«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչ-ինչ ուժերի կոնսենսուսային որոշմամբ Արցախի կոնֆլիկտը թողնվել է որպես տարածաշրջանում չլուծված հարց

12/07/2021

Պարոն Սահակյան, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, որ պետք է փորձեն մշտական գործող ֆորմատ ձևավորել իր մասնակցությամբ և արտախորհրդարանական ուժերի ներկայացվածությամբ: «Մենք սա դիտարկում ենք որպես, այսպես ասած, մեր հանրային կյանքի, քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի օրակարգային հարցերի քննարկման հարթակ ու եթե կարելի է այսպես ասել՝ մտագրոհի տեղ, որտեղ կարող ենք բոլոր հնարավոր հարցերը քննարկել», ասել է նա: Որքանո՞վ արդյունավետ կարող է լինել այս ձևաչափով հանդիպումները:

Մի փաստ կարելի է արձանագրել՝ մեր կուսակցության Գործադիր մարմինը դրան չի հավատացել։ Անձամբ իմ կարծիքն այն է, որ եթե դա դիտարկում ենք որպես համերաշխության հաստատման յուրահատուկ պլատֆորմ, ապա դրան անպայման արժեր մասնակցել։ Մեծ հույս չկա ֆորմալ քաղաքական կոչվող դաշտից, բայց դա միակ հարթակը կդառնար, որտեղ հնարավոր կլիներ թեկուզ լղոզված, բայց ընդհանուր խոսակցության հասնել։

Ընտրությունների արդյունքները վիճարկվում են ՍԴ-ում: Ինչպե՞ս եք գնահատում: Դրա անհրաժեշտությունը կա՞ր: 

Այդ հարցն անհրաժեշտությամբ չի որոշվում։ Դա ընտրական պրոցեսի մասնակիցների սահմանադրական իրավունքն է։ Ինձ՝ որպես քաղաքացի էլ, հետաքրքիր է, թե ինչ խախտումներ են հայտնաբերել։ Մի բան է խոհանոցային խոսակցությունները, մի այլ բան՝ դատարանում հնչեցվող հանգամանքներն ու դրանք ամրապնդող փաստարկները։ 

Ի՞նչ ակնկալիքներ կան նոր խորհրդարանից: Տեսակետ կա, որ նորից արտահերթ գործընթացներ կլինեն:

Խորհրդարանը ձևավորվել է որպես վերջին ընտրական պրոցեսների արդյունք։ Խոսելով ընտրական պրոցեսի մասին, նկատի է առնվում միայն քվեարկության պրոցեսը։ Սակայն դա նույնիսկ մի վերջին արարը չէ։ Դա կարևոր, բայց ամբողջ պրոցեսի միայն մի փոքր մասն է։ Իսկ ընտրություններն անց են կացվել ոչ այն մթնոլորտում, որի արդյունքը կարող է լավ խորհրդարան լինել։ Մարդիկ քվեարկել են վախի, սպառնալիքի ազդեցության տակ։ Այսինքն՝ մի մասը տրվելով սպառնալիքների ազդեցությանը և վախենալով, որ կարող է «Հայաստան» դաշինքը շատ ձայներ ստանա, գնացել և ընտրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մյուս մասը՝ հակառակը։ Դա, ըստ էության, բռնություն է քաղաքացու ազատ կամարտահայտության նկատմամբ։

Ես չեմ տեսնում մի պատճառ, թե ինչու պետք է այս խորհրդարանն ավելի լավը լինի, քան նախորդը։ Ինչպես հրապարակավ բազմիցս նշել եմ, այս ընտրություններն ընդամենը կոնսերվացրել են այն կոնֆլիկտները, որոնք մինչ այդ էլ կային։
Մանրամասներ