«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի ճակատագիրը և հայ -ադրբեջանական պայմանագրի հարցը ․ Գարիկ Քեռյան

18/09/2023

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, պգդ Գարիկ Քեռյանը

- Պարոն Քեռյան, oրեր առաջ լրացավ Արցախի անկախության 32-րդ տարեդարձը հայկական այդ երկրամասը երբեք ներկայիս կարգավիճակով չէր դիմավորել իր անկախության տոնը։ Որպես քաղաքագետ, ի՞նչ եք կարծում ինչու՞ չգործեցին 2020 թ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ձեռք բերված պայմանավորվածությունները և ինչպե՞ս կգնահատեիք Ադրբեջանի կողմից կեղծ բնապահպանական նպատակներով Լաչինի միջանցքի փակումը։

- Նախ անդրադառնամ այն հանգամանքին, որ իսկապես Արցախյան ազատամարտից հետո Լեռնային Ղարաբաղի ազատագրման և ԼՂՀ հռչակումից 2,5 տասնամյակ անց բավականին ծանր կարգավիճակով, ծանր քաղաքական պայմաններում, Արցախը մասնատված և ավելի փոքր տարածքով ու կարողություններով դիմավորեց իր անկախության 32-րդ տարեդարձը։ Էական տարբերությունն այն է, որ 1994 թ զինադադարի կնքումից հետո, երբ սկսվեց հակամարտության կարգավորման համար բանակցային փուլը,  շուրջ 26 տարի մինչև 2020 թ պատերազմը, ԼՂՀ-ն ուներ չճանաչված պետության կարգավիճակ, որը, ոմանց կարծիքով, կարգավիճակ չէ, բայց ասեմ, որ հենց այդքանն էլ բավական կարևոր կարգավիճակ է անկախ պետության հասնելու ճանապարհին։ ԼՂՀ-ն փաստորեն ձեռք էր բերել չճանաչված պետության կարգավիճակ աշխարհում կան տասնյակ չճանաչված պետություններ ասենք Թայվանի նման երկիրը, որը 30 միլիոնից ավել բնակչություն ունի, ևս չճանաչված պետություն է։ 2020 թ պատերազմը և ներկա իրավիճակի ամենաբացասական հետևանքն այն է, որ կասկածի տակ է դրվել հենց այդ հանգամանքը, ԼՂՀ-ն այլևս չի դիտվում որպես չճանաչված պետություն։ Ցավոք, ՀՀ ղեկավարության կողմից ևս ճանաչվել է որպես Ադրբեջանի տարածք։ Միջազգային հանրություն կոչվածը (խոշոր ուժային կենտրոնները՝ ԵՄ-ն , ԱՄՆ-ն, ՌԴ-ն և այլն), ԼՂՀ-ին ընդունում են ոչ թե որպես չճանաչված պետություն և հարցը քննարկվում է ոչ թե չճանաչված պետության հետագա ճակատագրի շուրջ, այլ այն վերածվել է <<Ադրբեջանի հայ փոքրամասնության իրավունքների և անվտանգության հարցի>> այ սա է Արցախի անկախության 32-րդ տարեդարձին ձևավորված տխուր իրավիճակը։ Հուսանք, որ ինչ-որ մի պահ ԼՂՀ-ն կվերականգնի իր՝ չճանաչված պետության կարգավիճակը, որից հետո նորմալ քաղաքական գործընթացների պարագայում կգնա դեպի ճանաչում։ Իսկ ինչու՞ չկատարվեցին նոյեմբերի 9-ի փաստաթղթով ձեռք բերված պայմանավորվածությունները նախ ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ դրանք չեն կատարվել մեծ մասամբ դրանք կատարվել են։ Օրինակ, նույն այդ փաստաթղթով նախատեսում էր հայկական ուժերի կողմից Ադրբեջանի գրավյալ տարածքների հանձնում /այն, որ մենք համարում էինք ազատագրված, Ադրբեջանը՝ գրավված/, հայկական կողմը այդ բոլոր տարածքները հետ է վերադարձրել։ Հայկական զորքերը դուրս եկան այն 7 շրջաններից, որոնք Ադրբեջանը չէր գրավել, ինչպես նաև ճանաչեց Շուշիի և Հադրութի շրջանի անցումը ադրբեջանական սուվերենիտետի տակ։ Այս առումով լավ էլ կատարվել է նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունները չի կատարվել 3 կարևոր կետ որոնք էին

1ԼՂ-ի և ՀՀ միջև Լաչինի միջանցքի պահպանման և ֆունկցիոնալ գործունեության անխափանության պահմանումը՝ որպես արտատարածքային միջանցք, և,

2չի կատարվել նաև Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատման և սահմանագծման մասին դրույթը, ինչպես նաև`

3 Ադրբեջանի և Նախիջանի միջև կապուղիների հաստատման կետը։

Այս երեք հիմնական կետերի շուրջ է, որ հիմա հայ-ադրբեջանական հարաբերությունները լարվել են, սրան ավելացել է նաև ադրբեջանական կողմի նոր պահանջը՝ հայկական ադմինիստրացիայի և հայկական զինված ուժերի ցրման, ինչպես նաև արցախահայության՝ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու պահանջները, որոնք, իհարկե, ոչ մի կերպ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ձևակերպված չեն եղել։ Ինչ վերաբերում է կեղծ բնապահպանական պատրվակներով Լաչիի միջանցքի փակմանը, դա ընդամենը ադրբեջանական ռազմավարությաn մի մասնիկն է, որի հիմնական նպատակը Արցախի հայաթափումն է։

- Իրատեսական ե՞ք համարում արդյոք ընթացիկ տարում Ադրբեջանի հետ նոր հաշտության պայմանագրի կնքումը։

- Ասեմ, որ ոչ, ես դա իրատեսական չեմ համարում, որովհետև հիշենք քանի անգամ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները հայտարարեցին, որ մոտ են հաշտության պայմանագրի կնքմանը։ Սկզբում նշվում էր 2021 թ դեկտեմբերը, ապա 2022 թ գարունը, ապա դեկտեմբերը, հիմա մենք 2023 թ  սեպտեմբերն ենք, և ոչ թե խաղաղության պայմանագիր է կնքվել, այլ երկու երկրները հայտնվել են նոր պատերազմի շեմին։ Ինչու՞ իրատեսական չէ, որովհետև նախ ՀՀ-ն պատրաստ չէ ստորագրել այնպիսի խաղաղության պայմանագիր, որտեղ ընդհարապես ներառված չլինեն Ղարաբաղի հետ կապված համապատասխան դրույթները։ Ադրբեջանի մոտեցումն այն է, որ  Ղարաբաղում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացիներն են, նրանց իրավունքների և անվտանգության խնդիրը դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, իսկ այդ խաղաղության պայմանագիրը ՀՀ հետ, պետք է ներառի դրույթներ, որոնք առնչվում են միայն ՀՀ-Ադրբեջան  հարաբերություններին, որտեղ Ղարաբաղն այլևս չի ընդունվում որպես որոշակի գործոն։ Իրենց հետաքրքրում է ՀՀ հետ սահմանագծումն ու սահմանազատումն իրենց պահանջներին համապատասխան, որը եթե կատարվի, ՀՀ-ն մեծ տարածքային կորուստներ կունենա, և իհարկե, ՀՀ-ից կպոկվի այնպիսի տարածք, որն ապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապը հիշեցնենք, որ Նախիջևանն Ադրբեջանի համար էքսկլավ է։ Այս ամենով, նշեմ, որ փաստացի դիվանագիտական գործընթացը տապալվել է և որևէ հարցի շուրջ համաձայնություն չի կայացել, չնայած որ,  ՀՀ-ն զգալի զիջումներ արել է։ Դրանցից ամենագլխավորն այն է, որ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 քռկմ-ով, բայց Ադրբեջանը փոխարենը չի արել հայտարարություն՝  Հայաստանի Հանրապետության 29800 քռկմ տարածքը ճանաչելու մասին այնպես որ, Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունն ԱԺ-ում, որ Ադրբեջանից ստացել են նոր առաջարկներ խաղաղության պայմանագրի մասին և նրա խոստովանությունը, որ գրեթե ոչ մի կետում կողմերը համաձայնության չեն գալիս, իսկ եթե գալիս են համաձայնության, ապա այդ դրույթներն էական նշանակություն չունեն։

- Կխնդրեի անդրադառնալ ռուսական խաղաղապահ ուժերի դերին ու նշանակությանը ձևավորված իրավիճակում։

- Ես կարող եմ ասել, որ այստեղ երկակի կարծիք կա պնդել այն, որ ռուսական խաղաղապահ ուժերն ամբողջությամբ կատարել են իրենց պարտականությունները, սխալ կլինի, և ասել, որ ամբողջությամբ տապալել են, էլի սխալ կլինի։ Նրանք մասնակիորեն կատարել են իրենց դերը այն, որ այսօր Ղարաբաղն ամբողջությամբ նվաճված չէ Ադրբեջանի կողմից, որը վերջինիս համար բացարձակ դժվարություն չի ներկայացնում, դա հենց ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ է դա է ամենակրևորը։ Ադրբեջանը չի գրավել և հայերին այնտեղից չի արտաքսել միմիայն այն պատճառով, որ ռուսական զորքն այնտեղ կանգնած է։ Այս առումով գնահատելի է ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունն Արցախում։ Մյուս կողմից էլ, ռուս խաղաղապահները չկարողացան ապահովել Լաչինի միջանցքի ազատ արտատարածքային գործունեությունը, ինչպես որ նախատեսված էր նոյեմբերի 9-ի պայմանագրով։ Հենց միայն այ ն իրողությունը, որ Ադրբեջանն աօրինական անցակետ է տեղակայել Հաքարիի կամրջի մոտ, ապա կարելի է պնդել, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մի կարևոր դրույթ դադարել է գործելուց։

- Արցախում ներքաղաքական նոր դասավորությունները Ձեր կարծիքով  ինչպե՞ս  կարող են ազդել իրադարձությունների ընթացքի վրա, թե՞ դրանք ընդհանրապես գործոնային նշանակություն չունեին։

- Ես այստեղ դրանց  առավել մեծ նշանակություն չեմ կարող տալ, որովհետև առանց այդ էլ, պատերազմից հետո Արցախը կորցրել է իր դերակատարումը ինչպես հակամարտության կարգավորման գործընթացում որպես որոշակի կողմ, այնպես էլ կորցրել է չճանաչված պետությանը բնորոշ իր հատկանիշների մեծ մասը ինչու՞, որովհետև մինչև 2020 թ միջազգային ասպարեզում ԼՂՀ-ն Օսեթիայի, Աբխազիայի հետ համահավասար դիտվում էր որպես չճանաչված պետական կազմավորումներ, հիմա ԼՂՀ հանդեպ վերաբերմունքը փոխվել է։ Հենց սա է ամենակարևոր կորուստը, որի ֆոնին արդեն կարևոր չեն, թե Արցախում ո՞վ կլինի նախագահ, ի՞նչ ընտրություններ կլինեն, ո՞ր քաղաքական ուժը մեծամասնություն կկազմի օրենսդիրում և այլն։ Եթե նախկինում, օրինակ, բանակցային գործընթացի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելում էին Բաքու, Երևան, ապա Ստեփանակերտ, Արցախի իշխանություններին տեղյակ էին պահում բանակցությունների ընթացքի մասին, լսում նրանց կարծիքը, ապա այժմ դա չկա։ Այս առումով և՛ ներքաղաքական դասավորությունները, և՛ ընտրությունները Արցախում որևիցե ազդեցություն չեն կարող ունենալ Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների վրա։

-  Ինչպե՞ս եք տեսնում Արցախի և արցախահայության հետագա ճակատագիրը։

 - Անկեղծ ասած, անկախ այն մեծ դժգոհությունից, որ Հայաստանի և Արցախի հասարակական-քաղաքական շրջանակներում կա՝ ուղղված ռուսական խաղաղապահ ուժերին, ամեն դեպքում, ես գտնում եմ, որ թիվ մեկ և կարևոր խնդիրը, որ կա արցախահայության համար՝ ունենալ անվտանգության որոշակի միջավայր, կենսագործունեության որոշակի հիմք, Արցախում մնալու և չհեռանալու համար, այդ բոլորն ամեն դեպքում կապվում է ռուսական ռազմական ներկայության հետ։ Պատահական չէ, որ Ալիևն ու  Էրդողանն անընդհատ շեշտում են, որ իրենք չեն երկարաձգելու ռուսական ուժերի տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանավորվածությունը։ Էրդողանը նույնիսկ միջազգային բարձր ատյաններից հայտարարում է, որ 2025 թ ռուսներն ըստ պայմանավորվածության պետք է հեռանան։ Սա արվում է մի պարզ պատճառով, քանի որ գաղտնիք չէ, որ ռուսական ուժերի հեռանալուց հետո ՀՀ-ն իր վիճակի չի լինելու պաշտպանել արցախահայությանը, ապա վերջիններս հեռանալու են հենց ռուսական զորքերի հետևից և ըստ թուրք-ադրբեջանական կողմի, ինչքան շուտ ռուսական զորքը հեռանա Արցախից, այնքան շուտ Արցախը կհայաթափվի։ Արցախահայության ճակատագիրը դրական եմ տեսնում միայն այն առումով, որ ռուսական զորքը մնա այստեղ, որովհետև պատմությունը վկայում է, որ 300 տարի շարունակ ոչ մի ամերիկացի կամ եվրոպացի զինվոր չի եղել այս տարածաշրջանում՝ պաշտպանելու ասենք հայ ժողովրդի անվտանգությունը։ Միշտ եղել են խոստումներ՝ սկսած Բեռլինի կոնգրեսից, սակայն դրանց ավարտը եղել է 1915 թ ցեղասպանությունը։ ՀՀ իշխանությունները պետք է ոչ թե սրեն ՌԴ-ի հետ հարաբերությունները, այլ հայ-ռուսական հարաբերությունները պետք է տանեն այն հունով, որ հնարավոր լինի երկարաձգել ռուսական ռազմական ներկայությունն Արցախում։ Կարողացան դա անել՝ Արցախը կմնա հայկական, որի հիման վրա էլ հետագայում հնարավոր կլինի վերականգնել չճանաչված պետության կարգավիճակը կամ ավելին, գնալ պետական անկախության  այլ ձևերի։

Մարինե Գևորգյան