«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

1990–ական թվականների տնտեսական վերափոխումների սոցիալական հետևանքները աղետալի էին․ պրոֆեսոր Մ․ Միքայելյան

30/10/2021

Generalnews.am–ի այսօրվա հյուրը բազմավաստակ գիտնական, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Միքայելյանն է, ում հետ զրուցել ենք  Հայաստանի տնտեսության մեջ 1990-ական թթ. իրականացված տնտեսական վերափոխումների մասին։

–Պարոն Միքայելյան, շատ շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու և Հայաստանի տնտեսական վերափոխումներին նվիրված այսօրվա մեր զրույցում Ձեր տեսակետները կիսելու պատրաստակամության համար։ Հայտնի է, որ ԽՍՀՄ փլուզումից, հետևաբար պլանային տնտեսության անկումից հետո, նախկին տնտեսական կապերի խզման պայմաններում նորանկախ ՀՀ-ն 1990-ական թթ. սկզբներին հայտնվեց տնտեսական ծանր իրավիճակում։ Կխնդրեի համառոտ բնութագրել ՀՀ տնտեսական վիճակը անկախության առաջին մի քանի տարիներին։

Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Ինչ խոսք, անկախացումից հետո մեր երկրի այդ ժամանակվա իշխանությունը փորձ արեց պետական, այդ թվում և տնտեսական համակարգը հարմարեցնել ժամանակակից պայմաններին՝ իր ստանձնած պար­տականությունների շրջանակներում։ Ցավոք, անկախությունը մենք դիմա­վորեցինք անպատրաստ, թե´ իշխող ուժը, թե´ իշխանության խորհրդատուները և ամբողջ քաղաքական թիմը պատրաստ չէր անկախացմանը։ Խնդիր էր դրվել ձևավորել շուկայական տնտեսություն, որի համար անհրաժեշտ էին մի շարք քայլեր կատարել, օրինակ՝ ունենալ սեփական  դրամական միավոր, բազմակացութաձև տնտեսական համակարգ, գալիք մոնոպոլիաներին դիմակայելու մեխանիզմներ և այլն, սակայն գործող իշխանությունները չկարողացան ճիշտ կազմակերպել այդ ամենը և ընդամենը ընդօրինակվեց ՌԴ սեփականաշնորհման պրակտիկան՝ հետևելով Գայդարյան սխե­մային։ Դրան ավելացնենք օբյեկտիվ պատճառները՝ երկրաշարժի, շրջափակման և ընթացող պատերազմի հետևանքները, որոնց արդյունքում էլ անկախության առաջին տարիներին տնտեսական վիճակն ուղղակի աղետալի էր։

–Ինչ առանձնահատկություններ ուներ Հայաստանի անցումային տնտեսությունը. արդյո՞ք ներկայումս մեզ մոտ հաղթահարված է անցումային տնտեսություն ասվածը։

–Արդեն 30 տարվա հեռավորությունից կարող ենք ասել, որ իհարկե, քայլեր ձեռնարկվել են պլանայինից շուկայական տնտեսության անցումը իրագործելու համար, պարզապես մերոնք և գաղափարապես, և պրակտիկորեն պատրաստ չէին նոր տնտեսական հարաբերությունների հաստատմանը, հենց դրանով պետք է բացատրել առաջին շրջանում ղեկավարության թույլ տված սխալները։ Այդ ժամանակ աշխարհում կար տնտեսական վերափոխումներ կատարելու որոշակի փորձառություն, օրինակ Չինաստանը, Արևելյան Եվրոպայի երկրները հնարավորինս անցնցում էին անցում կատարում շուկայական տնտեսությանը. այդ երկրները ոչ թե իսպառ վերացրին հին տնտեսակարգը, այլ եղած տնտեսական հարաբերությունների կողքին դրվեցին նաև մասնավոր սեփականության հիմքերը։ Իսկ ի՞նչ արեցին մերոնք. անմիջապես լուծարեցին հին տնտեսաձևերը և անցան տնտեսության վերակառուցմանը՝ շոկային թերապիայի քաղաքականության միջոցով։ Բնական է, եթե պատրաստ չէր ո´չ իշխանությունը, ո´չ էլ հասարակությունը նման արմատական վերափոխումների, սխալները դարձան անխուսափելի։  Մեծ մասամբ հենց այդ սխալներով էր պայմանավորված 1991-1993 թթ. մեծ տնտեսական անկումը։ Օրինակ, եթե ընդունենք, որ 1990 թ. ՀՆԱ-ն 100 % էր (սակայն ասեմ, որ 1990 թ. դրությամբ ՀՆԱ-յի հաշվարկ չէր արվում, այլ հետագայում արված վերահաշվարկի արդյունք է) , ապա 1991 թ. այդ դարձավ 88 %, 1993 թ. հասավ նվազագույն շեմին՝ 46 %-ի։ 1994 թ. որոշակի քայլեր ձեռնարկվեցին, որոնք արդյունք տվեցին և  ՀՆԱ-ն դարձավ 49 %,  1995 թ.՝ մոտ 55 % , այսինքն անկախության սկզբնական տարիների տնտեսական անկումը բավական դանդաղ էր վերականգնվում։

–Եթե անդրադառնանք ագրարային վերափոխումներին, ու հատկապես այդ ոլորտում սեփականաշնորհման գործընթացին, ապա ի՞նչ եք կարծում, որքանո՞վ էին դրական կամ բացասական սեփականաշնորհման հետևանքները ՀՀ տնտեսության ագրարային հատվածի համար։

–Նախ շեշտեմ, որ պետական կառավարման համակարգում, այդ թվում ՀՀ տնտեսության որևէ ճյուղ կամ ոլորտ չի առանձնացել իր շեշտված արդյունավետ գործունեությամբ և դրանից բխող դրական արդյունքներով։ Հայտնի է, որ ապապետականացման և սեփականաշնորհման քաղաքականությունը  ՀՀ-ում սկսվեց հենց ագրարային ոլորտից, ու առաջին հերթին հողի սեփականաշնորհումից։ Դեռևս 1990 թ. հոկտեմբերին ընդունվեց «Սեփականության մասին»  և 1991 թ. հունվարին  «Գյուղացիական ու գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքները, որոնց հիման վրա էլ սկսվեց հողի սեփականաշնորհումը։ Ընդունած որոշումներն ու օրենքները, սակայն, լիարժեք չէին համապատասխանում անցումային տնտեսության պայմաններին։ Ի՞նչ եղավ հետո. այս ամենի արդյունքում լուծարվեց խորհրդային ագրարային համակարգը, կոլխոզները, խորհտնտե­սությունները, հողը սեփականության իրավունքով տրվեց գյուղացուն, ընդ որում բավական մանր հողակտորների մասնատված, որի հետ գյուղացին մնաց մեն - մենակ։ Անասնագլխաքանակի և մեքենատրակտորային բազայի սեփականաշնորհումն էլ ուղեկցվեց թալանով, առանձին անհատներ հարստացան այս գործընթացի արդյունքում։ Նշենք նաև, որ հայ գյուղացին պատրաստ չէր ինքնուրույն տնտեսվարում իրականացնել, բացի այդ էլ՝ մանր կտրտված հողերում տեխնիկա կիրառելու հնարավորությունից զուրկ էր։ Դա էլ իր հերթին դարձավ  պատճառ, որ հսկայական հողատարածքներ մնացին անօգտագործելի։ Պետությունն այդ ժամանակ պետք է նոր հիմունքներով կազմակերպեր գյուղացիների կողմից հողերի տնտեսվարումը, սակայն նման քայլերը կրում էին թերի և ոչ հասցեական բնույթ։

–Ի՞նչ առանձնահատկություններ ունեին տնտեսական վերափոխումները ՀՀ արդյունաբերության ոլորտում։

–Արդյունաբերությունը ևս ենթարկվեց սեփականաշնորհմանը, սակայն ավելի ուշ՝ 1995 թ. սկսած։ Արդյունաբերությունն էապես փոփոխվեց, քանի որ նախկին տնտեսական կապերը խզվել էին, էլ չկար նախկին կենտրոնացվածությունը։ Արդյունաբերության ոլորտի ձախողումների պատճառների շարքում ավելացնենք, որ 1988 թ. երկրաշարժից հետո արդյունաբերական պոտենցիալի 30%-ից ավելին վերացել էր, սկսվել էր <<կանաչների շարժումը>> և այլն։ Եթե մենք հենց այն ժամանակ գոնե կարողանայինք մեր՝ բավական մրցակցային կաուչուկն արտահանել, անհամեմատ ավելի շահեկան դիրքեր կունենայինք։ ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերությունը 1990 թ. դրության վերահաշվարկի տվյալներով մոտ 30% էր կազմում, 1995 թ. այդ ցուցանիշը նվազեց՝ կազմելով 24 %, 2005 թ.` մոտ 22 % և այլն։ Շեշտեմ, որ այդ տարիներին թեև ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարությամբ տնտեսության բոլոր ոլորտներում էլ անկումային ցուցանիշներ էին, սակայն կոնկրետ արդյունաբերության ոլորտում նրան արժանին մատուցենք, քանի որ Բագրատյանը դեմ էր <<կանաչների>> շարժմանը, այսինքն՝ ձեռնարկությունների գործունեության դադարեցմանը։

–Կխնդրեի հակիրճ անդրադառնալ նաև ֆինանսավարկային և հարկային վերափոխումներին։

–Մեր ֆինանսական ոլորտը ևս պատրաստ չէր այդ փոփոխություններին։ Հիշեցնեմ, որ ազգային դրամը ՀՀ-ում շրջանառության մեջ մտավ 1993 թ. սկսած, այսինքն ամենաուշը բոլոր հետխորհրդային հանրապետություններից։ Բանկային համակարգը ևս ձևավորված չէր, հիշեցնեմ, որ ԿԲ-ն ձևավորվել է միայն 1996 թվականին։ Ստացվում է մենք այդ ընթացքում ֆինանսական կորսված տարիներ ունեցանք։ Բանկային համակարգի ձևավորումից հետո էլ ՀՀ-ում տրամադրվող վարկերը շատ ավելի թանկ էին, քան հենց ՌԴ-ում։ Հարկային համակարգը սկսեց ձևավորվել 1993 թվականից։ ՀՀ-ում պատկան մարմինները կայացած երկրների դրույքաչափերով սկսեցին հարկել տնտեսությունը, ինչը բերեց նրան, որ տնտեսվարողները սկսեցին թաքցնել շրջանառության իրական ծավալները, տնտեսության մեջ ստվերը գնալով աճեց։

–Որո՞նք էին, ըստ Ձեզ, տնտեսական վերափոխումների սոցիալական հետևանքները հայ հասարակության համար։

–Կասեմ մեկ բառով՝ աղետալի էին սոցիալական հետևանքները: Չմոռանանք, որ մեր շատ հայրենակիցներ հենց այդ տնտեսական վերափոխումների տարիներին զանգավածաբար արտագաղթում էին՝ հաց վաստակելու և ընտանիք պահելու մտայնությամբ։ Արտագաղթում էին ՌԴ, Ուկրաինա, Բելոռուս, հետխորհրդային մյուս հանրապետություններ, նաև միջինասիական հանրապետություններ, որտեղ երաշխավորված միջին կենցաղավարությամբ գոնե ապրում էին։

–Ո՞րքանով ուսումնասիրվեց և կիրառվեց միջազգային փորձը մեր տնտեսական վերափոխումների իրականացման ճանապարհին։

–Էնպես չի, որ ՀՀ-ում բացարձակ չուսումնասիրվեց և չկիրառվեց միջազգային փորձը։ Օրինակ, ագրարային վերափոխումների ժամանակ մերոնք փորձեցին տեղայնացնել մերձբալթյան երկրների փորձը, բայց պետք էր վերցնել այն երկրների փորձը, որոնք ոչ թե շոկային թերապիայի մեթոդով էին առաջ գնում, այլ այն երկրներինը, որոնք նախապատվությունը տալիս էին տնտեսության աստիճանական զարգացմանը։ Հենց կարող էր ուսանելի լինել Չինաստանի փորձը։ Նրանք զանգվածային սեփականաշնորհում չարեցին, այլ հին համակարգի կողքին մրցակցային նոր տնտեսակարգ և մասնավոր հատված ձևավորեցին, իսկ մերոնք քանդեցին հինը, դրա տեղն էլ չներդրվեց արդյունավետ նոր համակարգ։

Հարցարույցը վարեց՝ "Զորավար Սեպուհ" պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ, դոցենտ Մարինե Գևորգյանը