«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ո՞վ է ասել, որ 100 տարի առաջ տեղի ունեցածը մեր աչքից պետք է վրիպի, բայց մեջբերում ենք ԽՍՀՄ քարտեզները

24/09/2021

Lragir.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը

Տիկին Կոստանյան, Սյունիքում հակառակորդը շարունակում է հսկողության տակ պահել Գորիս-Կապան ճանապարհահատվածը։ Դրան ի պատասխան Հայաստանի իշխանությունները հղում են անում ԽՍՀՄ քարտեզներին։ Որո՞նք պետք է լինեն մեր գործողությունները։

Իմ կարծիքով՝ նախ այստեղ համակարգված պրոցես չի գնում։ Եթե նույնիսկ Խորհրդային միության տարիներից կան սահմանների հետ կապված չհստակեցված խնդիրներ, այս պրոցեսը պետք է բաց և թափանցիկ իրականացնեն, որովհետև բազմաթիվ հարցերի ու լուրջ քննադատությունների տեղիք է տալիս։ Այդ գործընթացում պետք է լինի կոնկրետ աշխատանքային խումբ։ Մենք մինչև օրս տեղյակ չենք, եթե նույնիսկ այդպիսի խումբ գործում է, այդ խմբի աշխատանքային քննարկումների ընթացքում որ քարտեզներն են քննարկվում, որոնք պետք է հիմք ընդունվեն, արդյոք այդ աշխատանքային խումբը միայն ներառում է տեղական մասնագետների։ Մենք ժամանակին ունեինք գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտը, որն զբաղվում էր համապատասխան հարցերով, հետո այս իշխանության կառավարման տարիներին այդ ինստիտուտը փակվեց շատ տարօրինակ ձևով։ Այսինքն՝ եթե նույնիսկ աշխատանքային մակարդակում ինչ-որ գործընթաց գնում է, այդ ամբողջ ինֆորմացիան հանրությանը պատշաճ պետք է ներկայացնեն։

Այո, սա լուրջ անվտանգային խնդիր է, որովհետև այսօր հանրության տարբեր շերտերում հարց է ծագում՝ արդյոք Հայաստանի մի ծայրից մյուսը գնալու համար իրենք պետք է ճշտեն՝ գերի կընկնեն, թե ոչ, ճանապարհն անվտանգ է, թե ոչ։ Որևիցե մեկը երաշխավորված չէ այդօրինակ միջադեպերից։

Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցողը Իրանի ու Ադրբեջանի խնդիրն է, քանի որ իրանական բեռնափոխադրումներն են կանգնեցնում ադրբեջանցիները։

Նախ պետք է նշեմ, որ վերջնականապես հստակեցված չէ՝ ադրբեջանցիները պետք է շարունակեն այդ տարածքում մնալ, թե ոչ։ Ես անթույլատրելի եմ համարում, որ մեր կառավարությունն այսպես անատամ ձևով, շատ հանգիստ համակերպվել է այդ տարածքները զիջելու հետ։ Նորից եմ ասում՝ այստեղ չհստակեցված խնդիր կա։ Եթե նույնիսկ մինչխորհրդային, խորհրդային կամ հետխորհրդային քարտեզներով դա եղել է Ադրբեջանի տիրապետության տակ, նախ դա պետք է հստակեցնել հետագա պրոցեսներում։ Երկրորդ, դա միայն Իրանի ու Ադրբեջանի խնդիրը չէ, որովհետև չմոռանանք՝ իրանական բեռնափոխադրումներն անցնում են Հայաստանի տարածքով, ըստ այդմ՝ այստեղ Հայաստանի կառավարությունը պետք է կարգավորի կամ առնվազն միջնորդավորված ձևով հանդես գա, որ ապագայում տնտեսական խնդիրների առջև չկանգնենք, որովհետև հնարավոր է Իրանը փորձի այլ ճանապարհներ փնտրել՝ իր բեռնափոխադրումները կազմակերպելու համար։

Ես նաև ուզում եմ ընդգծել այսօր իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցող այդ լարված իրավիճակը։ Ըստ էության, մենք այդպես ենք ենթադրում, որ Իրանի երկու քաղաքացիներին՝ բեռնատարի վարորդներին չվերադարձնելու պատճառով է իրավիճակը հիմնականում լարվել, որովհետև պետությունն իր քաղաքացիներին տեր է կանգնում։ Երկու քաղաքացիներին ադրբեջանցիները վերցրել են ու տարել Բաքու, դրան համապատասխան արձագանք պետք է լիներ պետության կողմից։ Իհարկե, համեմատելի չեն ՀՀ և Իրանի հնարավորությունները, բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, թե ինչպես է Իրանը տեր կանգնում իր քաղաքացիներին։ Մինչդեռ, մեր քաղաքացիները կորում են, ՀՀ կառավարությունը չգիտես ինչու ռուսներից է պահանջում, որ համապատասխան միջոցներ ձեռնարկեն։

Այս փուլում շատ են հնչում կարծիքներ, որ սահմանազատման և սահմանագծման հարցերով Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ, պետք է հիմք ընդունվեն ոչ թե ԽՍՀՄ քարտեզները, այլ, օրինակ, Ազգերի Լիգայի և Փարիզի վեհաժողովի փաստաթղթերը։ Ի՞նչ հնարավորություններ կան այս ուղղությամբ։

Ես համաձայն եմ ձեզ հետ։ Տեսեք փաստացի ինչ է կատարվում՝ միջազգային այն կառույցների հետ, նույն ՄԱԿ-ի, որոնք զբաղվում են դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով, այսինքն՝ միջամտության իրավունք ունեն, Հայաստանն ակտիվ գործունեություն չի ծավալել։ Եվ այստեղ ոչ միայն պետք է փորձել ներգրավել միջազգային կառույցներին։ Ես հիշում եմ, որ սոցիալական մեդիայում շրջանառվում էին մեր նախկին միջազգային պայմանագրերը, ենթադրենք՝ 100 տարի առաջ տեղի ունեցածն էր հիշատակվում, երբ Հայաստանից էլի տարածքներ էին վերցրել, և ներկայիս քաղաքական գործիչները նույն իշխանությունից, ասում էին՝ իսկ ո՞վ է ասել, որ 100 տարի առաջ տեղի ունեցածը մեր աչքից պետք է վրիպի, բայց մեջբերում ենք ԽՍՀՄ քարտեզները։ Իհարկե, այստեղ կարող են իմ խոսքը խեղաթյուրել և ասել, որ պահանջատիրական ինչ-որ դիրքորոշում եմ հայտնում, բայց ամեն դեպքում սրանք հարցեր են, որոնց կոնկրետ պատասխաներ չեն տրվում ոչ մի կողմից։ Իհարկե, մենք պետք է այդ հարցերն էլ բարձրացնենք, մնում է բավարար խիզախություն ունենան դրա համար։