«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը սկսել է տեղեկատվական գրոհը՝ սա ներկայացնելով բացառիկ հաղթանակ իրենց համար. Տաթևիկ Հայրապետյան

13/09/2023

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, ինչպիսի՞ն է ադրբեջանական կողմի արձագանքն Աղդամի ճանապարհով ռուսական հումանիտար բեռնատարի Ստեփանակերտ մուտք գործելու փաստի վերաբերյալ, և ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանն իսկապե՞ս կբացի Լաչինի միջանցքը, ինչպես պայմանավորվել են:

– Ադրբեջանը վաղ առավոտից սկսել է տեղեկատվական գրոհը՝ սա ներկայացնելով բացառիկ հաղթանակ իրենց համար: Բնականաբար, այդ աղմուկի մեջ իրենք իրենց երեսը փրկելու խնդիր ունեն, որովհետև գիտեք դինամիկան՝ այնտեղ կանգնած էր նաև իրենց Կարմիր մահիկը, իրենք ուզում էին՝ իրենց ապրանքները մտնեին Ստեփանակերտ, բայց, ի վերջո, նրանց ապրանքները չմտան: 

Լաչինի միջանցքը բացելու խոստում, այո՛,  ադրբեջանական կողմից եղել է, որովհետև եկեք ռացիոնալ լինենք, այդ մի բեռնատարով ոչ մի խնդիր չի կարող լուծվել Արցախի հայերի համար: Մեր խնդիրն է, որ Լաչինի միջանցքի այս կողմում կանգնած բեռնատարները ներս մտնեն՝ իրական օգնության նպատակով: 

Իհարկե, արցախյան կողմը, մեղմ ասած, շատ լուռ է ու որևէ բացատրություն չի տալիս իրավիճակի վերաբերյալ: Տեղեկատվական դաշտում ամբողջությամբ ադրբեջանական թեզերն են շրջանառվում, ինչի հետևանքով մեծ վակուում է ստեղծվում, թե ինչպիսի՛ն է իրավիճակը, ի՛նչ պայմանավորվածություներ են ձեռք բերվել և այլն, դրա մասին լռություն է, իսկ մեզ մնում է սպասել:

– Ռուսական կողմին, այնուամենայնիվ, կհաջողվի՞ այնպես անել, որ Ադրբեջանը բացի Լաչինի ճանապարհը, եթե նկատի ունենանք Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե «Հայաստանի ղեկավարությունն ինքն է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ, մենք ի՞նչ ասենք»:

– Պուտինն էլ իր ալիբին է ստեղծում՝ իր անգործությունն ու թուլությունը Լաչինի միջանցքում արդարացնելու նպատակով, բայց կոնկրետ այս բեռնատարի թեման, տեսեք՝ երեք օր էր, ինչ կանգնած է Բարդայում, այսինքն՝ այդ պայմանավորվածությունները դեռ ընթացքի մեջ էին, ու խնդիրներ կային, հակառակ դեպքում մի քանի ժամում կհասներ Ասկերան, ուստի կարծում եմ, Արցախի իշխանություններն ինչ-որ կոնկրետ երաշխիքների դիմաց են գնացել այդ քայլին, հակառակ դեպքում անտրամաբանական կլիներ: Հույս ունեմ, որ ռուսական կողմն արդեն, որը երաշխավորել ու խոստացել է դա, կկարողանա հասնել դրան:

– Տիկի՛ն Հայրապետյան, ոմանք սա համարում են Արցախն Ադրբեջանին ինտեգրելու քայլերից մեկը, համակարծի՞ք եք:

– Չեմ կարծում, ինչո՞վ է ինտեգրմանն ուղղված, ադրբեջանական ապրանք չի մտել, ադրբեջանական մեքենա ու ադրբեջանցիներ չեն մտել Ստեփանակերտ: Կա մի դետալ, որի մասին առհասարակ չի խոսվում, երբ Լաչինի միջանցքն ամբողջությամբ փակվեց, դրանից հետո ադրբեջանական մեդիատիրույթում լուրեր տարածվեցին, որ ռուսական կողմը Աղդամի ճանապարհով է իր համար մատակարարումներ բերում, այսինքն՝ ռուսներն այդ ճանապարհն օգտագործում էին իրենց համար ևս: Ուղղակի հիմա ադրբեջանական կողմը տեղեկատվական շղարշն է կարևորում, որ իրենք հասան իրենց ուզածին ու դա ներկայացնեն իբրև ինտեգրում: Տեղեկատվական բաղադրիչն են իրենք ապահովում, ու պետք է ասեմ, որ շատ ակտիվ են այդ տիրույթում՝ ի տարբերություն հայկական կողմի:

– Իսկ Ռուսաստանի ղեկավարի այս հայտարարությունն ի՞նչ հետևանքներ կունենա մեզ համար:

– Ոչ միայն հայտարարությունները, այլ նաև քաղաքականությունը, որն իրականացնում են արդեն, շատ ծանր հետևանքներ են ունեցել: Իմ տպավորությամբ՝ ռուսական կողմն իրեն արդարացնում է հայկական կողմի հայտարարություններով, հայկական կողմն էլ իր սխալ քաղաքականությունն ու վտանգավոր որոշումներն է արդարացնում ռուսական կողմի անգործությամբ: Պատասխանատվությունը փոխադարձաբար իրար վրա են գցում, իսկ Ալիևը մեծ ոգևորությամբ պատասխանատվությունն իր վրա է վերցնում, շատ լավ առաջ տանելով իր օրակարգը, որովհետև նա պատասխանատվությունը ինչ-որ մեկի վրա չի գցում:

Քրիստինե Աղաբեկյան