս գյուղում, հրետակոծությունից վնասվել է։ Ասում է՝ տեղ հասնեմ, կարգի կբերեմ։

Հասմիկ Առաքելյան - Մաքրություն եմ անելու:

Ավտոբուսներն Արցախ են մեկնում Էջմիածնի հրապարակից։ Հաշված րոպեների ընթացքում երկու ավտոբուսի բոլոր նստարանները զբաղված էին: Մյուս ավտոբուսները ճամփին էին՝ դեռ սպասողներ կան: Շտապում են տուն հասնել, բայց անորոշություն էլ կա: Գնում են հույսով, որ Արցախի իշխանությունն իրենց մենակ չի թողնի:

Անժելա Բաղդասարյան (Ստեփանակերտի բնակիչ) - Խոստացել են, որ լավ կլինի, ասել են՝ եկեք:

Թամարա Բաղդասարյան (Ստեփանակերտի բնակիչ) - Պիտի որ լավ լինի, չեմ կարող ասել։

Պատերազմի ամենաթեժ օրերին տիկին Ամալյան չի լքել տունը։ Ստեփանակերտցի կնոջը ստիպողաբար են ուղարկել Հայաստան։ Ուրախ է, որ գոնե մայրաքաղաքի շատ թաղամասեր, այդ թվում իր փողոցն ու տունը, հրետակոծություններից չեն տուժել։ 

Էջմիածնից Ստեփանակերտ հինգ ավտոբուս շարժվեց։ Վարորդները հավաստիացնում են՝ ճանապարհն անվտանգ է։

Նվեր Սարգսյան (վարորդ) - Ուղեկցում են մեզ, վախենալու բան չկա:

Արցախցի այն ընտանիքները, որոնք դեռ կշարունակեն ապրել մարզի քաղաքներում ու գյուղերում, ուշադրության պակաս չեն ունենա։

Մարիամ Պողոսյան (Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի քարտուղար) - Տաքացուցիչներով ենք ապահովում, ովքեր չունեն, պարբերաբար սնունդ ենք մատակարարում:

Իսկ Վլադիմիրն անհամբեր է, նվեր ստացած դեղձանիկը պետք է ցույց տա ընկերներին ու փոխանցի Հայաստանում ապրած օրերի հիշողությունները:

Հյուրընկալությունից շնորհակալ ապագա զինվորը չմոռացավ նաև հրավերի մասին։

Վլադիմիր - Ձեզնից շնորհակալ ենք, որ մեզ ընդունեցիք, դուք էլ որ գաք, սիրով կընդունենք։ Իմացեք՝ մեր դռները բաց են։

Հեղինակ`Հայկուշ Ասլանյան, 1Lurer.am