Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնումը շահավետ կլինի, եթե պատշաճ անվտանգային պայմաններ ապահովվեն. Ռուբեն Գալիչյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը
– Պարո՛ն Գալիչյան, եթե հնարավոր լինի տարածաշրջանային ապաշրջափակումն իրականացնել այն ուղղություններով, որի մասին Վրաստանում հայտարարեց ՀՀ վարչապետը, ի՞նչ է տալու այդ ապաշրջափակումը Հայաստանին:
– Հայաստանն այդ պարագայում առավելություն կստանա. Հայաստանից կբացվի ճանապարհ դեպի Պարսից ծոց՝ ուղղակի Նախիջևանի միջոցով դեպի Իրան և այլն: Երևանից Նախիջևանի միջոցով կարող ենք 3 ժամում հասնել Իրանի սահման՝ Ջուլֆա՝ 10 ժամվա փոխարեն, երբ Մեղրիով ու Քաջարանով պետք է պտտվեինք ու գնայինք Ջուլֆա:
Այդ երկաթուղին ընդհանրապես բեռնափոխադրումների համար շատ ավելի էժան ու շահավետ միջոց է, քան բեռնատար մեքենաները, ճանապարհն էլ՝ կեսից պակաս: Շատ մեծ առավելություն կտա Հայաստանին ապրանքափոխադրման համար, նույնը նաև դեպի Ռուսաստան ապրանքափոխադրումը կլինի Բաքվի վրայով դեպի Դաղստան ու Ռուսաստան:
– Փաստորեն, եթե այս երկաթուղու վերականգնումը իրողություն դառնա, Հայաստանի համար շահավե՞տ է լինելու, իսկ ռիսկեր չե՞ք տեսնում՝ անվտանգային առումով:
– Իհարկե շահավետ է լինելու: Բայց շահավետ կլինի, եթե պատշաճ անվտանգային պայմաններ ապահովվեն, իհարկե կան այդ ռիսկերը, հետևաբար պետք է ձեռնամուխ լինել դրանց վերացմանն ու անհրաժեշտ պայմաններն ապահովել:
– Պարո՛ն Գալիչյան, այդ անհրաժեշտ պայմանները որո՞նք են:
– Այն, որ այդ գնացքներն ապահով լինեն, գյուղացիների կողմից չքարկոծվեն ու նման այլ դեպքերի: Տվյալ երկիրը, որի տարածքով անցնելու են այդ գնացքները, պետք է վստահեցնի, որ պատշաճ անվտանգությունը կապահովվի:
– Իսկ, ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կհամաձայնի՞ կոնկրետ այս երկաթուղու վերականգնմանը, որը, ձեր ասելով, այդքան առավելություն ու մեծ հնարավորություններ կտա Հայաստանին:
– Վստահ եմ, որ կհամաձայնի, ու Ադրբեջանի ղեկավարն դա իր ժողովրդին կներկայացնի որպես միջանցք՝ ցույց տալով, որ այդ հարցում հաջողության են հասել: Բայց դա իրականում միջանցք չի լինելու, դա Հայաստանի սուվերեն ճանապարհն է լինելու:
Ադրբեջանը ցանկացած դեպքում կհամաձայնի, որովհետև առանց այս երկաթգծի չի կարողանա կապվել Նախիջևանին, բայց մեր պայմանը պետք է լինի միայն մեր վերահսկողության պարագայում գործարկել ցանկացած ուղղություն:
– Եթե Ադրբեջանը Զանգեզուրով ստանա Նախիջևանի հետ կապվելու ճանապարհ, բայց ճանապարհի վերահսկողությունն իրականացվի Հայաստանի կողմից, այդ պարագայում Հայաստանի համար հնարավոր ռիսկերը կչեզոքանա՞ն:
– Այո՛, այդ պարագայում ոչ մի հետևանք չի լինելու մեզ համար, քանի որ վերահսկողությունը կիրականացվի Հայաստանի կողմից, իսկ այդ ճանապարհն էլ միջանցք չի լինելու: Իսկ եթե հակառակ լինի, այսինքն՝ տրվելիք ճանապարհը ստանա միջանցքի կարգավիճակ, Հայաստանը հսկողություն իրականացնելու լիազորություն չունենա, մեր երկիրը կբաժանվի երկու մասի ու, ի վերջո, կկործանվի:
– Իրանը և՞ս շահագրգիռ է կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, պարո՛ն Գալիչյան:
– Այո՛, Իրանը շահագրգիռ է, որ Հայաստանի միջոցով ուղղակի ճանապարհ ունենա դեպի Եվրոպա, քանի որ չունի վստահություն Ադրբեջանի նկատմամբ:
Բայց, ընդգծում եմ, որ տարածաշրջանային ապաշրջափակումը շահավետ կլինի մեզ համար, եթե այն իրականանա անվտանգության ապահովման հստակ երաշխիքների ու յուրաքանչյուր երկրի սուվերենության հիմքով: