«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այսօրվա բոլոր գործընթացների հետևում երկու մարդ է կանգնած. Նրանք անցնում են պլան Բ-ին՝ ֆիզիկապես ոչնչացնել Նիկոլին

01/02/2021

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը։

– Պարոն Հակոբյան, Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել, անդրադարձել է պատերազմին, պատերազմի սկսվելուն, պարտության պատճառներին և հայտարարել է, որ մասնակցելու են առաջիկա ընտրություններին և «կրելու» են։ Ինչպե՞ս եք գնահատում Քոչարյանի այս հարցազրույցը, հնչեցրած գնահատականները։

– Ռոբերտ Քոչարյանը այդ հարցազրույցով և առհասարակ հոգեբանական ճնշում է գործադրում իր թիմակիցների, իշխանության միջին օղակներում աշխատող իր թիմակիցների վրա։ Մարտի 1-ի գործը կա իր հետ կապված, նա գլխավոր մեղադրյալն է, ու այդ գործը դատարան է մտել։ Նա ուզում է հոգեբանորեն ճնշում գործադրել, որ հանկարծ իրեն նորից չբռնեն կալանավորեն։ Ընթացքում շատ բան  կբացահայտվի պատերազմի հետ կապված։ Իրենք ուզում են էս գլխից ամեն ինչ  բարդեն այս իշխանությունների վրա, ծածկադմփոց անեն, որ հանկարծ չպարզվի, թե ինչ է կատարվել։ Բայց ես  վստահ եմ, որ ընթացքում ամեն ինչ պարզվելու է։ Պարզվելու է, թե ով ինչի համար է մեղավոր, ով է դավաճանը։

– Քոչարյանն այդ հարցազրույցում բացահայտ խոսում էր այն մասին, որ գործող իշխանությունը դավաճանություն է  գործել, ակնարկում էր հողերը վաճառելու, հայտնի 5 միլիարդ դոլարի մասին։ Ասում էր, որ ադրբեջանցիները գնդակոծել են ամբողջ Ստեփանակերտը, բայց ոչ մի ռումբ չի ընկել նախագահական նստավայրի շուրջ կամ ուղղությամբ, քանի որ այնտեղ մշտապես եղել են գործող իշխանության ներկայացուցիչներ։

– Իրենք  իրենց արածները ուզում են բարդել ուրիշների վրա։ Արցախի նախագահական նստավայրում, կառավարական շենքում հենց իրենց իշխանության ներկայացուցիչներն էին նստած պատերազմի ժամանակ։ Հիմա եկել ինչ է խոսում։ Իրենք Արցախը 20 տարուց ավելի անտեսել են։ Փոխանակ տարիների ընթացքում արցախցիներին էստեղից տանեին բնակեցնեին Արցախում, հակառակը՝ արցախցիներին ընտեղից բերեցին էստեղ ու աշխատանքի տեղավորեցին։ Եթե իրենք ծրագիր ունեին Արցախը բնակեցնելու, ապա դա կարող էին անել։ Բայց իրենք 1999 թվականից Արցախը մոռացել էին։

– Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին, իսկ ընդդիմադիր 16+ ուժերը մերժում են արտահերթ ընտրությունների առաջարկը, գաղափարը։ Արդյոք այսպիսով Քոչարյանը փորձ չի՞ անում Վազգեն Մանուկյանից խլել ընդդիմության առաջնորդի դերակատարումը։

– 16-17 ուժերը բոլորն էլ  իրենց կուսակցություններն են։ Նոր բացվող կուսակցությունների հետևում էլ են իրենք։ Այսօրվա բոլոր գործընթացների հետևում երկու մարդ է կանգնած՝  Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։ Բոլորն էլ իրենց ստեղծածն է։ Վազգեն Մանուկյանին էլ են իրենք բերել ու ձևական դրել ընդդիմության առաջնորդ։ Մենք բոլորս էլ լավ գիտենք՝ էդ 16-17 կուսակցությունները ոնց են ստեղծվել ժամանակին։ Նրանք չէի՞ն տեսնում, թե Ղարաբաղում ինչ է  կատարվում, բա ինչի՞ ձայն չէին հանում։

– Վազգեն Մանուկյանը օրերս Արարատի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ պատերազմից երկու շաբաթ անց զանգել է Արցախ ու գեներալներին ասել, որ վերցնեն իշխանությունը։

– Այդ գեներալները իրենց տված գեներալներն են։ Էստեղից ոչ ոք ոչինչ չէր կարող անել։ Իրենք ասում են՝ օգնական ուժ չկար Արցախում, օգնական ուժ էին ուզում, բայց  այդ ժամանակ Հայաստանում մի քանի հազար արցախցի սպաներ կային։  Բա թող մեկն ասի՝ ինչ էին անում այդ սպաները Հայաստանում։ Իրենք եթե այդքան սրտացավ էին, բա թող կանչեին տանեին նրանց, նոր մեզանից պահանջեին։ Ամեն ինչ իրենք իրենց ձեռքն էին վերցրել, ու էստեղից հազար հատ Նիկոլ էլ լիներ, չէր կարող որևէ բան անել։ Զորքն էլ, տեխնիկան էլ իրենց տրամադրության տակ են եղել։ Թող անեին, թող հաղթեին։ Հիմա պետք չէ պրովոկացիոն բաներ անել։ Նիկոլը հրամանատար  չի նշանակել։ Բոլորին էլ իրենք էին նշանակել, ու իրենք էլ ղեկավարում էին նրանց, բայց հիմա, չգիտես ինչի, եկել Նիկոլին են ասում դավաճան։ Բայց դավաճանությունը իրենց կողմից է արվել, որպեսզի երկրում անկայուն իրավիճակ ստեղծեն, Նիկոլին հեռացնեն իշխանությունից ու նորից հետ գան։ Բայց դա բացառված է։ Նման բան հնարավոր չէ։ Իզուր թող չերազեն։

– Պարոն Հակոբյան, Վազգեն Մանուկյանը նախօրեին հայտարարեց, որ եթե հնարավոր չլինի սահմանադրական ճանապարհով հեռացնել գործող իշխանություններին, իրենք կդիմեն այլ քայլերի, ընդհուպ ապստամբության։ Եռաբլուրում էլ տարբեր անձինք վարչապետին ֆիզիկապես ոչնչացնելու, սպանելու պատրաստակամություն էին հայտնում։ Դուք  այս ամենում լուրջ վտանգներ տեսնո՞ւմ եք։

– Վտանգները հենց սկզբից էլ ես տեսնում էի։ 1996 թվականին է նույն սցենարը եղել, ապա 1999 թվականին եղել է Հոկտեմբերի 27, որը իրենց սարքածն է։ Դրանից հետո բազմաթիվ առանձին դեպքեր են եղել։ Դա իրենց ձեռագիրն է, իրենց սցենարն է։ Իրենք պատրաստ են դրան։ Իրենք արհեստականորեն փորձում էին ժողովրդին տրամադրել Նիկոլի դեմ, բայց տեսան՝ չի ստացվում, դրա համար էլ անցել են պլան Բ-ին։ Համոզված եմ, որ իրենց հիմնական ծրագիրը հիմա դա է,  կամ էլ փորձելու են պատգամավորներին վախեցնել, շանտաժի ենթարկել։ Այդ մարդկանցից ամեն ինչ էլ սպասելի է։

– Այդ վտանգը չեզոքացնելու համար ի՞նչ պետք է անել։ Արտահերթ ընտրությունները և դրանից հետո ներքաղաքական կայունությունը կարո՞ղ են իրավիճակը լիցքաթափելու հիմք հանդիսանալ։

– Նիկոլը պարզապես պետք է իր կողքերը ամրապնդի։ Ընտրություններին իրենք ձայն չեն տանելու։ Դա անհնարին է։ Ժողովուրդը տեսել է նրանց իշխանության տարիները, և նրանք ժողովրդից ձայն չեն ստանալու։ Իսկ պարտությունը նրանց կստիպի երկրի վիճակն ավելի խառնել։ Նրանց միակ քայլը Նիկոլին շարքից հանելն է, քանի որ քանի դեռ Նիկոլը կա՝ բացառված է, որ իրենք կարող են իշխանության գալ ընտրությունների միջոցով։ Դա իրենց մոտ չի ստացվի, քանի որ, կրկնում եմ, ժողովուրդը նրանց հետևից չի գնա։ Ժողովուրդը տեսել է նրանց 20 տարի։ Բոլորիս գաղթական էին սարքել։ Հետևաբար պետք է զգուշանալ։